Ստարտափ

Կարևորը միտքը չէ, կարևորն իրականացումն է. 5 խորհուրդ ստարտափերներին

Վերջին մի քանի օրը YouTube-ով դիտում էի բոլոր հնարավոր տեսանյութերը ստարտափների մասին: Խոսքը գնում է այնպիսի ստարտափների մասին, որոնք ինչ-որ պահի մեծ ֆինանսավորում են ստանում Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում և վերածվում են մեծ ընկերությունների: Ուզում եմ ամփոփել այդ մի քանի օրվա ընթացքում զգացածս: Նախ, ինչպես հասկացա և դա մինչև այդ էլ ենթադրում էի, ստարտափների ֆինանսավորման և առաջմղման համար ամենահարմար տեղը ԱՄՆ-ն է, մասնավորապես Սիլիկոնյան հովիտը: Այնտեղ մարդիկ ուղղակի շնչում են ստեղծարարությամբ և ՏՏ բիզնեսով: Նայում էի պատմություններ ռուսական մի քանի ստարտափների մասին, որոնք ստեղծվել են Ռուսաստանում և տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ, որտեղ զարգանում են:

Մի քանի բան մեջս տպավորվեց:

Առաջինը. ինչ-որ մեկն ասում էր, որ հաճախ ստարտափ ստեղծողներին թվում է, որ ամենակարևորը գաղափարն է, բայց դա այդպես չէ: Գաղափարներ Սիլիկոնյան հովտում պտտվում են հազարներով: Գաղափարներ կարող են ունենալ բոլորը, նույնիսկ լավ գաղափարներ: Իսկական ստարտափը սկսվում է այդ գաղափարներն իրականություն դարձնելով և թիմ ստեղծելով: Այսինքն, եթե դու գնաս Սիլիկոնյան հովիտ, բազմաթիվ վենչուրային հիմնադրամներից մեկին փորձես ներկայացնել քո գաղափարը, նրանք միգուցե քեզ նույնիսկ չլսեն: Իսկ եթե գնաս թիմով, ներկայացնես արդեն կատարված աշխատանքի մի մասը, ներկայացնես նախագծի նախատիպը, ներկայացնես քո թիմը, ներկայացնես պահանջները, թե ինչի համար է քեզ գումար անհրաժեշտ, ապա շանսերը, որ լավ գաղափարի դեպքում քո ստարտափը ֆինանսավորում կստանա, շատ ավելի մեծ է: Այսինքն, գաղափարը քիչ է, պետք է ավելի առաջ գնալ, եթե ուզում ես լուրջ ստարտափ դառնալ:

Երկրորդ բանը, որ մեջս տպավորվեց այն է, որ Սիլիկոնյան հովտում լավ է 🙂 Իրոք, միջավայրը շատ կարևոր է: Եթե քո շուրջբոլորը մարդիկ ստեղծում են, մտածում, բիզնես են անում և դու շփվում ես նման մարդկանց հետ, դու կարծես քո ափսեում լինես: Այդպիսի միջավայրում նոր գաղափարներն էլ են ավելի հաճախ ծնվում, եղածներն էլ են ավելի լավ իրագործվում:

Երրորդ բանը, որ հասկացա, այն է, որ պետք է աշխատել միայն միջազգային ստարտափի վրա` անգլալեզու: Հավանականությունը, որ այդ ստարտափը կվերածվի միլիոնավոր դոլարների արժողությամբ նախագծի, շատ ավելի մեծ է:

Չորրորդ բանը, որ հասկացա, այն է, որ հիմնականում հաջողության են հասնում այն ստարտափները, որոնց նպատակը ոչ թե փող աշխատելն է, այլ մարդկանց ինչ-որ խնդիր լուծելը կամ աշխարհը փոխելը: Այսինքն, եթե դուք այնքան ոգևորված եք Ձեր գաղափարով, որ նույնիսկ իմանալով, որ մոտակա տարիներին այն Ձեզ գումար չի բերի, շարունակեք իրականացնել այն, ապա ավելի հավանական է, որ Ձեր ստարտափը հաջողության կհասնի:

Եվ վերջապես, հինգերորդը, ցանկացած ստարտափի մոտ գալիս է կրիտիկական մի կետ, որից հետո ստարտափը ստեղծողները սկսում են կասկածել իրենց ստարտափի վրա. կաշխատի այն արդյո՞ք, մարդկանց պետք կգա՞, արդյոք մարդկանց մեծ շրջան է վերցված, և այլն, և այլն: Հաջողության հիմնականում հասնում են նրանք, ովքեր հաղթահարում են այդ կրիտիկական կետը:

Վերջում միայն ավելացնեմ, որ հատկապես հիմա, բավական շատ են վենչուրային հիմնադրամներն ու անհատ ներդրողները, որոնք պատրաստ են ներդնել լավ թիմի մեջ, որն ունի լավ գաղափար: Նման հիմնադրամներ կան Ռուսաստանից մինչև ԱՄՆ: Պարզապես անհրաժեշտ է մինչև այդ մարդկանց հետ հանդիպելը, ինչ-որ բան ստեղծել, տեստավորել, թիմ կազմել, կոնկրետ բիզնես պլան մշակել ու առաջ Սիլիկոնյան հովիտ…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»