Արժեթղթեր

Ընկերության շուկայական կապիտալիզացիա. ի՞նչ է դա…

Եթե հետաքրքրվում եք արժեթղթերով կամ կարդում եք նորություններ միջազգային շուկաներից, ապա կարծում եմ բազմիցս լսած կլինեք «ընկերության շուկայական կապիտալիզացիա» կամ ռուսերեն “рыночная капитализация компании” արտահայտությունը:

Մինչև հասկանալը, թե ինչ է դա, եկեք հասկանանք, թե ընդհանրապես ինչպես են որոշում ինչ-որ ընկերության գինը: Անենք դա օրինակի օգնությամբ: Ենթադրենք կա տաքսի ծառայություն, որն ունի 10 մեքենա: Տաքսի ծառայությունն անվանենք «Սըքսես»: «Սըքսես» տաքսի ծառայության յուրաքանչյուր մեքենայի արժեքն է 3 մլն դրամ: Նաև ընկերությունն ունի գրասենյակ, որն իր գույքի հետ միասին գնահատվում է 20 մլն դրամ: Փաստորեն «Սըքսես» տաքսի ծառայության արժեքն է 50 մլն դրա՞մ:

Դժվար է ասել, քանի որ «Սըքսես» տաքսի ծառայությունն ունի նաև ընթացիկ վարկ: Մեքենաները գնելու համար նա ժամանակին վերցրել է 40 մլն դրամ վարկ, որից 15 մլնը դեռ մարած չէ: Այսինքն, «Սըքսես» տաքսի ծառայության արժեքն է 50-15 = 35 մլն դրա՞մ: Նույնպես վիճելի է, քանի որ տաքսի ծառայության տարեկան մաքուր շահույթը կազմում է 10 մլն դրամ և փաստորեն ընկերության գնորդը այդ գնով գնելու դեպքում 3,5 տարի անց կզրոյացնի իր ծախսերը և կսկսի շահույթ ստանալ: Դա շատ լավ հասկանում է նաև վաճառողը և իհարկե նա չի վաճառի ընկերությունն այդ գնով, այլ կվաճառի, օրինակ, 80 մլն դրամ:

Բացի այդ «Սըքսես» տաքսի ծառայությունը տարբերվում է այլ տաքսի ծառայություններից իր համբավով: Մարդիկ սիրում են տաքսի ծառայությունը, քանի որ նրա մեքենաները երբեք չեն ուշանում, վարորդները բարեհամբյուր են, իսկ մշտական հաճախորդներին զեղչեր են արվում: Այսինքն, «Սըքսես» անունը մարդկանց մոտ վստահություն է առաջացնում: Միգուցե դա է՞լ է ազդում ընկերության գնի վրա: Իհարկե ազդում է: Հայտնի ապրանքանիշը կարող է բարձրացնել ընկերության գինը մի քանի անգամ: Չէ՞ որ եթե Coca-Cola-ն սկսի արտադրել Coca-Cola ջինսեր, ամենայն հավանականությամբ դրանք կվաճառվեն նույն հաջողությամբ, որքան ընկերության ըմպելիքները, քանի որ Coca-Cola անունը մարդկանց մոտ հեղինակություն է վայելում:

Այդ դեպքում ինչպե՞ս որոշել ընկերության գինը, չէ որ դրա վրա ազդող գործոններն այդքան շատ են: Ընկերության գինը որոշելու հստակ բանաձև չկա: Ընկերությունը վաճառելիս հաշվի են առնվում բոլոր գործոնները: Դա նման է ցանկացած այլ ապրանք վաճառելուն: Օրինակ, դուք չեք կարող միանշանակ ասել, որ անձրևանոցի գինը 5$ է: Աֆրիկայում այն միգուցե լինի 2$, քանի որ այնտեղ անձրևներ չեն գալիս, իսկ Շրի Լանկայում, որտեղ տարվա մեծ մասն անձրևներ են լինում, այն արժենա 25$: Այսինքն, ապրանքի գնի վրա ազդեց մի գործոն, որն առաջին հայացքից նկատելի չէր և ինքն իրենով այն գին չունի: Նույնը կատարվում է նաև ընկերությունների դեպքում: Ընկերության գնի վրա ազդող գործոնները կարող են լինել բազմաթիվ՝ սկսած համաշխարհային ճգնաժամից վերջացրած ընկերության տնօրենի անձով:

Բայց չէ՞ որ ընդունված է, որ այդ բոլոր գործոնները հաշվի են առնում այն մարդիկ, ովքեր զբաղվում են ընկերության բաժնետոմսերի առք ու վաճառքով: Չէ՞ որ եթե ինչ-որ մեկն ունի բաժնետոմս, փաստացիորեն նա ունի այդ ընկերության մի մասը և այդ մի մասը վաճառելիս նա իհարկե կփորձի հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք ազդում են ընկերության գնի վրա: Մեկ, երկու, երեք, … տասնյակ մարդիկ միգուցե սխալվեն, քանի որ ոչ բոլորն ունեն անհրաժեշտ գիտելիքներ: Բայց բոլոր մարդիկ միաժամանակ հազվադեպ են սխալվում. շուկան հազվադեպ է սխալվում: Մարդիկ չեն կարող 5$-անոց բաժնետոմսը վաճառել 50$-ով, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի գնի: Գնորդներն էլ չեն կարող այն գնել 3$-ով, քանի որ այդ գնով ոչ ոք չի վաճառի:

Ընկերության բաժնետոմսերի գինը տվյալ պահին որոշում է շուկան, իսկ այդ շուկայում բացի հասարակ մարդկանցից ներգրավված են խոշոր ներդրումային կազմակերպություններ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք վերլուծում են այն ամենը, ինչը կարող է ազդել ընկերության բաժնետոմսերի գնի վրա: Եվ եթե այս պահին ընկերության բաժնետոմսերի գինը 5$ է, ուրեմն հենց այդ գնով են պատրաստ վաճառել մարդիկ իրենց բաժնետոմսերը և հենց այդ գնով են պատրաստ ձեռք բերել դրանք գնորդները: Իսկ ինչ է ապրանքի գինը, եթե ոչ այլ ինչ, քան այն գինը, որը պատրաստ են վճարել մարդիկ ապրանքի համար: Նույն ձև էլ որոշվում է ընկերության գինը: Դա այն գինն է, որը պատրաստ է վճարել գնորդը ընկերության համար: Իսկ բաժնետիրական ընկերության դեպքում գնորդը ոչ թե մեկն է, այլ հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը: Փաստորեն, ընկերության գինը կորոշվի նրա բոլոր բաժնետոմսերի գնով, այսինքն ընկերության բոլոր բաժնետոմսերի թիվը բազմապատկած մեկ բաժնետոմսի շուկայական գնով:

Վերջապես հասանք վերջին: Բաժնետիրական ընկերությունների դեպքում ավելի հաճախ կիրառվում է ոչ թե «գին», այլ «շուկայական կապիտալիզացիա» տերմինը, այսինքն այդ պահին ընկերության գնահատվող արժեքը շուկայում: Փաստորեն, շուկայական կապիտալիզացիան ընկերության բոլոր բաժնետոմսերի գինն է` դրանց քանակի և մեկ բաժնետոմսի շուկայական գնի արտադրյալը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»