Մարդկանց հետ շփում

Մի չարացեք մարդկանց վրա

Երբևէ տեսե՞լ եք դուք ֆիլմերում, թե ինչպես է եռում լավան հրաբուխի հսկայական խառնարանում: Կրակի կարմիր շիթերը վեր ու վար են ցայտում, լավան անհանգիստ այս ու այն կողմ է վազում, կարծես պատրաստվում է սարսափելի ինչ-որ բանի: Երկար ժամանակ լավան այդպես կարող է եռալ, բայց մի օր այն դուրս է ժայթքում: Լավան իր ճանապարհին սրբում է ամեն ինչ, քանդում, այրում, մինչև որ սառում և կանգ է առնում: Բայց եթե այն չլիներ անշունչ և կարողանար ետ նայել, իր ետևում կտեսներ միայն ավերվածություններ: Չարացած մարդու ներսում իր «լավան» է եռում: Այդ լավան այրում է նրան ներսից, փայլում է նրա աչքերում: Լավան կամ զայրույթը երկար կարող են եռալ մարդու ներսում, մինչև մի օր դրանք չեն դիմանում և դուրս են ժայթքում: Եվ կրկին ավերվածություններ, վնասված հոգիներ, չարություն…

Երբեք մի պահեք չարությունը Ձեր մեջ, մի չարացեք ոչ ոքի վրա: Չարացած մարդն ինքն իրեն է ներսից այրում: Չարացած մարդը քանդում է, այլ ոչ թե ստեղծում: Չարացած մարդու աչքերում զայրույթն է վառվում և նա չի տեսնում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա իրականում: Մարեք Ձեր մեջ չարության կրակը: Նայեք մեր պարզ ու զուլալ Արարատին և նայեք նկարում պատկերված գորշ հրաբխին: Ո՞րն եք դուք նախընտրում, ո՞րը կուզեիք Ձեր ներսում լիներ:

Իսկ հիմա փիլիսոփայականից անցնենք ավելի պրակտիկին: Մեր շրջապատում հաճախ մարդիկ կարող են ինչ-որ բան անել, որից հետո մենք սկսում են նրանց ատել, անգամ նրանց տեսնելուց մեր մեջ զզվանք ու չարություն է ծնվում, նրանց կողքին մենք մեզ անհանգիստ ենք զգում: Ազատվե՛ք այդ ամենից: Չարությունը լուծում չէ: Եթե խնդիր կա, փորձեք լուծել այն պարզ ու մաքուր գիտակցությամբ` առանց դիմացինին ատելու: Կարող է լինել այնպես, որ ինչ-որ պահի դուք ինչ-որ մեկի հանդեպ չարանաք: Եթե դա լինում է և այդ պահին դուք չեք կարող ղեկավարել դա, ոչինչ, ինչ եղել է, արդեն եղել է: Բայց մի երկար պահեք դա Ձեր մեջ: Կես ժամ հետո զղջացեք, որ դուք մարդու վրա չարացած եք եղել և հասկացեք, որ պետք չէր այդպես անել: Այդպես դուք ժամանակի ընթացքում կսովորեք ոչ ոքի վրա չչարանալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»