« »

Հաջողության գաղտնիքը

Հաջողության գաղտնիքը

Հեռուստատեսային երկար սպասված հաղորդում էր ուղիղ եթերում: Հրավիրված էին երեք գերհաջողակ մարդիկ՝ երկրի ամենահաջողակ գործարարը, ով գտնվում էր Forbes-ի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում, միջազգային հանրահայտ երգիչ՝ միլիոնների կուռքը, ում ձայնասկավառակները վաճառվում էին վայրկենական, և նոր տեխնոլոգիաների դարում իր բազմաթիվ գյուտերով հայտնի գիտնական, ով ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ կարողացել էր իր գյուտերը վերածել անձնական կարողության միլիոնավոր դոլարների: Հեռուստահաղորդման նշանաբանն էր՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ: Եվ հենց դա էլ պլանավորված էր հասկանալ. հաջողության գաղտնիքը, որը միավորել էր այս երեք մարդկանց: Միլիոնավոր մարդիկ հեռուստաէկրանների առջև անհամբեր սպասում էին հաղորդման սկզբին: Շատերը կարծում էին, որ այն, ինչ լինելու է հաղորդման 60 րոպեների ընթացքում, փոխելու է իրենց կյանքն ամբողջությամբ:

Առաջին 20 րոպեների ընթացքում ողջունելուց և որոշ ընդհանուր հարցեր տալուց հետո հաղորդավարը տալիս է գլխավոր հարցը. «Եթե Դուք հնարավորություն ունենայիք նշել միայն ամենագլխավորը՝ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը»: Սրահում լռություն է: Բոլորը շունչները պահած սպասում են:

– Սխալները, – լռությունը խախտում է գործարարը, – բազմաթիվ սխալները, որոնք ես թույլ եմ տվել կյանքում: Եթե չլինեին այդ սխալները, ես չէի հասկանա, թե ինչումն է իմ առաքելությունը, ինչն է ինձ մոտ ամենից լավ ստացվում:

– Վախը, – շարունակում է երգիչը, – վախը, որ ես չեմ ապրելու այնպես, ինչպես ուզում եմ: Ամեն վայրկյան այդ մասին մտածելիս այնքան էի զգոնանում, որ ուժերս եռապատկվում, քառապատկվում էին: Եթե չլիներ այդ վախը, ես ինձ «սեփական ափսեում» կզգայի՝ հանգիստ ու ապահով, և այդ ժամանակ՝ միգուցե ոչինչ էլ չլիներ:

– Ինքնակրթումը, – լրացնում է գիտնականը, – երբ ես ազատ էի լինում, ես անընդհատ ինչ-որ բան էի ուսումնասիրում, գրքեր էի կարդում, սխեմաներ էի կառուցում, նկուղում մի փոքրիկ լաբորատորիա է սարքավորել, որտեղ փորձում էի սովորածս: Ես գիտեի, որ եթե անընդհատ սովորեմ, ապա արդյունքներն ուշ թե շուտ կերևան: Գիտելիքը չի կարող պարզապես կորչել:

Հաղորդավարը փոքր ինչ շփոթված էր:

– Բայց… չէ՞ որ բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ ունեն վախեր և ինքնակրթությամբ բոլորն էլ զբաղվում են, – զարմանում է նա, – այդ դեպքում ինչու բոլորը նման արդյունքների չեն հասնում:

– Իրականում այդպես չէ, – պատասխանում է գիտնականը, – մարդիկ չափից շատ են խուսափում սխալներից: Նրանք չեն փորձում նորը, միայն որպեսզի չսխալվեն: Սակայն չփորձելով նորը՝ նրանք չեն կարող գտնել իրենց տեղը կյանքում: Մարդիկ նաև վախենում են` վախենում են լինել աղքատ, հիվանդ, անօգնական, վախենում են, որ չեն կարողանա արժանվույնս մեծացնել իրենց երեխաներին, բայց չեն օգտագործում այդ վախը ճիշտ նպատակների համար: Նրանք չեն օգտագործում այդ վախն ավելիին հասնելու և ավելին անելու համար, իսկ ինքնակրթվե՞լը… մարդկանց մեծ մասը հասուն տարիքում միայն աշխատում է: Կարծում եք աշխատանքը ինքնակրթվե՞լ է: Ինքնակրթվելն այն է, ինչը հաջողվում է անել աշխատանքից դուրս:

– Փաստորեն, եթե ամփոփենք մեր հաղորդումը, – եզրափակում է հաղորդավարը, – կարող ենք ասել՝ մի վախեցեք սխալներ թույլ տալուց, օգտագործեք ձեր վախերն ի օգուտ ձեզ և շատ ինքնակրթվե՞ք:

Այո՛, – պատասխանում են միաձայն:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


8 մեկնաբանություն

  1. Հաջողակ կարող ենք լինել բոլորս… 🙂
    Եվս մեկ ոգեշնչող նյութ Հրաչից,, մերսի 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»