Հեղինակային առակներ

Ի՞նչն է ձեզ խանգարում

Հայտնի ներդրումային ընկերության տնօրենը վերադառնում էր ընդմիջումից: Ռեստորանը, որտեղ նա միշտ ճաշում էր, գտնվում էր փողոցի անմիջապես մյուս կողմում՝ ընկերության` ամպերի մեջ մխրճվող երկնաքերի դիմաց: Երբ բարձրանում էր շենքի դիմաց «փռված» աստիճաններով, նկատեց, թե ինչպես իր աշխատակիցներից մեկն աստիճաններին նստած, ընկճված, գլուխն անհանգիստ այս ու այն կողմ էր անում` կարծես չէր կարողանում իր տեղը գտնել: Երիտասարդի անունը չգիտեր. ընկերությունում 300 մարդ էր աշխատում: Մոտեցավ նրան: Տղան, տեսնելով ընկերության ամենաբարձր պաշտոնյային, անմիջապես զգոնացավ և ոտքի կանգնեց: Տնօրենը ողջունեց նրան, ապա հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինչ-որ բան է պատահել: Տղան սկզբում չէր ուզում պատմել, բայց հետո մտափոխվեց` միգուցե հենց դա՞ էր այն հնարավորությունը, որ պետք չէր բաց թողնել:

Նստեցին իրար կողք և սկսեցին զրուցել: Երիտասարդը պատմեց, որ արդեն 4 ամիս է աշխատում է այս ընկերությունում: Աշխատանքն իրեն դուր է գալիս. միշտ էլ երազել է արժեթղթերով զբաղվել: Սակայն այս պահին իր հիմնական պարտականությունը` զանգերի միջոցով նոր հաճախորդներ գտնելը, այնքան էլ լավ չի ստացվում: Վերջին 4 ամիսների ընթացքում մոտ 2000 զանգ էր կատարել, բայց ընդամենը 7 հոգի էին արձագանքել: Պատկերացնո՞ւմ եք` 7 հոգի 2000-ից… Իսկ դա նշանակում է, որ իրեն մոտակա ժամանակներս բարձրացում չի սպասվում, քանի որ դա ամենացածր ցուցանիշն է: Բայց սկզում նա այլ բան էր պատկերացնում` բարձր աշխատավարձ, լավ մեքենա, հանդիպումներ, ճաշկերույթներ…

Տնօրենն այդ ողջ ընթացքում ուշադիր լսում էր:
– Իսկ ինչ եք կարծում` ո՞րն է պատճառը, – հարցրեց նա, երբ տղան վերջացրեց խոսելը:
– Դեե.. կարծում եմ մի քիչ ամաչում եմ – պատասխանեց երիտասարդը, – դեռ չեմ համակերպվել, ընթացքում հաճախ խառնվում եմ, երբեմն ձայնս սկսում է դողալ, իսկ հաճախորդները զգում են անվստահությունը:
– Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի փոխեք դա, – շարունակեց տնօրենը:
– Դե… հմմ… Տղան ուզում էր ինչ-որ բան պատասխանել, բայց բառեր չգտավ: «Իրոք, ի՞նչն է ինձ խանգարում», – մտածում էր նա, – «ի՞նչն է ինձ խանգարում»: Մի քիչ մտածեց և հանկարծ հասկացավ, որ իրեն ոչ մի բան էլ չէր խանգարում, ոչ մի լուրջ պատճառ, պարզապես պետք է շարունակեր փորձել: Պետք է փորձեր այնքան ժամանակ, մինչև ամաչկոտությունն էլ կանցներ, բառերն էլ ավելի վստահ կդառնային: Եվ այդ ժամանակ 7-ը կդառնար 700: Իսկ երբ դա տեղի ունենար` այս խոսակցության մասին հիշողություններն իր մոտ միայն ծիծաղ կառաջացնեին: Խանգարող ոչ մի լուրջ պատճառ նա չգտավ:

Դուք նույնպես, կյանքի տարբեր իրավիճակներում տվեք ձեզ այդ հարցը, սիրելի ընթերցող` «ի՞նչն է ձեզ խանգարում փոխել այս կամ այն բանը»: Կտեսնեք, որ շատ դեպքերում խանգարում են անտեղի մտածմունքները, իսկ լուրջ պատճառներ չկան: Կամ նույնիսկ, եթե պատճառներ կան, դուք գոնե հստակ կիմանաք, թե ինչի դեմ պայքարել: Երկու դեպքում էլ դուք հաղթող եք` կամ խանգարող պատճառներ չկան, կամ դուք հստակ գիտեք պատճառները` մնում է դրանք վերացնել: Իսկ կարծում եք, եթե անընդհատ աշխատեք դրանց վրա, չե՞ք կարող վերացնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

  • Իրոք որ երբեմն պատհում է այդպիսի երևույթներ,երբ անտեղի բարդեցնում ենք իրավիճակը ու լարվածության մեջ մեզ գցում:Կատարյալ մարդ գոյություն չունի:
    Լինենք համարձակ:
    Շնորհակալություն Հրաչ ջան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»