Ստարտափ

13 խորհուրդ ստարտափերին. Պոլ Գրեհեմ

Պոլ Գրեհեմը բավական հայտնի անձնավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նա ստեղծել է մի շարք հաջողված ստարտափներ և պարբերաբար խորհուրդներ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ստարտափ սկսել: Ահա դրանցից տասներեքը.

1. Ունեցեք լավ համահիմնադիրներ: Համահիմնադիրները բիզնեսում նույնքան կարևոր են, որքան գտնվելու վայրն անշարժ գույքի համար (որքան այն լավն է, այնքան մեծ է տունը վաճառելու հավանականությունը): Հիմնադիրներից է կախված ընկերության հաջողությունը սկզբնական փուլում: Սկսելուց հետո դուք հեշտությամբ կարող եք ձևափոխել գաղափարը, բայց հիմնադիրներին փոխել` չի հաջողվի: Ընկերության հաջողությունը գրեթե միշտ կախված է նրանցից: Մի սխալվեք գործընկերոջ ընտրության հարցում:

2. Սկսեք արագ: Սկսեք նախագիծը որքան հնարավոր է արագ: Պատճառն այն չէ, որ անհրաժեշտ է պրոդուկտը որքան հնարավոր է շուտ շուկա դուրս բերել: Պարզապես միայն սկսելուց հետո դուք կարող եք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ձեր պրոդուկտը: Նախագիծը գործարկելուն նախորդող ժամանակահատվածը դուք իզուր եք վատնում: Շուտ սկսելու գլխավոր առավելությունն այն է, որ դուք դեպի ձեր նախագիծ կգրավեք օգտվողներ:

3. Տվեք ձեր գաղափարին զարգացման հնարավորություն: Միայն գաղափար ունենալը բավարար չէ: Այն պետք է նաև իրագործել: Թույլ տվեք ձեր գաղափարին զարգանալ, այլապես այն «կմարի»: Դա նման է շարադրություն գրելուն, երբ մտքերը ծնվում են աշխատանքի ընթացքում:

4. Հասկացեք ձեր օգտվողներին: Պոլ Գրեհեմն առաջարկում է մտքում պատկերացնել ուղղանկյուն, որի մի կեսն իրենից ներկայացնում է ձեր օգտվողների թիվը, իսկ մյուս կեսը` թե որքանով է ձեր պրոդուկտը բարելավելու նրանց կյանքը: Որքան մեծ լինի երկրորդի դերը, այնքան ավելի շատ օգտվողներ հնարավոր կլինի ներգրավել: Ընդ որում, բիզնեսն այդ առումով նման է գիտությանը` ավելի բարդ է մտածել հարցերը, քան դրանց պատասխանելը: Դժվար է հասկանալ, թե ինչ է պետք ձեր «լսարանին»:

5. Ավելի լավ է ձեր պրոդուկտը սիրեն մի քանիսը, քան անտարբեր լինեն շատերը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, երբ ձեր պրոդուկտը սիրում են միլիոնավոր օգտվողներ: Բայց ակնկալել դա կարճ ժամանակահատվածում, անմտություն է: Փորձեք բավարարել ձեր օգտվողների հնարավորինս շատ կարիքներ` հետզհետե ավելացնելով նրանց քանակը: Հաշվի առեք պրոդուկտի բոլոր հավանական օգտվողներին: Վերջիվերջո, ձեր պրոդուկտի հաջողությունը գնահատվելու է հենց օգտվողների քանակով:

6. Առաջարկեք լավ սպասարկում: Աշխարհում կան շատ ընկերություններ, որոնց հնարավոր է բնութագրել պարզագույն ձևով` վատ սպասարկում: Դա մրցակցային առավելություն է տալիս ստարտափներին: Առաջարկեք ձեր հաճախորդներին հիանալի սպասարկում և կտեսնեք նրանց հաճելի զարմանքը: Քանի դեռ ձեր ընկերությունը փոքր է, դուք կարող եք ավելի հեշտ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Օգտվեք դրանից:

7. Չափեք: Քանակական ցուցանիշները բիզնեսում շատ կարևոր են: Բայց ավելի կարևոր է այն, որ դուք անընդհատ «չափումներ» անեք: Օրինակ, կարելի է բարելավել գրաֆիկը, որի վրա դուք ամեն օր նշում եք ձեր պրոդուկտից օգտվողների քանակը: Դուք ուրախ կլինեք, երբ այդ քանակն աճի և կտխրեք, երբ այն նվազի: Շուտով դուք կհասկանաք, թե որ գործողություններն են բերում աճի և կանեք դրանք ավելի հաճախ:

8. Քիչ ծախսեք: Ստարտափների հիմնական մասը չի գոյատևում միևնույն պատճառով` փողի անբավարարություն: Այդ պատճառով ստարտափի համար շատ կարևոր է լինել էժան: Անհրաժեշտ է նվազագույնին հասցնել ծախսերը: Էժանությունը թույլ է տալիս ստարտափին մնալ երիտասարդ, այնպես ինչպես ֆիզիկական վարժություններն են թույլ տալիս երիտասարդ մնալ մարդկանց:

9. Ձեզ պետք է բավարարի ուտելու համար: Գլխավորը` որքան հնարավոր է շուտ բերել ստարտափն այնպիսի վիճակի, որ այն կարողանա գոնե կերակրել իր հիմնադիրներին: Եթե ստարտափը կարողացավ նվազագույնս ապահովել ձեր կյանքը, ապա դա կլինի մեծ առաջընթաց, որը կոգեշնչի թիմին և թույլ կտա այլ կերպ կառուցել հարաբերությունները ներդրողների հետ:

10. Մի շեղվեք: Մշտական աշխատանքը, կողմնակի նախագծերը, որոնք ձեզ փող են բերում հիմա. դրանք են այն ամենը, ինչի վրա պետք չէ շեղվել, եթե դուք ուզում եք հաջողության հասնել ձեր նախագծում: Փորձեք կենտրոնանալ մեկ նախագծի վրա` տալով նրան ձեր ողջ ժամանակն ու ջանքերը:

11. Հուսալքում: Աշխատեք չհուսալքվել նախագծի վրա աշխատելու ընթացքում, այլապես դա կարող է «սպանել» այն: Այո, դա դժվարությամբ կստացվի ինչ-որ ժամանակ, բայց պետք է պատրաստ լինել նրան, որպեսզի ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի պահպանել ձեր լավ հոգեվիճակը:

12. Պարզապես մի հանձնվեք: Մի հանձնվեք` չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք ձեր առջև կկանգնեն: Պարզապես չհանձնվելով` հնարավոր է հասնել իրական հաջողությունների: Իհարկե` ոչ բոլոր դեպքերում: Օրինակ, եթե դուք հակված չեք դեպի մաթեմաթիկան, ապա դժվար թե լուրջ հաջողությունների հասնեք նույնիսկ չհանձնվելով: Բայց ստարտափների դեպքում ամեն ինչ այլ է: Պարզապես չհանձնվելով` իրոք կարելի է զգալի առաջ շարժվել:

13. Գործարքների ձախողում: Սովորեք, որ գործարքներն անընդհատ ձախողվելու են: Ձեզ համար դա չպետք է անակնկալ լինի: Վերաբերվեք դրան, որպես գործընթացի մի մաս, որը մշտապես ձեզ ուղեկցելու է:

Հ.Գ. Հիանալի խորհուրդներ էին ստարտափերների համար: Ես նկատել եմ, որ Հայաստանում ստարտափների հանդեպ հետաքրքրությունն աճում է: Իհարկե դա չի կարող չուրախացնել: Հուսով եմ` այդ առումով ոչ հեռու ապագայում Հայաստանը կդառնա Իսրայել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»