Մտորումներ

Թաքնված երազանքների մասին

Բոլոր մարդիկ ունեն թաքնված երազանքներ: Ես նույնպես բացառություն չեմ: Այսօր որոշեցի մի փոքր խոսել դրանց մասին: Նաև հետաքրքիր կլինի տարիներ անց կարդալ այս գրառումը, երբ դրանք իրականացած լինեն: 🙂 Իրականում երազանք ասելով հասկանում ես անիրականանալի, գրեթե անհնար ինչ-որ բան: Սակայն կյանքիս փոքր փորձով արդեն հասցրել եմ համոզվել, որ երազանքներն ինչ-որ պահի դառնում են ցանկություն, միգուցե մեծ ցանկություն, բայց արդեն ավելի մոտ, ավելի հասանելի ինչ-որ բան, եթե անընդհատ ձգտում ես դրանց և քայլեր ես ձեռնարկում:

Երբ գործով զբաղված չեմ լինում, ես սիրում եմ պատկերացնել: Պատկերացնելուց հեշտ բան թվում է չկա, բայց հաճախ պատկերացումներից է սկսվում ամեն ինչ: Երբեմն ես պատկերացնում եմ մեծ դահլիճ, որը լի է հանդիսատեսով: Մոտիվացիոն երեկո է սպասվում: Ինչ-որ հայտնի, շատ հաջողակ մարդ է ժամանել Հայաստան, որպեսզի իր կյանքի փորձով կիսվի երիտասարդ սերնդի հետ: Եթե ավելի անկեղծ լինեմ, դահլիճը կարծում եմ Մոսկվա կինոթատրոնն է, իսկ հաջողակ մարդը` մեր հայրենակիցը` Քըրք Քըրքորյանը: Երբեմն նաև տարբեր այլ մարդկանց ելույթներն եմ պատկերացնում, օրինակ Ռիչարդ Բրենսոնի, կամ … անունները հերթով չթվարկեմ, նրանց կարծում եմ գիտեն բոլորը: Նրանց են պատկանում այսօրվա ինտերնետ հսկաները, նրանք ստեղծել են աշխարհի ամենահայտնի բրենդները, նրանք կարողանում են իրենց մեկ խոսքով տատանել միջազգային արժույթների գները, մի խոսքով… նրանք մարդիկ են, ում կյանքի պատմությունները մենք այսօր մեջբերում ենք:

Իմ մեծ ցանկությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ կենդանի ելույթ ունենան մեր առջև՝ այստեղ, Հայաստանում: Լեփ-լեցուն դահլիճներ, ոգեշնչված մարդիկ, փոխված ճակատագրեր, անսահման էներգիա` այս ամենն իրոք շատերի կյանքը կարող է փոխել: Համոզված եմ, որ դա անպայման կիրականանա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»