Արժեթղթեր

Google-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Հեղինակ՝ Harust Tga

Երեկ` հոկտեմբերի 18-ին, Google ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 755 դոլարից մինչև 695: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունն անսպասելիորեն հրապարակել է իր եկամուտների մասին քառամսյակային հաշվետվությունը: Ըստ դրա` ընկերության եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է $14.1 մլրդ, իսկ EPS-ը (մեկ բաժնետոմսին բաժին ընկնող եկամուտը)` $6,53: Այս թվերը վերլուծաբանների սպասվածից քիչ են եղել, ինչի հետևանքով էլ բաժնետոմսերի գնի կտրուկ անկում է գրանցվել:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման կտրուկ անկումներն ինչ-որ բան նշանակում են երկարաժամկետ տեսանկյունից: Պատասխանը թերևս բացասական է. Google-ի վիճակն ամուր է, ինչպես մեր լեռները 🙂 Ընկերությունը գնալով զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները, Google-ի սոցիալական ցանցը` Google+-ը, ավելացրել է իր ամերիկյան ակտիվ օգտատերերի քանակը` հասցնելով 12 մլն-ից մինչև 31 (ըստ compete.com-ի տվյալների):

Երեկվա անկումը լուրջ մտորումների տեղիք չի տալիս թեկուզ վերջին մի քանի ամիսներին նույն բաժնետոմսերի պահվածքը հաշվի առնելով: Oգոստոսի սկզբին դրանց գինը եղել է $610, իսկ փետրվարի 1-ին` $571: Հիշեցնեմ, որ վերջերս Google-ը շուկա է հանել իր Nexus 7 թաբլետը, որն ամերիկյան շուկայում վաճառվելու է $199-ով: Նաև հանրության ուշադրությանն է հանձնվել Google Chromebook-ը, որն ԱՄՆ-ում կարժենա $249:

Այնպես որ, ընկերության եկամուտը մյուս քառամսյակում հնարավոր է որ արդարացնի վերլուծաբանների կանխատեսումները և այդ պարագայում` Google-ի բաժնետոմսերի գինը նոր ռեկորդներ կգրանցի (բացառված չէ նաև 1000-ի հոգեբանական սահմանի հաղթահարումը): Ընդհանուր առմամբ` ես դրական եմ տրամադրված ընկերության ապագայի նկատմամբ: Դա պայմանավորված է նաև մեկ ամենակարևոր գործոնով՝ կառավարման որակով: Google-ի ղեկին կանգնած են նրա հիմնադիրները, որոնք բազմիցս ապացուցել են իրենց ընդունակությունները, նրանք երիտասարդ են, առույգ և կենսուրախ: Ղեկավարող եռյակի մեջ է նաև Էրիկ Շմիդտը, ով արդեն բավական մեծ է, բայց այժմ նա հիմնականում պատասխանատու է հասարակության հետ կապերի համար:

Ցանկացած ընկերություն վերլուծելիս ամենակարևոր նշանակությունը պետք է տալ մենեջմենթին: Եթե այն իսկապես լավն է, ապա ֆինանսական բարդությունները հաղթահարելի են, իսկ եթե ոչ, ապա ոչ մի շահույթ էլ չի կարող երկարաժամկետ հաջողության գրավական լինել:

Հեղինակի մասին

Harust Tga

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»