Ինտերնետ

Ինտերնետը՝ որպես օնլայն համալսարան

Ինտերնետի օգտակարության կամ վնասակարության մասին զրույցները շարունակվում են: Շատերը պնդում են, որ այն տեղափոխում է մարդկանց վիրտուալ աշխարհ, կտրում է իրականությունից, փչացնում է աչքերը, սպանում է ժամանակը և վնասակար սովորություններ է առաջացնում, մյուսներն էլ համոզված են, որ ինտերնետը մարդու առջև բացում է անսահման հնարավորություններ, որոնք չկային նախկինում, գլոբալացնում է աշխարհը, կապում է մարդկանց իրար, բիզնեսի և կրթության նոր հնարավորություններ է ստեղծում, հարմարություններ է մտցնում մարդու առօրյա կյանքում: Ինչպես հասկացաք, այսօրվա թեման` ինտերնետն է 🙂

Ուզում եմ կիսվել ինտերնետի մասին իմ պատկերացումներով: Նույնիսկ աշխարհի լավագույն համալսարաններում, որտեղից հանճարներ են դուրս գալիս, կան անկյուններ, որտեղ թմրանյութեր են վաճառում: Նույնիսկ հասարակ շաքարավազը, որ մենք ամեն օր օգտագործում ենք, կարող է վնասել մարդուն, եթե այն շատ օգտագործես: Նույնիսկ արևի ճառագայթները, առանց որոնց այս աշխարհը մռայլ կլիներ, կարող են արևահարում առաջացնել, եթե տանը պատսպարվելու փոխարեն` ամբողջ օրը դրանց տակ անցկացնես: Այդպես էլ ինտերնետն է. իր նախնական տեսքով այն ոչ թշնամի է, ոչ բարեկամ: Այն գործիք է` ստեղծված մարդու կողմից մարդկանց համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք այն օգտագործում, որքան եք օգտագործում և որ «անկյուններում» եք ձեր ժամանակն անցկացնում:

Ինձ համար ինտերնետն օնլայն համալսարան է, գիտելիքների անսպառ աղբյուր: Երեկ որոշել էի հոդված գրել օֆշորային ընկերությունների մասին: Բայց քանի որ դրանց մասին գիտելիքներս մակերևույթային էին, որոշեցի տեղեկություններ փնտրել համացանցում: Մեկ-երկու ժամում այնքան ինֆորմացիա ստացա, որ մտածում եմ` եթե չլիներ ինտերնետը, որքա՞ն ժամանակում դա կհասցնեի սովորեի, ո՞վ ինձ պետք է սովորեցներ, որտեղի՞ց ես օֆշորային ընկերությունների մասին գիրք պետք է գտնեի: Օրվա ընթացքում ես անընդհատ փորձում եմ նոր բան սովորել: Եթե չլիներ ինտերնետը, միայն գրքերով ես այդ արդյունքը չէի ստանա: Գիրքն իհարկե գիտելիքի մեծ աղբյուր է, բայց ինտերնետի հնարավորություններն ուրիշ են:

Եթե դուք ուզում եք լեզուներ սովորել, դաշնամուր նվագել, ծրագրավորման դասընթացներ անցնել, ֆինանսական կրթություն ստանալ, կամ թեկուզ ճաշ պատրաստել` ինտերնետը ձեզ տալիս է այդ հնարավորությունը: Իհարկե, դուք ճաշը չեք պատրաստում ինտերնետում 🙂 Դուք գտնում եք ձեզ համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, յուրացնում եք, բայց փորձերը կատարում եք իրական կյանքում: Այսինքն, ինտերնետը չի փոխարինում իրական կյանքը, այլ լրացնում է այն: Օգտագործեք ինտերնետը կառուցողական, ստեղծարարական նպատակներով, օգտագործեք այն որպես գիտելիքի աղբյուր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»