«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Զսպել զգացմունքները, թե..

Մենք բոլորս զգացմունքային արարածներ ենք: Մենք կարող ենք ուրախանալ, ոգևորվել, երջանկությունից փայլել, կարող ենք նաև ափսոսալ, նյարդայնանալ, զայրույթը շրջապատի վրա թափել: Զգացմունքները մի բան են, որ շատ դժվար է ղեկավարել: Զգացմունքներով ենք մենք հաճախ արձագանքում շրջապատի ազդակներին, այլ ոչ թե բանականությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ զգացմունքները սովորաբար լինում են «տաք»: Այսինքն, դա լինում է պահի ազդեցության տակ, շատ արագ և ուղեղը հաճախ չի էլ հասցնում կողմնորոշվել: Լինում են նաև դեպքեր, երբ պահը զգացմունքային է և մենք պետք է ինչ-որ զգացմունք ցույց տանք, բայց մենք զսպում ենք: Իսկ միգուցե պետք չէր զսպե՞լ: Թե՞ պետք էր:

Եկեք զգացմունքները բաժանենք երկու խմբի` դրական և բացասական: Դրականը նրանք են, երբ մենք ինչ-որ լավ լուր ենք իմանում, կամ ինչ-որ մրցույթում ենք հաղթում, կամ լավ առաջարկ ենք ստանում: Այդ պահերին մեր սիրտը լցվում է ուրախությամբ, երբեմն սիրտը պատրաստ է նույնիսկ դուրս թռչել և այդ ամենն իհարկե երևում է մեր արտաքինից: Կան նաև բացասական զգացմունքներ, երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, կամ «կտրում են մեր ճանապարհը», կամ մենք վատ լուր ենք իմանում: Այդ պահերին մենք տխրում ենք, զայրանում, մեղադրում, երբեմն էլ նույնիսկ այդ վիճակներից «արյունը գլխներիս է խփում»:

Ես ինձ համար մի եզրակացության եմ եկել, թե երբ է պետք զգացմունքները զսպել, և երբ ոչ: Խոսքը իսկական զգացմունքների մասին է, այլ ոչ թե արհեստականորեն դրանք ցույց տալու: Երբ ուրիշների հետ ինչ-որ լավ բան է պատահում և դուք ուրախանում եք, այդ զգացմունքները պետք չէ զսպել: Թող դիմացինը տեսնի ձեր ոգևորությունը, իրեն լավ զգա, դրանից ավելի ուրախանա: Երբ լավ բան է պատահում ձեզ հետ, միշտ չէ, որ այդ զգացմունքները պետք է «դուրս նետել»՝ կախված թե ինչ շրջապատում եք դուք գտնվում: Որքան էլ այդ պահին դուք ուրախ լինեք, դիմացինը միգուցե իր հոգսերն ու մտածմունքներն ունի և այդ պահին պատրաստ չէ ձեր ուրախությունը ձեզ հետ կիսելու: Եվ վերջապես, փորձեք հնարավորինս զսպել այն զգացմունքները, որոնք բացասական են՝ գոռալ, զայրանալ, մեղադրել, հերյուրել և այլն: Այդ զգացմունքները, ճիշտ է, այդ պահին արդարացված են թվում, բայց քանի որ հիմնականում լինում են «տաք վիճակում», դրանց բացասական ազդեցությունը երևում է ավելի ուշ: Նման զգացմունքները միգուցե այդ պահին հանգստացնում են մարդու հոգին, բայց ընդհանուր առմամբ՝ դրանք միայն վատ ազդեցություն են ունենում, երկուստեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Իսկ ես կարծում եմ, որ մարդիկ պետք է բնական լինեն: Կան մարդիկ ովքեր ավելիի զգացմունքային են, իսկ կան մարդիկ, որոնց մոտ գերակշռում է բանականը: Ու պետք է պարզապես մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք: Զգացմունքային մարդու համար զգացմունքները թաքցնելը (թեկուզև բացասական), կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան դրանք ցույց տալու հետևանքվ առաջացածները:

    • Ալբերտ ջան համաձայն եմ, պետք է բնական լինել, բայց լինում է չէ, որ մարդուն ուզում ես օրինակ ասես “ինչ լավն ես” կամ “ինչ հիմարն ես”, բայց չես ասում դա, չես կարող դեմքին ասել, չնայած զգում ես դա, այդ իմաստով ավելի շատ պետք է հասկանալ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»