Հաջողության գաղտնիքներ

Գյուտարարի հաջողության գաղտնիքը

Ջեյմս Դայսոնը անգլիացի աշխարհահռչակ գյուտարար է: Նա ունի հարյուրավոր արտոնագրված գյուտեր, որոնցից են աշխարհում առաջին ցիկլոնային փոշեկուլը, առանց թևիկների օդափոխիչը, մեքենա, որի անիվների փոխարեն մեծ գունդ է, ձեռքերի չորացման սարք, որը չորացնում է ձեռքերը 10 վայրկյանում, ծովային բեռնատար նավ, որը կարող է կայանել ցանկացած ափի մոտ և այլն: Այս մարդն այն մարդկանցից է, ովքեր չեն վախենում սխալներից: Օրինակ, մինչև իր ցիկլոնային փոշեկուլի վերջնական մոդելը ստանալը` նա 5126 անհաջող փորձ է կատարել: Ավելի ճիշտ կլիներ անհաջող բառը վերցնել չակերտների մեջ, քանի որ ինչպես ինքն է նշում. «ես ունեցել եմ 5126 ձախողում: Բայց ես սովորել եմ դրանցից յուրաքանչյուրի վրա: Միայն այդպես ես եկա լուծմանը: Այնպես որ, ես դեմ չեմ ձախողումներին: Ես միշտ համարել եմ, որ աշակերտներին պետք է գնահատել իրենց թույլ տված սխալների քանակով: Երեխան, որն անհասկանալի փորձեր է անում և հանդիպում է մեծ քանակությամբ ձախողումների, հավանաբար ավելի ստեղծարար է»:

Դայսոնի կարողությունն այսօր գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Իր հաջողության գաղտնիքով նա կիսվում է նաև այլ մարդկանց հետ:

Գտեք խնդիր

«Երբ փոքր էի, ես հաճախ էի մաքրում տունը փոշեկուլով: Ասեմ, որ ես անում էի դա առանց հաճույքի: Փոշեկուլը հետզհետե կորցնում էր հզորությունը, նաև ինձ նյարդայնացնում էր չոր փոշու հոտը: Ես սկսեցի ատել փոշեկուլները: Եվ ուզեցա գտնել այդ խնդրի լուծումը: Գաղափարների իսկական սկզբնաղբյուրը` չլուծված խնդիրն է: Երբ մենք տեսնում ենք, որ ինչ-որ բան վատ է աշխատում, մենք գնում և նոր տեխնոլոգիա ենք մշակում: Օրինակ, ձեռքերի չորացման սարքերը: Դրանք կարծես երբե՛ք չեն աշխատում: Հյուրանոցում կամ ռեստորանում դու չորացնում ես ձեռքերդ որոշ ժամանակ, բայց վերջում միևնույնն է չորացնում ես դրանք շորերիդ վրա: Կամ սովորական օդափոխիչը: Դա լիովին ոչ կատարյալ արտադրանք է: Թևիկները ճեղքում են օդը, որը խփում է դեմքիդ: Երեխաները կարող են անցկացնել ձեռքը ցանցից այն կողմ: Օդափոխիչ մաքրելն էլ մեկ այլ խնդիր է: Իսկ օդափոխիչը, որը ստեղծել ենք մենք, բոլորովին այլ լուծում է»:

Հավատացեք գաղափարին

Երբ երիտասարդ էի, ես զբաղվում էր երկար տարածությամբ վազքով: Վազքի ընթացքում ինչ-որ պահի զգում ես, որ ուժերդ մոտենում են սահմանին: Եվ դա չի լինում վերջնակետի մոտ, այլ շատ ավելի շուտ: Եվ դու սկսում ես դանդաղել: Բայց բանը նրանումն է, որ հենց դա է այն պահը, երբ դանդաղում են մնացած բոլորը:

Երբ դու անարդյունք աշխատում ես ինչ-որ բանի շուրջ երկար ժամանակ և կորցնում ես հավատը քո հանդեպ, ապա ամենայն հավանականությամբ հենց դա է այն պահը, երբ դու մոտ ես հաջողությանը: Պետք է հավաքել ողջ ուժերը և աշխատել հարյուր տոկոսով, անընդհատ շարժվել առաջ: Այդ հատվածը հենց այն ջրբաժանն է, որը բաժանում է ձախողումը հաջողությունից:

Ինձ համար փողը երբեք մոտիվացիայի աղբյուր չի եղել: Այն երբեք չի ազդել իմ որոշումների վրա: Մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ, որոնք ինչ-որ կոնկրետ խնդիր են լուծում: Միգուցե բիզնեսի տեսանկյունից դա ոչ միշտ է արդյունավետ: Օրինակ, ձեռքերի չորացման սարքն այն արտադրանքը չէ, որը մարդիկ օգտագործում են տանը, այնպես ինչպես փոշեկուլը կամ օդափոխիչը: Չորացնող սարքերը հիմնականում գնում են հյուրանոցներ և կայարաններ. դա բիզնեսի բոլորովին այլ տեսակ է: Բայց ամենակարևորը. այն, ինչը մենք ստեղծել ենք, աշխարհն ավելի լավն է դարձրել:

Այնպես որ, հաջողության իմ գաղտնիքը հետևյալն է. անել այն, ինչին դու հավատում ես: Անկախ նրանից, կարող ես դու դրա վրա փող աշխատել, թե ոչ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»