Անձնային աճ

Մրցույթի ամփոփում. ինչպես փոքրիկ տղան անցավ սարը

Նախ, ովքեր տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ հայտարարված էր փոքրիկ մրցույթ՝ շարունակել պատմությունը: Դրա մասին կարող եք կարդալ այստեղ: Իսկ այժմ կարդացեք հաղթող պատմությունը:

Սարից այս կողմ, սովորական մի ընտանիքում, մի փոքրիկ տղա էր ապրում: Ծնողները շատ էին սիրում նրան, խաղում էին նրա հետ, փայփայում, գուրգուրում: Փոքրիկ տղան տեսնում էր, թե ինչպես է հայրն ամեն օր գնում սարի մյուս կողմը և երեկոյան վերադառնում` իր հետ բերելով փայտ և ուտելիք: Փոքրիկ տղային հետաքրքիր էր, թե ինչ կա սարի մյուս կողմում: Բայց հայրը նրան խստորեն զգուշացրել էր` երբեք չփորձես հեռանալ տանից, հատկապես սարի կողմ: Բայց մի օր, երբ հայրը տանը չէր, մայրն էլ դուրսը լվացք էր անում, փոքրիկ տղան իրեն միայնակ զգաց: Նա որոշեց պարզել, թե ինչ կա սարի մյուս կողմում` ուր է հայրն ամեն օր գնում: Նա վերցրեց իր հետ երկու խնձոր, մի կտոր հաց, ձեռքի մի փայտ և ծածուկ հեռացավ տանից:

Նա գնում էր գնում, երբեմն հետ էր շրջվում, որպեսզի տեսնի` արդյոք չի գալիս մայրը իր ետևից, ապա կրկին, ուրախ առաջ էր շարժվում` իրեն մեծ զգալով: Երբ փոքրիկ տղան հասավ սարին, նա արդեն հոգնել էր: Նաև մթնում էր. հավանաբար հայրն արդեն հետ էր վերադարձել և հիմա իրեն էին փնտրում: Փոքրիկ տղան մի պահ վախեցավ: Մթություն, բոլորովին միայնակ, տանից հեռու, հեռվից լսվող ոռնոցներ ու վիթխարի մի սար: Նա փակեց աչքերը…

Նրա հոգում ամեն ինչ խառնվել էր իրար, նա վախենում էր ամեն ինչից` ձայներից, մթությունից, մենակությունից: Փոքրիկ տղան հիշեց մոր հեքիաթները, հեքիաթների հերոսներին, որոնք միշտ հաղթանակած էին դուրս գալիս բոլոր փորձություններից, հիշեց հայրիկի երգը քաջ զինվորի մասին, որին միշտ ցանկացել էր նմանվել: Հավաքեց իր բոլոր ուժերը, բացեց աչքերը, հանդիսավոր տեսք ընդունեց և մի քանի անգամ բարձրաձայն ասաց.
– Ես խոստանում եմ իմ սիրելի հերոսներին, որ չեմ վախենա և կբարձրանամ սարը, որ նրանք երբեք չնախատեն ինձ, երբ նորից հանդիպեմ նրանց իմ երազներում:

Փոքրիկ տղան խորը շունչ քաշեց, նայեց շուրջը, ինքն իրեն քաջալերելու համար բարձրաձայն սկսեց երգել հայրիկի երգը և սկսեց բարձրանալ սարն ի վեր ձգվող ճանապարհով:

Բավական ժամանակ անցավ, մինչ փոքրիկը բարձրացավ: Լուսինը վառ լուսավորում էր շրջակայքը: Սարից այն կողմ ձգվում էր լայնարձակ ու անտառապատ մի հովիտ, որը տեղ-տեղ հատված էր, իսկ բլրի կենտրոնում երևում էր մի մեծ շինություն…
Փոքրիկը հոգնածություն զգաց մարմնում, պառկեց տափակ մի քարի և շուտով քնեց:

Արթնացավ, երբ ինչ որ մեկը բարձրացնում էր իրեն: Հայրիկն էր` հուզված ու անհանգիստ դեմքով: Տղան ժպտաց հորը և մանկական անմեղությամբ ասաց.
– Հայրիկ գիտես ինչու են լինում հերոսներ, որովհետև նրանք չեն վախենում և հավատում են, որ կհաղթեն:
Հայրը ժպտաց, համբուրեց որդուն և ասաց.
-Գիտեմ որդիս, իսկ հիմա գնանք տուն, մայրիկը շատ է անհանգստանում:

Հ.Գ.
Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հեղինակներին՝ գեղեցիկ պատմությունների, հետաքրքիր սցենարների և իրենց ժամանակի համար: Կային առնվազն երեք-չորս պատմություններ, որոնցից շատ դժվար էր ընտրել հաղթողին (մեր կարծիքով): Կային պատմություններ, որոնց միտքը շատ լավն էր, պարզապես որպես պատմության շարունակություն, առանց փոփոխությունների, դա հնարավոր չէր տեղադրել: Ամեն դեպքում, կարծում եմ դուք հաճույք ստացաք ստեղծագործելուց: Իսկ Գայանեին շնորհավորում եմ հաղթանակի առթիվ և ուղարկում խոստացված փոքրիկ նվերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»