Արժեթղթեր

Ի՞նչի համար են ֆոնդային ինդեքսները

Երբ նոր էի սկսել զբաղվել բաժնետոմսերով, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու են ներդրողները հետևում ֆոնդային ինդեքսներին, ինչպես է դրանց շարժն ազդում նրա վրա, որպեսզի որոշես` գնե՞ս տվյալ ընկերության բաժնետոմսերը, թե ոչ, մինչև մի օր ընկերս բացատրեց դրանց նշանակությունը: Սկզբում եկեք հասկանանք, թե ինչ են ինդեքսները: Ինդեքսները բնութագրում են ոչ թե կոնկրետ ընկերության բաժնետոմսերի, այլ ընկերությունների որոշակի խմբի բաժնետոմսերի վիճակը (ավելի հաճախ մեզ հետաքրքրում է ոչ թե վիճակը, այլ շարժը): Օրինակ, եթե ուզում ես հասկանալ, թե ինչ վիճակում է ԱՄՆ արդյունաբերությունն այս պահին, տրամաբանական կլինի հասկանալ, թե ինչ վիճակում են ԱՄՆ խոշորագույն արդյունաբերական ընկերությունները (դրա համար էլ ստեղծված է ինդեքս, որի մեջ մտնում են ԱՄՆ խոշոր արդյունաբերական ընկերությունները): Այսինքն, եթե ընկերությունների «գործերը լավ են», դրանք զարգացում են ապրում (հետևաբար նաև բաժնետոմսերի գինն է աճում), ապա ընդհանուր երկրի արդյունաբերության վիճակն է լավ:

Ինդեքսները բնութագրում են շուկայի կամ դրա որոշ ճյուղերի վիճակը: Օրինակ, եթե ամերիկյան ֆոնդային S&P 500 ինդեքսը, որը հաշվարկվում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների հիմքի վրա, շարունակաբար նվազում է, ապա կարելի է ենթադրել, որ ԱՄՆ տնտեսությունն անկում է ապրում: Միշտ չէ, որ այդ ենթադրությունը ճիշտ է, բայց հիմնականում` դա այդպես է: Հայտնի ինդեքսներից են նաև Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսը, որը հաշվարկվում է ԱՄՆ 30 խոշորագույն ընկերությունների հիման վրա (այնպիսիք, ինչպիսիք են American Express, Boeing, Coca-Cola, General Electric, Hewlett-Packard, McDonald’s և այլն) կամ ասենք Nasdaq Composite ինդեքսը, որը հաշվարկվում է Nasdaq ֆոնդային բորսայում գրանցված բոլոր ընկերությունների հիմքի վրա:

Գոյություն ունեն հարյուրավոր ինդեքսներ: Նույն Nasdaq-ում գործում են նաև Nasdaq-100, Nasdaq Biotechnology Index և այլ ինդեքսներ, Նյու Յորքյան բորսան ունի իր ինդեքսները, ճապոնականն` իր, ռուսականն ունի իր ՌՏՍ և ՄՄՎԲ ինդեքսները և այլն: Ինդեքսների հաշվարկը տարբեր ինդեքսների դեպքում տարբեր է: Ամենապարզ դեպքում` դա ինդեքսի մեջ մտնող ընկերությունների բաժնետոմսերի գնի թվաբանական միջինն է, բայց հիմնականում` այդ միջինը հաշվարկվում է ավելի բարդ եղանակներով: Առանձին ինդեքսների և դրանց հաշվարկի մասին կարող ենք շատ խոսել և դրանց նվիրված առանձին հոդվածներ անպայման կլինեն, բայց այս հոդվածի գլխավոր իմաստը հետևյալն է` հասկանալ, թե ինչպես են օգտագործում ինդեքսները ներդրողները:

Ինդեքսների հիմնական դերը կայանում է նրանում, որպեսզի գնահատես շուկայի շարժը և համեմատես առանձին ընկերությունների բաժնետոմսերի վիճակը շուկայի նկատմամբ: Օրինակ, եթե տեսնում ես, որ շուկան նվազում է (ինդեքսը նվազում է), սակայն ինչ-որ ընկերության բաժնետոմսեր աճում են, ապա այդ ընկերության մոտ ինչ-որ բան այնպես չէ (լավ իմաստով), այսինքն` նա շարժվում է շուկային հակառակ, դեպի վեր: Օրինակ, պատկերացրեք, որ Nasdaq-100 ինդեքսը երկու շաբաթ է նվազում է: Հիշեցնեմ, որ Nasdaq-100-ը հաշվարկվում է Nasdaq-ում գրանցված 100 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հիման վրա: Բայց արի ու տես, որ այդ ընթացքում Facebook-ի բաժնետոմսերն աճում են: Նշանակում է, որ Facebook-ն այդ պահին այնքան «ուժ ունի», որ կարող է շարժվել շուկային դեմ, չնայած մնացած ընկերությունների մեծ մասը ինչ-որ գլոբալ պատճառներով անկում են ապրում: Հետևաբար, այդ պահին Facebook-ի բաժնետոմսերը գրավիչ են ներդրողների համար: Իսկ եթե տեսնում ես, որ աճում են և՛ Nasdaq-100-ը և՛ Facebook-ի բաժնետոմսերը, ապա ավելի հավանական է, որ Facebook-ի աճը պայմանավորված է ոչ թե կոնկրետ Facebook ընկերությունով, այլ ավելի գլոբալ գործոններով` երկրի գործազրկության մակարդակն է նվազում, ինֆլիացիայի ցածր տոկոս է կանխատեսվում, ինչ-որ բարձր պաշտոնյա «կարևոր» հայտարարություն է արել, և այլն, և այլն: Այսինքն, այս ամենը ներդրողներն օգտագործում են իրենց համար` ինչ-որ վերլուծություններ անելու նպատակով: Այսօր այսքանը, հուսով եմ` ընդհանուր պատկերացում կազմեցիք ֆոնդային ինդեքսների մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

17 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»