«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Պարզ ու անկեղծ զրույց

Հեղինակ՝ Marine Amiryan

– Ամեն ինչ վատ է:

– Իսկապե՞ս: Ինչպե՞ս կարող է ամեն ինչ վատ լինել: Ավելի կոնկրետ նշիր, թե ինչ նկատի ունես:

– Աշխատանք չունեմ, առողջությունս այնքան էլ ամուր չէ, ամուսնացած չեմ, դրամապանակս դատարկ է, ընկերներիս ամիսներով չեմ տեսնում…

– Հմմ… փորձիր գտնել այնպիսի լուսավոր կետեր, որ կան քո կյանքում:

– Ես… ազատ մարդ եմ, ստացել եմ բարձրագույն կրթություն, դեռ երիտասարդ եմ: Հետո՝ հրաշալի ծնողներ ունեմ, ովքեր դժվարին իրավիճակներում միշտ կողքիս են…

– Իսկ ինչո՞ւ չես աշխատում:

– Չգիտեմ, հավանաբար այնպիսի գործ չեմ գտնում, որ կարողանամ գիտելիքներս լիարժեք կիրառել, մասնագիտական աճի հեռանկար տեսնել և, ամենակարևորը, ընտրածս մասնագիտությամբ աշխատել:

– Փաստորեն ինքնագնահատականդ ցածր չէ. դա լավ է: Ասեցիր, որ ընկերներիդ հետ հազվադեպ ես հանդիպում, ինչո՞ւ:

– Ինչպե՞ս դատարկաձեռն գնամ հանդիպման: Առանց դրամի չեմ կարող հավաքույթներ կազմակերպել:

– Նաև՝ անքաղաքավարի ու աներես չես: Առողջության հետ կապված ի՞նչ խնդիրներ ունես:

– Ուշ եմ քնում, նյարդերս չեմ խնայում, չարաշահում եմ քաղցր և յուղոտ սնունդը, իմանալով, որ նստակյաց կյանքն ու ծխախոտը առողջ ապրելակերպի թշնամիներն են՝ չեմ հրաժարվում վատ սովորություններից:

– Հիանալի ինքնաքննադատություն, վատ չէ: Կարող էիր ամուսնանալ, չէ՞, բայց մերժել ես բոլոր առաջարկները:

– Այո, առանց սիրո չեմ ցանկանում ընտանիք կազմել, հետո՝ պիտի ընդհանուր հետաքրքրություններ լինեն, նաև՝ փոխադարձ հարգանք ու վստահություն:

– Բրավո, անպայման կհանդիպես նրան, ում փնտրում ես: Իսկ հիմա ի՞նչ ես պատրաստվում անել:

– Կփորձեմ այս իրավիճակից դուրս գալ: Ես ուժեղ մարդ եմ:

– Այդպես էլ կլինի: Երբ հաղթահարես խնդիրներդ և հաջողություն ունենաս, անպայման տեղեկացրու ինձ:

– Բարի:

Ինչ-որ ժամանակ անց:

– Ամեն ինչ շատ լավ է:

Իսկապե՞ս: Ինչպե՞ս կարող է ամեն ինչ լավ լինել: Ավելի կոնկրետ նշիր, թե ինչ նկատի ունես:

– Աշխատանք ունեմ, բարձր եկամուտ, նվիրված ամուսին, հրաշալի ընկերներ: Թողել եմ ծխելը, սպորտով եմ զբաղվում, լավ ինքնազգացողություն ունեմ և ամուր առողջություն:

– Իսկ ծնողնե՞րդ:

– Նրանք մահացել են:

– Ցավում եմ, ամուսինդ քեզ սիրո՞ւմ է, փոխադարձ հարգանք և վստահություն կա՞:

– Այո, միայն երեխա չունենք: Ամուսինս որոշ խնդիրներ ունի, բուժվում է: Շատ ենք ուզում երեխաներ ունենալ, բայց…

– Առանց երեխայի իսկապես ընտանիքն ամբողջական չի կարող լինել: Աշխատանքումդ ի՞նչ դրական առաջընթաց կա:

– Դե աշխատավարձս բարձր է, տնօրենս բարի ու ազնիվ մարդ է, աշխատակիցներիս հետ շփումը ընկերական է, բայց…

– Բա՞յց…

– Սա իմ երազած աշխատանքը չէ, մասնագիտությանս հետ կապ չունի:

– Ափսոս, իսկ ընկերներիդ հաճա՞խ ես տեսնում:

– Այո, միայն թե այն ժամանակ մեր հանդիպումներն ավելի ջերմ էին՝ խենթություններ էինք անում, հետաքրքիր հավաքույթներ կազմակերպում, այժմ մեր շփումը մի տեսակ ձևական է դարձել:

– Լավ չէ:

– Ինչո՞ւ է այդպես ստացվել, սխալվե՞լ եմ:

– Ոչ, պարզապես մի քանի ճանապարհներից ընտրել ես այս տարբերակը: Ճիշտ ու սխալ չկա, ինչ ճանապարհ էլ ընտրես, ինչ-որ բան կորցնելու ես: Ընտրության մի քանի  հնարավորություն էլ դեռ ունես: Կհանդիպենք…

Հեղինակի մասին

Marine Amiryan

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»