« »

Երջանկության գաղտնիքը

Մի մարդ մի օր իմանում է, որ Տիբեթյան լեռներից մեկում մի իմաստուն է ապրում, ով գիտի երջանկության գաղտնիքը: Այս մարդն ինքը երկար էր փնտրել երջանկությունը, տարբեր երկրներ էր այցելել, տարբեր մարդկանց էր հանդիպել, լսել էր նրանց «երջանկության գաղտնիքները», ինքն էլ իր կյանքի տասնյակ տարիների ընթացքում շատ բան էր փորձել, բայց այն ինչ խորհուրդ էին տալիս ուրիշները, իր դեպքում չէր գործում. նա դեռ երջանիկ չէր: Եվ ահա, վերջապես, նրա ականջին հասնում է այդ իմաստունի մասին լուրը, ով, ասում էին, երբեք չի սխալվում: Նա արագորեն պատրաստվում է ճանապարհորդության. ինքնաթիռի տոմս է գնում, շտապ հավաքում է իրերը, մի ճամպրուկ է կազմում և առաջ դեպի Տիբեթ…

Տիբեթ հասնելուն պես նա հասկանում է, որ կորցրել է ճամպրուկը: Իսկ դրա մեջ էր ամեն ինչ` շորերը, գումարը, հետադարձ տոմսը, փաստաթղթերը, անձնական այլ իրեր: Գրպանում եղած գումարով նա մի մարդ է վարձում, ով ուղեկցում է իրեն մինչև հյուրանոց: Դա հյուրանոց էլ դժվար էր անվանել. ծուռումուռ քարերից կառուցված երկհարկանի մի կառույց, որը ծածկված էր ծղոտե տանիքով: Բայց դա այն էր, ինչ այդ պահին նա կարող էր իրեն թույլ տալ:

Հաջորդ առավոտ նա դուրս է գալիս հյուրանոցից և սկսում հարցուփորձ անել տեղացիներին, թե որտեղ է բնակվում այն իմաստունը, ով գիտի երջանկության գաղտնիքը: Շատերը դրա մասին չէին էլ լսել, բայց վերջապես նա գտնում է մի կնոջ, ով մատնացույց է անում հեռավոր մի լեռ: Լե՞ռ: Երբ նայում ես այդպիսի վեհությանը, հասկանում ես, թե ինչ «փոքր» արարած է մարդը: Դրա գագաթը գտնվում էր ամպերից վերև, իսկ այն ինչ երևում էր` օրերով կարելի էր բարձրանալ: Բայց մարդը ոչ գումար ուներ ձի վարձելու համար, ոչ էլ ուղեկից: Եվ նա ճանապարհ է ընկնում ոտքով: Մի ամբողջ օր ու գիշեր է անցնում, մինչև նա տանջվելով հասնում է լեռան կեսին: Գիշերն անձրև է գալիս և նա ամբողջովին թրջվում է, նրա մոտ դող է սկսվում, իսկ ինչքան բարձրանում է, այնքան ավելի է ցրտում:

Վերջապես, հաջորդ օրը կեսօրին, նա կարծես հասնում է գագաթին: Հեռվից նա նկատում է այն քարանձավը, որտեղ պետք է որ բնակվեր իմաստունը: Վերջին ուժերով, հյուծված և սոված, առանց ետ վերադառնալու մասին պատկերացումների, նա մոտենում է քարանձավին և նրան դեմ դիմաց դուրս է գալիս ճաղատ մի ծերունի:

– Ես երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի իմանամ երջանկության գաղտնիքը, – տանջված, մի կերպ արտասանում է մարդը:
– Այն ա՛յս պահի մեջ է, – պատասխանում է իմաստունը:

Հ.Գ.
Երջանկությունը մեր ապրած յուրաքանչյուր պահի մեջ է:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


4 մեկնաբանություն

  1. Շատ շնորհակալ եմ, առավոտս սկսվեց իմաստալից խոսքերով ու այն զգացումով, որ երջանիկ եմ, որ ապրում եմ, հիմա ուզում եմ մի բան, իմաստավորել ու ապրել յուրաքանչյուր պահն իմ օրվա ասես սա իմ վերջին հնարավորությունն է ապրելու… Այս երգը հիշեցի http://www.youtube.com/watch?v=l7GOuXVobFk

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»