Հաջողության գաղտնիքներ

Ինչ անել, երբ ձեզ մերժում են

Մերժում չի սիրում ստանալ ոչ ոք, բայց երբեմն ստանում են բոլորը: Մերժումից հետո մարդն իրեն խաբված է զգում, հիասթափված ու ճնշված, միգուցե նաև՝ վիրավորված: Իրավիճակները, որտեղ մարդը կարող է մերժում ստանալ, շատ են: Ամենապարզ բանը, որ միանգամից մտքովդ անցնում է, սիրահարված տղան առաջարկություն է անում աղջկան, կամ հակառակը: Բերեմ այլ օրինակներ. դուք դիմում եք աշխատանքի համար, գործնական առաջարկություն եք անում, ուզում եք մի քանի օրով գնալ հանգստանալու և ծնողներից թույլտվություն եք վերցնում, ընկերոջն եք ինչ-որ բան խնդրում, և վերջում, մի քիչ հումորային, պատրաստվում եք ԱՄՆ մեկնել և մտնում եք դեսպանատուն:

Իսկ ի՞նչ անել, երբ ձեզ մերժում են, ինչպե՞ս վերաբերվել դրան:

Մի արեք ենթադրություններ

Մերժումից հետո շատերը սկսում են ենթադրություններ անել, «ստեղծագործել». «հաստա՛տ պատճառը սա էր», «հաստա՛տ պատճառը նա էր», և այլն, և այլն: Երբեմն նույնիսկ մերժումն այդքան ցավալի չէ, որքան դրա մտացածին պատճառը: Եթե չգիտեք իրական պատճառը, մի փորձեք գուշակել:

Մի այրեք կամուրջները

Շատ մարդիկ մերժում ստանալուց հետո իրենց ետևից «այրում են կամուրջները»: Այսինքն, մերժման ազդեցության տակ այնպես են արձագանքում, որ նույնիսկ, եթե մերժողը մի փոքր ուշ մտափոխվեր, հիմա արդեն ուշ կլինի: Միշտ թողեք հետդարձի ճանապարհ:

Մի ընդունեք մերժումը որպես անձնական վիրավորանք

Մերժման համար կա երկու կողմ: Դուք դրա ընդամենը մի կողմն եք և նայում եք իրավիճակին միայն ձեր աչքերով: Բայց մյուս կողմը, շատ դեպքերում, ոչ թե ձեզ դեմ է, ուզում է ձեզ ճնշել, հիասթափեցնել, չի սիրում ձեզ, այլ պարզապես իր գործն է անում: Մի ընդունեք մերժումը որպես վիրավորանք:

Ոչ թե թուլացեք, այլ ուժ հավաքեք

Սա վերջին կետն է: Եթե ձեզ մերժել են, ոչ թե թուլացեք, սկսեք ձեզ քննադատել, գցեք ձեր ինքնագնահատականը, այլ «ջղայնացեք» ինքներդ ձեզ վրա և փորձեք ապացուցել առաջին հերթին ինքներդ ձեզ, որ դուք կարող եք: Օգտագործեք մերժումը որպես մոտիվացիա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հրաչ ջան, կյանքում լինում են շատ անկանխատեսելի իրավիճակներ, երբ մենք մերժում ենք ստանում այն մարդուց, ումից չէինք սպասում: Եթե բարձր է մեր ինքնագնահատականը, ապա մենք մերժումը ցավագին չենք ընդունի: Ուղղակի, պետք է ներքուստ պատրաստ լինել ամեն ինչի: Կարևորը ոչ թե մերժումն է, այլ այն, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա այն մեր հետագա գործողությունների վրա: Ինչպես Լարոշֆուկոն է ասել. «Փորձիր համոզել ինքդ քեզ և կզգաս, որքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը»:
    Երբեմն մենք պահանջում ենք ուրիշներից մի բան՝ ինչն ինքներս այդ պահին կդժվարանայինք անել մեզ համար:
    Հաջողության ձգտող մարդը պետք է պատրաստ լինի ընդունել նաև մերժումը և անցնել առաջ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»