Հաջողակ ընկերություններ

Zynga. սոցիալական խաղերի առաջատարը

Հեղինակ՝ Harust Tga

Կարծում եմ` ձեզանից շատերը ծանոթ են Zynga ընկերությանը: Իսկ նրանց, ովքեր ծանոթ չեն, համառոտ ներկայացնեմ ընկերության պատմությունը:

Zynga-ն կազուալ խաղերի առաջատար ստեղծողն է: Երբ ասում են սոցիալական խաղեր՝ հասկանում են Zynga: Ձեզանից շատերը կարծում եմ խաղացել են Zynga-ի ամենահանրահայտ խաղերից մեկը՝ FarmVille-ը, Facebook սոցիալական ցանցում: Այո, Zynga-ն սերտ կապեր ունի Facebook-ի հետ: Այդ երկու ընկերությունների նմանությունը երևում է նույնիսկ նրանց հիմնական կարգախոսներում. Facebook` կապել աշխարհը սոցիալական ցանցի միջոցով, Zynga` կապել աշխարհը սոցիալական խաղերի միջոցով:

Ամենաառաջնային հարցերից մեկը, որ Ձեզ մոտ պետք է առաջանա, թե ինչ ծագում ունի այդ տարօրինակ անունը՝ Zynga: Պարզվում է, որ դա ընկերության հիմնադիր Մարկ Պինկուսի շան անունն է: Դե, նորմալ բան է, եթե մեր` հայերիս մոտ ընդունված է ՍՊԸ-ների անունները դնել հիմնադիրների անունների առաջին վանկերի միավորումից, Ամերիկայում էլ մարդիկ իրենց ընտանի կենդանիներին են անմահացնում:

Zynga-ն փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է ոչնչից հսկայական բիզնես ստեղծվել: Իհարկե, ոչինչ ասելով ես նկատի ունեմ նյութական մասը, քանի որ տվյալ պարագայում հաջողության հիմքում ընկած է բազմաթիվ մարդկանց տաղանդը, ինչի շնորհիվ էլ ստեղծել է այդ յուրահատուկ ընկերությունը, իսկ դա ոչինչ անվանել չի կարելի:

Zynga-ն հիմնադրվել է 2007թ-ի ապրիլին Մարկի և նրա մի քանի ընկերների կողմից: Ընկերության առաջին խաղը՝ Տեխասյան Պոկերը, լույս է տեսել 2007թ-ի հուլիսին, այնուհետև այն վերանվանվել է պարզապես Zynga Poker-ի: 2009թ-ի ապրիլին Zynga-ն դարձել է Facebook application-ների առաջատար ստեղծող` ամսեկան 40 միլիոն ակտիվ օգտատերերով: Իրականում, Zynga-ի վերելքը շարունակվեց մինչև այս տարվա սկզբերը, որից հետո նրա բաժնետոմսերի գինը սկսեց կտրուկ նվազել՝ ընկնելով մոտ $15-ից մինչև $2,31:

Այժմ բացատրեմ, թե ինչու ներդրողները միտված չեն գնելու Zynga-ի բաժնետոմսերը: Բանն այն է, որ Zynga-ն խիստ կապված է Facebook-ի հետ, իսկ Facebook-ն իր հերթին վստահություն չի ներշնչում ներդրողների շրջանում: Այստեղ հիմնական խնդիրը Facebook-ի օգտատերերի անցումն է սմարթֆոնների, ինչի պատճառով քչանում է գովազդից ստացված եկամուտը: Zynga-ի եկամտի աղբյուրը Facebook-ի միջոցով վաճառված վիրտուալ ապրանքներն են՝ կովեր, հավեր և այլն: Facebook-ը սեփական եկամտաբերությունը շատացնելու նպատակով զգալիորեն բարձրացրեց իր կողմից գանձվող միջնորդավճարները, ինչի պատճառով Zynga-ն զգալի կորուստներ ունեցավ:

Առայժմ այսքանը: Հետագայում մենք կրկին կանդրադառնանք Zynga-ին և կփորձենք հետևել նրա հետագա հաջողություններին և անհաջողություններին: Միայն հիշեք` առանց անհաջողությունների հաջողություն չի լինում:

Ուզում եմ ևս մեկ հետաքրքիր միտք արտահայտել: Ինչի՞ց է սկսվում մեծ, հզոր ընկերությունը: Լինում են դեպքեր, երբ ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի երեխա, խաղալով իր խաղալիքներով և դիտելով մուլտֆիլմեր, մտածում է, թե ինչ լավ կլիներ, եթե մուլտֆիլմերը դառնային խաղեր:

Հեղինակի մասին

Harust Tga

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»