« »

Մարդու թաքնված թշնամիները

Թաքնված թշնամիներ

Մարդու կյանքում կան թշնամիներ, որոնք բացահայտ են և կան թշնամիներ, որոնք թաքնված են: Թշնամիներ ասելով միանգամից մի հասկացեք մարդկանց: Ընդհակառակը, դուք պետք է այնպես անեք, որ մարդ-թշնամիներ երբեք չունենաք, այսինքն պետք է ձգտեք մարդկանց հետ շփման նման կատարելության: Թշնամիներ կարող են լինել ոչ մարդիկ: Թշնամի կարող է լինել հիվանդությունը, աղքատությունը, միայնությունը, ժամանակը, երբ ուշանում եք, հոգնածությունը, երբ ճանապարհի կեսին եք, կամ քաղցը, երբ կարևոր գործնական հանդիպման եք: Այս բոլոր թշնամիները բացահայտ են, այսինքն դուք գիտեք, որ հիվանդ եք, աղքատ, միայնակ, հոգնած կամ քաղցած: Սակայն կան թշնամիներ, որոնք ձեր կյանքում կան, բայց դուք դրանց մասին չգիտեք: Ավելի շուտ միգուցե գիտեք, բայց չգիտեք, որ դրանք ձեր թշնամիներն են:

Ալարկոտություն: Ալարկոտության հետևանքները մարդիկ միանգամից չեն զգում: Դուք հետաձգում եք ձեր գործերը վաղվան, ունեք մտքեր, բայց ալարում եք իրականացնել, պետք է հանդիպեք ընկերոջը, բայց ալարում եք տանից դուրս գալ: Այս ամենը միանգամից ձեզ չի հարվածում, բայց երբ նայում եք դրան երկարաժամկետ տեսանկյունից, ալարկոտությունը ձեզ ուղղակի ջախջախում է:

Անպատասխանատվություն: Այս թշնամին նույնպես իրեն միանգամից ցույց չի տալիս: Դուք մտածում եք. «դե ի՞նչ կինի, եթե չզանգեմ, կմոռանանք, կանցնի, կգնա», կամ «ես կեղտոտել եմ, թող ուրիշը մաքրի», կամ «ինչո՞ւ ես խնդիրը լուծեմ, տամ թող դասընկերս լուծի»: Եթե վերցնեք այս դեպքերից յուրաքանչյուրն առանձին, դրանք դժվար թե ձեր կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենան: Բայց եթե այս ամենին նայեք երկարաժամկետ տեսանկյունից, կտեսնեք, որ անպատասխանատվությունը նույնպես ջախջախում է ձեզ: Ինչո՞ւ: Որովհետև դուք դառնում եք «ոչ պատասխանատու» մարդ, իսկ «ոչ պատասխանատու» մարդիկ անպատասխանատու են նաև իրենց կյանքի նկատմամբ:

Շոու: Երևի ձեզ հետաքրքրեց. ալարկոտությունն ու անպատասխանատվությունը դեռ հասկացանք, իսկ ի՞նչ կապ ունի շոուն… Փորձեմ բացատրել: Ինչ-որ մեկը մանկական մեծ խաղահրապարակ է բացում: Խաղահրապարակն այնքան հայտնի է դառնում, որ այս մարդուն սկսում են հրավիրել տարբեր տեղերից: Մի օր հրավիրում են թաղապետարան՝ շնորհակալություն հայտնելու, հաջորդ օրը դպրոց՝ աշակերտների առջև ելույթ ունենալու, հետո հրավիրում են տարբեր կենտրոններ, հեռուստաընկերություններ, հարցազրույցներ, ելույթներ, սեմինարներ, օօ՜օ ինչ պատիվ, փառք, ճանաչում, բայց… Բայց չէ՞ որ ընդամենը այդ մեկ խաղահրապարակը վերջնական նպատակը չէր: Կարելի էր տասնյակ նման խաղահրապարակներ կառուցել և փառքը վայելել այն ժամանակ, երբ նպատակն ամբողջովին իրականացված լիներ: Չէ՞ որ երբ դառնում ես ՇՈՈՒ-ի մի մասը, մոռանում ես իրական նպատակիդ մասին, շոուն շլացնում է, իսկ նպատակը մնում է չիրականացված: Համոզված եմ, որ շատերը, ովքեր կարող էին կյանքում ՄԵԾ մարդ դառնալ, մնացել են միջին, բայց մի քիչ հայտնի մարդ միայն այն պատճառով, որ նրանց գրավել է ՇՈՈՒ-ն:

Ահա մի քանի թաքնված թշնամիներ, որոնք ազդում են մեր կյանքի վրա: Այս թշնամիների ազդեցությունը երբեմն այնքան փոքր չափաբաժիններով է, որ մենք միանգամից չենք նկատում դա: Հենց այդ պատճառով է, որ թաքնված թշնամիները հաճախ ավելի վտանգավոր են, քան բացահայտները:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


7 մեկնաբանություն

  1. Շատ շնորհակալ եմ Հրաչ ջան, ես ամեն օր հետևում եմ Ձեր կայքին:

  2. Իրականում շատ մարդիկ ձգտում են շոույի, քանի որ դրա միջոցով կարելի է ճանաչում ձեռք բերել և այսպիսով, տեղում դոփում են այնքան ժամանակ, մինչև մոռանում են իրեն…

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»