Մտորումներ

Կյանքը` պարզ բաներում

Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մեկը, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները: Մենք պարզապես խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք:

Երեկ, ինչ-որ պահի, մոտս նման զգացում առաջացավ ու միանգամից գրեցի այս միտքը: Կյանքի խաղի կանոնները, թվում է, մենք հասկացել ենք: Բայց երբեմն էլ թվում է, որ մենք հասկացել ենք այն կանոնները, որոնք մեր հասկացողության սահմաններում են, բայց կյանքի իրական կանոններն ուրիշ են: Բայց եթե դրա մասին շատ մտածել, ուղեղը կարող է պայթել: Այդ պատճառով չենք խորանում կյանքի կանոնների մեջ ու շարունակում ենք ապրել 🙂

Ջուր: Մեկ բաժակ սառը ջուր, ծովի մաքուր, զուլալ ջուր, ջրի տակ երևացող ձկներ, ջրվեժի` շառաչյունով թափվող ջուր, լվացվելիս` ափերի մեջ առած ջուր, վերևից թափվող ջրի կաթիլներ, ցայտաղբյուրի վրա պարող ջրի շիթեր, ծովափին ոտքերիդ հարվածող ջրի ալիքներ, ջրի մեջ արտացոլված սպիտակ, մեծ ամպեր:

Օդ: Սենյակ ներթափանցած մաքուր օդ, սարերի, բնության սառը օդ, խորը շնչով կուլ տված օդ, քամու բերած, մեղմիկ փչող օդ, օդում պարող անհայտ մասնիկներ, արևի տակ թեժացած օդի ալիքներ, օդի անսպառ առատություն, օդի սթափեցնող թարմություն, օդի անվերջ տարածություն:

Ծառ: Կանաչ ծառ՝ բարձր, սաղարթախիտ, վեհ ու անհասանելի, փարթամ ծառ, լիքը տերևներ, տերևների խշշոց, ծառի տակ ստվեր, զովություն, աչքերի հանգստություն, հոգում հանգստություն, ծառի շոյանք, գուրգուրանք, ծառի պարզություն, ծառի անմեղություն, ծառի պարգևած օդի առատություն:

Մարդ: Բարի մարդ, երջանիկ մարդ, հաջողակ մարդ, մարդ ձգտող, մարդ հասնող, մարդ առանց հետին մտքերի, մարդ առանց ավելորդ խոսքերի, մարդ օգտակար, մարդ ստեղծագործ, մարդ սիրալիր, մարդ մարդասեր, ընկերասեր: Առողջ մարդ, ուժեղ մարդ, պայծառ մարդ, մարդ խելացի, մարդ հասկացող, մարդ գիտակցող, մարդ ժպիտով, մարդ կենդանի, մարդ ջուր խմող, մարդ օդ շնչող, մարդ ծառի տակ այս ամենի մասին խորհող:

Այսօր ինչ-որ փիլիսոփայական տրամադրություն էր 🙂 Վայելեք պարզ բաները, որպեսզի դրանց վրա կառուցեք բարդերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»