Ժամանակի կառավարում

Թայմ մենեջմենթ

Երեկ ամբողջ օրը դիտում էի ձեռքիս տակ եղած “MBA Start” դասընթացի «Թայմ մենեջմենթ» բաժինը: Եվ որոշեցի ավելի լուրջ զբաղվել ժամանակի ղեկավարմամբ: Ժամանակի ղեկավարման լրջությունը միշտ էլ գիտակցել եմ ու դրա վրա միշտ էլ ուշադրություն դարձրել եմ: Սակայն գրառումների, նշումների ու վերլուծությունների տեսքով դրան դեռ չեմ անդրադարձել: Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցի ֆինանսների ղեկավարմամբ զբաղվել, թվում էր, թե դժվար է լինելու ու կեսից կիսատ եմ թողնելու: Սակայն շատ ուրախ եմ, որ կիսատ չթողեցի: Դա օրեկան ինձանից խլում է 5-10 րոպե, բայց այն վստահությունն ու ֆինանսական կյանքը ղեկավարելու հաճելի զգացողությունը, որն այդ պլանավորումը տալիս է, ինձ համար անգին է: Համոզված եմ, որ նույնը լինելու է ժամանակի ղեկավարման դեպքում: Պարզապես պետք է հասկանալ, որ ժամանակն այնքան անլուրջ բան չէ, որ թողնել այն կյանքի ու հանգամանքների հայեցողությանը: Ժամանակը հենց մեր կյանքն է. վերջացավ ժամանակը, վերջացավ կյանքը: Ինչպես տեսանյութում է ասվում` երբ մարդը 20 000 ռուբլի է կորցնում, նա խորը հոգեկան ապրումներ է ունենում: Սակայն երբ նա անտեղի 2 ժամ է կորցնում, դա նրա համար միևնույնն է: Բայց չէ՞ որ փողը կարելի է կրկին աշխատել, իսկ ժամանակը երբեք հետ չես բերի:

Ժամանակի ղեկավարման սկզբնական փուլն իրենից ներկայացնում է նշումներ օրվա ընթացքում, թե ինչի վրա եք ժամանակ ծախսում: Թվում է, թե անհավանական աշխատանք է, կամ կմոռանաս, կամ կհոգնես, մի խոսքով` չես կարող մինչև վերջ շարունակել: Բայց երբ հասկանում ես, որ խոսքը վերաբերվում է քո կյանքին, երբ գիտակցում ես, որ միգուցե կյանքիդ մի մասը վատնում ես անիմաստ, հասկանում ես, որ դա ամենաչնչին բանն է, որ կարող ես անել: Հետո մարդիկ սովորաբար թերահավատորեն են վերաբերվում ժամանակի ղեկավարմանը: Նրանց կարծիքով մարդը նմանվում է ռոբոտի. սա արա, նա արա, այս ժամին արա, այն ժամին արա, և այլն, և այլն: Սակայն հանճարեղ մարդիկ, հայտնի մարդիկ, մարդիկ, ովքեր կյանքում անհամեմատելի մեծ արդյունքների են հասել, հիմնականում ժամանակի ղեկավարմամբ զբաղվում են: Եվ հենց միայն դա արդեն բավական է, որ մեզ մտածելու տեղիք տա. չէ՞ որ այդ մարդիկ հիմար կամ ռոբոտ չեն:

Բացի այդ, իմ անկեղծ համոզմամբ, ժամանակի ղեկավարումը մարդուն ոչ թե սահմանափակում է, այլ հակառակը` ազատություն է տալիս: Դու հասկանում ես, թե ինչի վրա ես ավելորդ, անտեղի, աննպատակ ժամանակ ծախսում, կարողանում ես քեզ համար ժամանակային միջակայքեր ստեղծես, որտեղ կարող ես ավելի կարևոր ու օգտակար գործերով զբաղվել: Ուզո՞ւմ ես հանգստանալ. հանգստացիր: Պարզապես հասկացիր, թե ինչքան ժամանակ ես դու հանգստանում: Միգուցե օրեկան 3 ժամ հեռուստացույց ես դիտում, 3 ժամ ֆեյսբուքում ես անցկացնում, 1 ժամ զբոսնում ես, 1 ժամ էլ հեռախոսո՞վ խոսում: Այսինքն, կյանքիդ 1/3-րդն անց ես կացնում այդպես: Ավելի շուտ կյանքիդ կեսը, քանի որ մյուս 1/3-ը դու քնում ես: Միթե՞ դա հասկանալը սահմանափակում է:

Նույն տեսանյութում ասվում է, որ սովորաբար ժամանակը չպլանավորելու համար մարդկանց հիմնական պատճառաբանությունը հետևյալն է. «Ժամանակ չկա»: Եվ հենց միանգամից պատմում է մի պատմություն: Այդ պատմությունով ես կեզրափակեմ այս հոդվածը, սակայն մինչ այդ ասեմ, որ սա Թայմ մենեջմենթի ուղղակի ընդհանուր ներկայացումն էր. հնարավորություն, որպեսզի դուք էլ մտածեք այդ ուղղությամբ, իսկ ընթացքում կլինեն ավելի կոնկրետ հոդվածներ և խորհուրդներ, ինչպես նաև իմ փորձարկումների արդյունքները: Իսկ հիմա խոստացված պատմությունը:

Մի քանի օր գյուղացիները կողքի անտառից նույն ձայնն են լսում: Ասես ինչ-որ մեկն անընդհատ հարվածում է նույն տեղում: Մեկ օր, երկու օր, երեք օր… գյուղացիներն այլևս չեն դիմանում և որոշում են պարզել, թե ինչ ձայն է դա: Երբ գնում են անտառ, տեսնում են, որ դա իրենց գյուղացիներից մեկն է, ով կացինով հարվածում է ծառին և փորձում է կտրել այն: Նա հարվածում է, հարվածում, սակայն ծառը չի կտրվում, չէ՞ որ կացինը բութ է: Գյուղացիները հարցնում են նրան. «Ինչո՞ւ կացինդ չես սրում»: Եվ Ձեր կարծիքով ի՞նչ է պատասխանում գյուղացին… ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»