Մտորումներ

Գունդը / Сфера

Բարև Ձեզ: Վերջերս կրկին դիտեցի մի հրաշալի ֆիլմ, որն առաջին անգամ դիտել էի շատ վաղուց: Մի կողմ թողնելով հրաշք դերասանական կազմը, որն իրոք հիանալի է (Դաստին Հոֆման, Շերոն Սթոուն, Սամուել Էլ. Ջեքսոն և այլոք), պատմեմ սյուժեն նրանց համար, ովքեր ծանոթ չեն ֆիլմին:

Խաղաղ օվկիանոսի հատակին զինվորականների կողմից հայտնաբերվում է տիեզերանավ, որն այնտեղ գտնվում էր 300 տարի: Հետազոտող գիտնականները, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի առաջատար մասնագետն էր, իրենց հերթին նավի ընդերքում հայտնաբերում են մի իդեալական ոսկեգույն գունդ, որը չունի որևէ մուտք: Ինչ-որ անհասկանալի ձևով ֆիլմի հերոսներին հաջողվում է ներթափանցել գնդի մեջ, որից հետո ստորջրյա գիտահամալիրում սկսվում են տարօրինակ ու զարհուրելի դեպքեր, որոնք ավարտվում են անձնակազմի մի քանի անդամների մահով: Երկար մտորումներից հետո գիտնականները հասկանում են, որ գունդն օժտել է իրենց սեփական մտքի ուժով իրենց երազանքները, ինչպես նաև ամենասարսափելի վախերը կյանքի կոչելու կարողությամբ: Գիտակցելով այն փաստը, որ նույնիսկ իրենք, լավագույն գիտնականները չկատողացան կառավարել սեփական սարսափներն ու դարձան մարդկանց մահվան պատճառ, նրանք որոշում են հրաժարվել այդ մեծ շնորհից, մոռանալ և բաց թողնել գունդը, վախենալով, որ աշխարհը կկործանվի, եթե գունդը հայտնվի վատ մարդկանց ձեռքում:

Եվ ահա իմ հետևությունները.

Բոլորս էլ այս աշխարհ գալուց անցնում ենք մի այդպիսի «Գնդի» միջով և մեր մարդկային որակներից է կախված այն ազդեցությունը, որը մենք կթողնենք մեզ շրջապատող աշխարհի վրա: Մենք կարող ենք շարժվել ինքնակատարելագործման ուղղով և ավելի լավը դարձնել աշխարհը, կամ հակառակը՝ տանել աշխարհը կործանման և կամ էլ մոռանալ ու բաց թողնել «Գունդը» և տրվել հոսանքին: Ընտրությունը միայն մերն է, մեզանից յուրաքանչյուրինը: Բայց մի մոռացեք, որ այդ ընտրությունն ազդում է նաև մեզ շրջապատող մարդկանց վրա:

Երջանիկ եղեք, անկախ ամեն ինչից 🙂

Հեղինակի մասին

Արմեն Խրիմյան

4 մեկնաբանություն

  • Արմեն ջան նախ ուրախ եմ տեսնել Հաջողության բլոգում որպես հոդվածի հեղինակ, մերսի, իսկ ֆիլմը ես էլ եմ շատ սիրում:

  • ֆիլմի սյուժեն նմանացնում եմ այս առակին՝
    Մի մարդ երկար ճանապարհից հոգնած, նստում է ծառի տակ հանգստանալու: Բայց մարդը չգիտեր որ այդ ծառը սովորական ծառ չէ, այլ ցանկությունների ծառ էր: Մարդը սոված էր և ուտելու ոչինչ չուներ: նա մտածեց և ուտելիք ցանկացավ: Եվ չգիտես որտեղից հայտնվեցին տարատեսակ ուտելիքներ: Մարդն ախորժակով կերավ: Կշտանալուց հետո խմելու ցանկություն առաջացավ: Տեսակ-տեսակ խմիչքներ հայտնվեցին: Ծարավը հագեցնելուց հետո, վախով մտածեց, թե որտեղից է այս ամենը.«երևի այստեղ ուրվականներ կան, և նրանք ինձ կսպանեն»:
    Այդպես ել եղավ: ՈՒրվականները հայտնվեցին, և սպանեցին նրան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»