Հեղինակային առակներ

Մի վախեցեք ցանկություններից. առակ

Անտոնը մանկուց մի ցանկություն ուներ: Նա երազում էր, որ երբ մեծանար, սեփական ձմեռային այգին ունենար, որտեղ կլինեին բույսեր ու ծառեր աշխարհի տարբեր անկյուններից: Նա պատկերացնում էր արևադարձային, էկզոտիկ ծառեր իր այգում, նաև եղևնիներ, հեռավոր ջունգլիներից բերված բույսեր, ծաղիկներ` հովտաշուշան, կակաչ, վարդեր, անկյունում աճող կակտուսներ և այլն: Երբ այդ ամենը պատկերացնում էր, Անտոնը դեռ 7 տարեկան էր: Նա իր երազանքների մասին պատմում էր ընկերներին: Ընկերները լուրջ չէին վերաբերվում Անտոնի ցանկություններին: «Դե որ մեծանաս, ավելի լավ է այգեպան դառնաս», – կատակում էին նրանք, – «այդ ժամանակ բույսերին ավելի մոտ կլինես (ծիծաղում էին)»: Անտոնը նեղացած վազում էր տուն և այդ մասին պատմում ծնողներին: «Անտոն, սիրելիս, որ մեծանաս, ավելի լավ է բժիշկ դառնաս», – ասում էր մայրը, – «կամ էլ ուսուցիչ, մարդկանց շատ կօգնես»: Անտոնը խելոք լսում էր մորը, գլխով անում և վազում բակ խաղալու:

Անցան տարիներ: Մի օր աշակերտների ինչ-որ խումբ էքսկուրսիայի էր ժամանել հանրահայտ ձմեռային այգի: Ասում էին, որ այգին ամենամեծն է երկրում եղածներից: Այնտեղ հանդիպում էին արևելքն ու արևմուտքը, վայրին ու ընտանին, մանր ծաղիկներն ու բարձր ծառերը: Այգուն անընդհատ հետևում էր 30 հոգանոց անձնակազմը, ամեն մի ծիլ առանձին ուշադրության էր արժանանում: Այգին լավագույն վայրերից էր տուրիստների համար: Տարեկան հազարավոր տուրիստներ էին ժամանում միայն հրաշք այգին տեսնելու համար: Ասում էին, որ այգու սեփականատերը մեծահարուստ մի մարդ է, ով իր տունը նույնպես զարդարել է նման յուրահատուկ բույսերով, որոնք նույնիսկ այգում չկան:

Վերադառնանք աշակերտներին: Նրանք հիացած քայլում էին այգու արահետներով և զարմացած նայում ծառերին, որոնք առաջին անգամ էին տեսնում: Ինչպես էր հնարավոր այդքան տարբեր բույսերը հավաքել մեկ վայրում, միևնույն տանիքի տակ: Այգու տարածքը հսկվում էր տեսախցիկներով: Դրանցից մեկը ֆիքսեց, թե ինչպես աշակերտներից մեկը մոտեցավ մի հին, փայտե ցուցատախտակի, ձեռքով մի կողմ քաշեց դրա վրա աճած բույսերը և սկսեց ուշադիր նայել: Որոշ ժամանակ անց հեռվից լսվեց ուսուցիչներից մեկի ձայնը. «Վազիր, տղաս, արդեն գնում ենք, բոլորը քեզ են սպասում»: Աշակերտը պտտվեց ու վազեց, մտքում պահելով այն, ինչ գրված էր ցուցատախտակին. «Երբեք մի վախեցեք ձեր ցանկություններից»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

  • Անցած տարի օրը սկսվում էր վաղ առավոտյան 6:30 հաջողության բլոգում, երբ,իմանալով մոտավոր նոր հոդվածների ժամը, սպասում էի Հրաչի գրառումներին, այնուհետև հեղինակներով և ընթերցողներով քննարկում էինք այն… անցել է մեկ տարուց ավելի, որոնք ինձ համար լի են եղել ավելի շատ հաջողություններով, քան ձախորդություններով… ու այդ ամենի համար շնորհակալ եմ Ձեզնից, և ցանկանում են՝ վերադառնա հաջողության բլոգը 🙂
    ցանկությունններից վախենալ պետք չէ, պարզապես պետք է համախոհներ գտնել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»