Հաջողության գաղտնիքներ

Ընտանիքի դերը հաջողության հասնելու գործում

Ես մի բան եմ շատ լավ հասկացել` կյանքում հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունն ունի այն մարդը, ում ընտանիքն աջակցում է իրեն: Աջակցում է ոչ թե նյութապես, այլ ընդունում ու հասկանում է այն, թե ինչով է նա զբաղվում, ոգևորում է նրան, ազատություն է տալիս: Կա բնազդային մի երևույթ, որ ծնողը միշտ ուզում է պաշտպանել իր երեխաներին, այնպես ինչպես տատը թոռներին, ամուսինը կնոջը և հակառակը: Երբ պաշտպանելու այդ ձգտումը չի սահմանափակում մարդուն, դա գերազանց է: Այդ դեպքում կա սիրող ընտանիք, որտեղ բոլորը հոգ են տանում իրար մասին, աջակցում են իրար և չեն խանգարում իրար առաջընթացին: Սակայն լինում են դեպքեր, երբ հարազատին պաշտպանելու բնազդը չի թողնում նրան ինքնաարտահայտվել, «բացվել», դրսևորվել, կայանալ:

Ցանկացած մարդ ունի ներքին մեծ պոտենցիալ: Թե ինչպես կդրսևորվի այդ պոտենցիալը, կախված է նաև նրանից, թե ինչպես կազդեն նրա վրա այն մարդիկ, ում հետ նա ապրում է: Եթե տղան գալիս է տուն և ասում հորը. «Ես ուզում եմ խանութ բացել» և հայրը պատասխանում է. «Շատ լավ տղաս, համոզված եմ որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, դու միշտ էլ խելացի ես եղել, ես քեզ ցանկացած բանով կօգնեմ, միայն թե սկզբում ուսումնասիրիր այս այս այս բաները, որոնք քեզ միգուցե պետք գան», ապա շատ հավանական է, որ տարիներ անց տղան դառնա հաջողակ գործարար: Սակայն, եթե հայրը պատասխանում է «Տղաս, քո ինչ խելքի բանն է խանութ բացելը, դու ավելի լավ է քո մասնագիտությամբ զբաղվիր, չես հիշում, թե ինչպես հարևան Սարգիսը խանութ բացեց ու տապալվեց, քեզ մոտ ոչինչ չի ստացվի, դու դեռ շատ տեղ ունես աճելու», ապա շատ հավանական է, որ այդ պահին «վախճանվեց» ևս մեկ հայտնի գործարար:

Նույնիսկ, եթե վերջին դեպքում հոր ասածը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ, եթե հայրը հասկանում է բիզնեսից, այլ ոչ թե լսած խոսակցությունների հիման վրա է խորհուրդ տալիս, այդ դեպքում նույնպես չի կարելի նման կերպ արտահայտվել: Դա «կոտրում է» որդուն, գցում է նրա ինքնագնահատականը, իսկ դա ազդում է նրա հետագա ողջ կյանքի վրա: Իրոք, կան շատ ընտանիքներ, որոնցում անդամները լրացնում են իրար: Օրինակ, ես մի ընկեր ունեմ, ով դեռ 26-27 տարեկանը չլրացած ինքնուրույն տուն ու մեքենաներ էր գնում-վաճառում: Կարծում եք դա հեշտ կլիներ, եթե չլիներ ընտանիքի ըմբռնումն ու աջակցությունը: Պատկերացրեք 25 տարեկան տղան Հայաստանում գալիս է տուն և ասում. «Որոշել եմ Զեյթունում բնակարան գնել, հետո գները կթանկանան, թանկ կվաճառեմ»: Եվ ինչ եք կարծում, ինչպիսին կլիներ արձագանքը դեպքերի 90%-ում: Ծնողները կասեին. «Այ տղա ջան, հանգիստ նստիր տեղդ, ինչ տուն, ինչ բան…» և այլն և այլն, և այդ տղան միգուցե երբեք էլ ինչ-որ լուրջ քայլերի չդիմեր: Սակայն, երբ արձագանքը լինում է հակառակ կերպ` այդ պահին մի նոր, հաջողակ մարդ է ծնվում, նույնիսկ, եթե տան հետ կապված մտադրությունը հետագայում իրեն չարդարացնի:

Մեկ այլ օրինակ բերեմ և միանգամից շնորհակալությունս հայտնեմ կնոջս 🙂 Ես գալիս եմ տուն և ասում եմ կնոջս. «Որոշել եմ չինական այսինչ ընկերության բաժնետոմսերը գնել կամ որոշել ենք ընկերոջս հետ այս-այս բանը սկսել»: Կինս երբեք ինձ չի ասում. «Ինչ գործ ունես չինական այդ-ինչ ընկերության հետ, ավելի լավ է այդ փողերը ծախսիր և տան համար նոր կահույք գնիր կամ արի ձմռանը գնանք Դուբայ հանգստանալու»: Քանի որ նույնիսկ, եթե նա ուզում է այդ ամենը, նա հասկանում է, որ պետք է հնարավորություն տա ինձ փորձել և ինքնուրույն հասկանալ, թե ինչ է ինձ պետք: Այսինքն, ես պատճառ չունեմ նրանից ինչ-որ բան թաքցնելու, ես ինձ ազատ եմ զգում և կարող եմ անել այն, ինչ ցանկանամ և դա հնարավորություն է տալիս ինձ բացահայտվել: Նույն կերպ ես վարվում եմ նրա հետ` նա անում է այն, ինչ ճիշտ է համարում: Մենք պաշտպանում ենք իրար, բայց չենք սահմանափակում:

Սա շատ կարևոր է: Հիշեք` ամեն ինչ պետք է իր սահմաններն ունենա: Եթե դուք մտածում եք ձեր հարազատ մարդու կայացման մասին, ապա ազատություն տվեք նրան, թույլ տվեք նա փորձի, թեկուզ սխալվի, բայց անի այն, ինչ նրա սիրտը թելադրում է: Աջակցեք նրան, ոգևորեք, այլ ոչ թե հանդիմանեք և «սաստեք»: Հնարավոր է ձեր կողքին հանճար է, իսկ դուք այդ մասին չգիտեք: Դա կարող է լինել ձեր աղջիկը, տղան, քույրը կամ եղբայրը, հայրը կամ մայրը, ամուսինը կամ կինը: Նրանցից յուրաքանչյուրը կարիք ունի ինքնակայացման: Տվեք նրան այդ հնարավորությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»