Հեղինակային առակներ

Անցորդն ու ժպտացող տղան

Անցորդը հոգնած վերադառնում էր տուն: Նա քայլում էր փողոցով, նրա դիմաց մարդիկ էին դուրս գալիս, ապա այդ մարդիկ անցնում էին նրան, իսկ նա շարունակում էր քայլել: Բայց նման մարդկանց անցորդը շատ էր տեսել, տեսնում էր նրանց ամեն օր` տուն վերադառնալիս: Բայց այդ օրը նա տեսավ մեկին, ով զարմացրեց իրեն: Նրա դիմացից, մոտ 50 մետր հեռավորությունից, մի տղա էր գալիս: Նա բարձրաձայն ծիծաղում էր, ապա ծիծաղը վերածվում էր ժպիտի, այդ ժպիտը նա փոխանցում էր պատահական անցորդներին, կարծես բարևում էր նրանց ցածրաձայն, և շարժվում էր առաջ: Տեսքից նա խենթ չէր, ոչ էլ հիմար, բայց ինչո՞ւ էր ծիծաղում:

Անցորդը սովոր չէր նման մարդ տեսնել փողոցում: «Երևի հետը ինչ-որ լավ բան է պատահել և նա չի կարողանում երջանկությունը թաքցնել» – մտածեց անցորդը, – «բայց տեսնես ի՞նչ է պատահել: Երևի լավ աշխատանք է գտել, կամ միգուցե ինչ-որ աղջկա է հանդիպել, կամ էլ ինչ-որ մրցանակ է շահել, կամ պարզապես հետաքրքիր տեղ է շտապում»: Այս ամենը անցորդը հասցրեց մտածել մի քանի վայրկյանում, քանի որ տղան մոտենում էր: «Հետաքրքիր է, միթե աշխարհում դեռ կան երջանիկ մարդիկ, ովքեր կարող են հենց այնպես ժպտալ», – շարունակեց մտածել անցորդը, – «Եվ ինչու բոլոր մարդիկ չեն այդպիսին, ինչո՞ւ ես չեմ այդպիսին»: Նա նայում էր տղային, որն ասես երջանկություն էր սփռում շրջապատում, և անտարբեր մարդկանց դեմքերին նույնպես ժպիտ էր հայտնվում: Վերջապես տղան հասավ նրան, անցավ նրանից, իսկ անցորդը շարունակում էր մտածել: «Իսկ ինչ, եթե նրա հետ ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես նա երջանիկ է: Միթե՞ չի կարող երջանիկ մարդը ժպտալ փողոցում, հենց այնպես, միթե՞ դրանով նա չի փոխանցում իր երջանկությունը ուրիշներին»: Այդ 50 մետրը, այդ 30 վայրկյանը, որ անցորդը նայում էր տղային, շատ բան փոխեցին նրա հայացքներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

  • Ես կարծես ճանաչում եմ “երջանիկ” անձնավորությանը…
    Դա մենք ենք, Հաջողության Բլոգի հեղինակներն ու ընթերցողները: Կարողանում ենք ժպտալ կյանքին ու մեր ժպիտն ուրիշներին փոխանցելը մեր առաքելությունն է, որը կատարում ենք սիրով

  • Իմ սիրելի, ''Հաճողության բլոգ'', որքան ծանոթ է ինձ այս իրավիճակը, շնորհակալ եմ, որ գրեցիք: Պարզապես կարդալուց ինձ հիշեցի ու ցանակացա էսպես, ուղղակի, կիսվել ձեզ հետ:)

  • Մարդիկ երբ դառնում են անտարբեր դու սկսում եմ ինքդ քեզ համար ուրախանալ , ինքդ քեզ հետ կսիվել ինքդ քեզ ժպտալ ու չգիտես ինչի մեկ մեկ իրանց թվումա թե դու գիժ ես կամ էլ …. մի խոսքով: Բայց դե խնդիրը քո մեջ չի այլ իրանց:((((((((((

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»