« »

Փոխիր կյանքդ. գիրք երիտասարդների համար

Գիրք երիտասարդների համար

«Փոխիր կյանքդ» գիրքն արդեն մեկ ամիս է, ինչ վաճառքում է: Այդ ընթացքում լսել եմ տարբեր մեկնաբանություններ: Գիրքը կարդացել են և՛ մեծահասակներ և՛ երիտասարդներ: Թե ինչ կարծիքի են գրքի մասին երիտասարդները և արժանի է արդյոք այն իր վերնագրին, դրա մասին այստեղ չեմ խոսի, այլ կխնդրեմ մարդկանց, ովքեր կարդացել են գիրքը, թողնել իրենց մեկնաբանությունները: Իսկ այժմ ուզում եմ պատմել մի խոսակցության մասին, որն ունեցա հասուն, կյանք տեսած, փորձառու մի մարդու հետ: Գիրքը նրան դուր էր եկել: Այնքան էր դուր եկել, որ նա կասկածում էր` արդյոք ես եմ հեղինակը, իմ մտքերն են, թե ինչ-որ աղբյուրներից եմ վերցրել 🙂 Նա ասում էր, որ այնպիսի տպավորություն է, որ գիրքը գրել է 80-ամյա տարեց մի մարդ, ով արդեն կյանքի փորձ ունի: «Երբ կարդում ես գիրքը, այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը դու գիտես», – ասաց նա:

Լիովին համաձայն եմ: Այն մտքերը, որոնք գրված են գրքում, կարող եք հանդիպել հաջողության մասին գրող մի շարք հեղինակների գրքերում (այստեղ հիշեցի գրախանութներից մեկի աշխատակցուհու արձագանքը, երբ նա կարդաց գրքիս առաջին մի քանի էջը. «Սա Secret ֆիլմից չէ՞») 🙂 Չէր էլ կարող այդպես չլիներ, քանի որ «հաջողության սկզբունքները» ընդհանուր են: Տարբեր մարդիկ գրում են միևնույն բաների մասին` ամեն մեկն իր զգացածով, իր ապրածով և իր ներկայացմամբ: Դա նման է, ասենք, եթե մի քանի հոգի գրեն դեպի Արարատ լեռը իրենց ճանապարհորդության մասին: Ճանապարհը մեկն է, հետևաբար բոլոր պատմություններն էլ կլինեն միևնույն ճանապարհի մասին, բայց տարբեր մեկնաբանություններով և արկածներով: Այստեղ կարևոր է, թե ինչպես ես դու ներկայացնում, ինչպես ես փորձում մարդկանց էլ մի մասը դարձնել այդ ճանապարհորդության:

Այդպես երկար խոսում էինք և վերջում նա ասաց. «Գիրքն ավելի շատ նախատեսված է երիտասարդների համար: Ես մեծ տարիքի մարդ եմ, այդ ամենն ես արդեն անցել եմ, ինձ համար ուշ է ինչ-որ բան փոխել: Ես ունեմ կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը, իմ կարծիքը, դրականի ու բացասականի մասին իմ պատկերացումը: Այնպես որ, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ կասեն գրքիդ մասին երիտասարդները»: Ընդհանուր, ես նրա հետ համաձայն եմ, հաշվի առնելով նաև այն, որ այդ մարդը պապս էր: Գիրքն ավելի շատ նախատեսված է երիտասարդների համար. մարդկանց, ովքեր դեռ չեն «հղկվել» կյանքում և ում մոտ դեռ նոր է ձևավորվում կյանքի հանդեպ մտածելակերպը` գլոբալ մտածելակերպը: Իսկ այդ փուլում շատ բան է հնարավոր փոխել:

Իսկ թե ինչ կարող է տալ գիրքը հասուն տարիքի մարդկանց, կրկին չեմ մեկնաբանի: Պարզապես, երբ պապս կարդաց այն, մենք երկար ժամանակ խոսում էինք (այնքան, որքան չէինք խոսել երբեք): Նա սկսեց պատմել իր կյանքի մասին, հիշեց իր դժվարություններն ու հաջողությունները, հիշեց իր անցյալը, հիշեց, թե ինչպես էր գերազանց ընդունվել բժշկական համալսարան, հիշեց թե ինչպես էր ստացել քիմիայի քննությունը, հիշեց, թե ինչպես էր 20-ից ավելի տարիներ եղել Վազգեն 1-ին կաթողիկոսի անձնական բժիշկը և հիշեց, թե ինչպես էր այդ ամենին հասել ինքնուրույն: Ավելին գրքիցս ինձ պետք էլ չէր..

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


28 մեկնաբանություն

  1. Ես չեմ կարդացել այդ գիրքը, բայց անպայման կկարդամ:Ապրես Հրաչ ջան, որ նման մեծ աշխատանք ես տարել:Չեմ կարող ավել բան ասել գրքի վերաբերյալ, որովհետև դեռ չեմ կարդացել, իսկ կարդալուց հետո անպայման կմեկնաբանեմ:Արդեն ցանկությունը շատ մեծ է կարդալու…Հա իմիջայլոց online տարբերակ չկա այն կաևդալու:

  2. Կարդացել եմ գիրքը: Մեկ բառով եթե ասեմ` գերազանց է: Այն, ինչ զգում էի ընթերցանության ամբողջ ընթացքում, դա հպարտություն էր, որ հայերս արդեն արժեքներ ենք ստեղծում միմյանց համար, այսինքն գիրքն ստեղծված է հենց երիտասարդների մեջ առողջ դատողականություն սերմանելու համար:
    Ես գրելու շատ բան ունեմ գրքի մասին, և կգրեմ անպայման…

    Հրաչ ջան մեկնաբանություն չէի թողնում մինչ այսօր մի պատճառով միայն` շատ եմ ուզում մի արժանվույնս գրառում պատրաստել “Մոլորակում” և ապա նոր “համենալ” կարծիքների դաշտ:

    Կգրեմ ու կվերադառնամ անպայման: Յուրաքանչյուրն արժանի է` ունենալու “Փոխիր կյանքդ” գիրքը, կարդալու այն…ես կասեի` վերընթերցելու ամեն անգամ, երբ կորչում է մոտիվացիան:
    Շնորհակալություն Հրաչյա Մանուկյանին:

    • Հասմիկ ջան շնորհակալ եմ, նախ, որ ժամանակ ես գտել կարդալու համար: Եվ շատ ուրախ եմ, որ գիրքը դուր է եկել: Մեկս մյուսին մոտիվացնելը հիմա այն է, ինչը շատերիս այդքան պակասում է:

  3. Գրախանութի աշխատակցուհին ճիշտ է նկատել, նկատեցի ես ևս, որ հոդվածներն այնքան հոգեհարազատ են… դե իհարկե, դրանցից շատերը հաջողության բլոգում կարդացել եմ, դրական լիցքերով լցվել:

    Այս դեպքում հարց է առաջանում` այդ դեպքում ինչու ձեռք բերել գիրքը և կարդալ այն? Որովհետև գրքում հոդվածները տարամաբանական հերթականությամբ էին, ավելի ազդեցիկ ու մոտիվացնող: Որովհետև այս գիրքն այն հազվադեպ «դեպքերից էր», որտեղ պարզ ու հստակ գրված են հաջողության օրենքները հենց մեր ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ համար:

    Ես էլ եմ կարդացել արտասհմանյան հեղինակների` հաջողության, ինքնազարգացման մասին գրքեր, որոնք նույնպես, ինչ խեսք, արժեքավոր են, հետաքրքիր, կլանիչ. ԲԱՅՑ! «Փոխիր կյանքդ»-ը ՄԵՐՆ Է, ՀԱՅԿԱԿԱՆԸ, մեր մաքուր հայերեն լեզվով հստակ ու պարզ շարադրանքը` առանց ավելորդ չափազանցության, որևիցե մեկի հասցեին վիրավորանքի ու ամենակարևորը, ի տարբերություն այժմյան նման նյութերի, առանց մոգական ու ֆանտաստիկ «հրաշքների» մասին հեքիաթի: Եվ այդ ամենը համեմվում է հեղինակի` սեփական մաշկի վրա զգացած փոփոխությունների վերլուծությամբ:

    Եվ վերջում` մեծ հաճույքով գիրքը կնվիրեմ ինձ հարազատ մարդու… :)))

    • Հասմիկ ջան մերսի տպավորություններով մանրամասն կիսվելու համար 🙂 Այո, գիրքը հոդվածների հիման վրա է, ուղղակի բոլոր հոդվածները հեղինակային են, դուրս են մնացել այլ աղբյուրներից վերցված բոլոր նյութերը, և այդ ամենը կարգավորվել, բերվել է տրամաբանական տեսքի: Հետո գիրքն ամեն դեպքում ուրիշ է: Ես էլ եմ կարդացել հոդվածները :), բայց երբ գիրք ես բռնում ձեռքդ, լրիվ այլ զգացում է…

  4. Բարև Ձեզ, Հրաչ ջան: Ինչպե՞ս եք: Ես վերջին ամիսներին Երևանում չէի: Միայն վերջերս վերադարձա և կարողացա ձեռք բերել Ձեր «Փոխիր կյանքդ» գիրքը: Ուզում էի կարդալ այն ամբողջությամբ և հետո միայն հայտնել կարծիքս:
    Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գրքի հրապարակման առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ: Այն շատ օգտակար է հատկապես նոր կյանք մտնող երիտասարդների համար. նրանք ոգեշնչման ու ինքնաճանաչման կարիք ունեն, առանց որի չի հարթվի հաջողության ճանապարհը:
    Գիրքն ինձ հոգեհարազատ էր, քանի որ շատ հոդվածներ ես արդեն կարդացել էի բլոգում: Գրքում ներկայացված է այն ամենը, ինչը մենք ստանում ենք «Հաջողության բլոգ»-ից (ոգևորություն, դրական էներգիա, ձգտում… ):
    Երբ տեղեկացա Orange-ի գրքի մրցանակ 2012-ին, որոշեցի մասնակցել « Հեքիաթ» անվանակարգում: Մրցույթի համար ուղարկել եմ մի հեքիաթ:
    Ես երկար ժամանակ չէի կարող հոդված գրել բլոգի համար. պետք է ավարտին հասցնեի մի քանի գրական ստեղծագործություններ, որոնք իրենց ծավալով նման են վիպակի: Բավարարվում էի միայն բլոգի նոր հոդվածների ընթերցումով:
    Ինձ համար հոդված գրելը ստեղծագործելուս մի մասն է կազմում: Արդեն վերջացրել եմ մի ծավալուն լեգենդ և ուրախությամբ կշարունակեմ հոդվածներ ուղարկել բլոգին:

    • Բարև Ալլա ջան, շատ լավ, Դուք ոնց եք? Ուրախ եմ, որ վերադարձաք 🙂 Շնորհավորանքների համար մերսի, հա, գիրքը Ձեզ մեծ չափով պետք է ծանոթ լիներ:

      Շատ ուրախ եմ, որ շարունակում եք գրել, նոր գործեր եք պատրաստում, իսկ Orange-ի մրցույթում, դեռ մի քանի ամիս կա մինչև հաղթողներին որոշելը, ինչ հեքիաթ եք ուղարկել? իրենց կայքում տեղադրել են արդեն? լինքը 🙂

      • Հրաչ ջան, մրցույթի նախնական արդյունքներն ամփոփվելու են 2013թ. հունվարի 15-ին:
        Իմ գրած հեքիաթը պատմում է մի աղջկա մասին, ով երազում է հասնել հորիզոնին: Նա երկար ճանապարհ է անցնում, հանդիպում է բնության տարբեր երևույթների ու մարդկանց: Սակայն դեպի հորիզոն տանող ուղին այնքան հավերժական է, որքան ինքը բնությունը:
        Մի հատված հեքիաթից.
        Ժամացույցը խոսեց.
        – Քեզ ի՞նչն է հետաքրքրում իմ մեջ: Ինչու՞ ես այդպես նայում:
        Մարիան հարցրեց.
        – Քո սլաքների ընթացքին ի՞նչն է հաջորդում: Նրանք իրենց համաչափությամբ հավերժությու՞նն են պահում :
        – Իմ սլաքների շարժումը կյանքի ռիթմն է. – ասաց ժամացույցը, – Ամեն անգամ վաղն այսօր է դառնում, ու քո առջևում հայտնվում է հաջորդ օրը: Վաղվա օրվա գիտակցումը կյանքին է պատկանում, իսկ նրա եզերքը՝ մահվանը: Լավ է, որ վաղը միշտ առջևում է: Ամեն սկսվող օր մի նոր հորիզոն է, որը դու հաղթահարում ես: Երբ ավարտվի քեզ հատկացված ժամանակը, այլևս չես կարողանա հատել հաջորդ օրվա հորիզոնը: Իսկ, թե ինչպիսին կլինի վաղվա օրը, անորոշ է: Այլապես, գուցե դու բավարարվեիր միայն այս օրո՞վ: Այդ դեպքում ընտրովի կլիներ հաջորդ օրը:

  5. isk vortexic karox em gneel?

  6. Es girqe el chi vajarvum???????

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»