Մարդկանց հետ շփում

Հանդուրժող եղեք

«Ես միամիտ չեմ», — ասաց մեկը, «ինձ չեն կարող պտտեցնել», — շարունակեց մյուսը, «մարդիկ պետք է իրենց տեղն իմանան», — ավելացրեց վերջինը: Ինչո՞ւ որոշ մարդիկ կարծես անընդհատ պայքարի մեջ լինեն: Պայքարը տեղի չի ունենում կոնկրետ դաշտերում, այն գիտակցության մեջ է, հետևաբար ամենուր, առօրյայում: «Թշնամին» ամենուր է` պետք է հարձակվել, պետք է պաշտպանվել: «Ինձ ուզում են խաբել, ինձ ուզում են տապալել, ինձ նախանձում են, ինձ ատում են, ինձ մեջքից կխփեն»: «Ես թույլ չեմ, եթե զիջեմ, էլի կանեն»: «Հանդուրժե՞լ: Իմ նյարդերի հաշվի՞ն հանդուրժեմ»: «Ինչ հիմարն են ուրիշները, ես ամենախելոքն եմ, ես ամենաճիշտն եմ»: «Օօօ, ինչ ծիծաղելի է, իրենց կողքից չեն տեսել, հա՜ հա՜ հա՜ հա՜»:

Նույնիսկ ցավալի է նման արտահայտություններ գրել, որովհետև գրում ես ու ինչ-որ թուլություն ես զգում: Բայց գրել պետք է, որպեսզի միտքը փոխանցել: Ուրիշների հանդեպ հանդուրժող լինելը զոհեր է պահանջում, զոհեր ձեզանից: Եթե պատրաստ եք այդ զոհողությանը գնալ, կլինեք ավելի մարդկային, ավելի բարի, ավելի «հասկանալի» մարդկանց կողմից, ավելի «ընդունելի»: Դժվար է մտնել ուրիշի մաշկի մեջ և տեսնել իրավիճակը նրա աչքերով, երբ բնությունն ասում է` «պաշտպանիր ինքդ քեզ», «քեզ վտանգ է սպառնում», «քո մասին մտածիր»: Այո, դա բնազդն է թելադրում, բայց դա պետք է հաղթահարել: Հիշեք` եթե ինչ-որ բան տեղի է ունենում ՊԱՐԲԵՐԱԲԱՐ և դա ազդում է ձեր հոգեկան հանգստության վրա, դա պետք է փոխել: Փոխել չի նշանակում պայքարել, հարձակվել, վիրավորել, փոխել նշանակում է տեսնել իրավիճակը երկու կողմերից և քայլեր ձեռնարկել, որոնք «հասկանալի» կլինեն երկուստեք: Սակայն այն, ինչը հիմնականում մարդիկ չեն հանդուրժում, չի լինում պարբերաբար: Փողոցում մեկը ձեզ բախվեց, վաճառողուհին խանութում մի փոքր կոպիտ խոսեց, գործընկերն իրեն ձեր սպասվածի պես չպահեց` սրանք դեպքեր են, որոնք երբեմն պատահում են բոլորի հետ: ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ: Հիշեք` ձեզ չեն կարող խաբել, քանի դուք ձեզ խաբված չեք զգում, ձեզ չեն կարող վիրավորել, քանի դուք ձեզ վիրավորված չեք զգում, դուք միամիտ չեք, քանի ձեզ չեք զգում այդպիսին, դուք ԶՈՀ ՉԵՔ, քանի ձեզ չեք զգում այդպիսին: Դուք պարզապես զիջում եք այլ մարդկանց, իսկ դա թուլություն չէ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»