«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր

Բաժնետոմսեր. հնարավոր ռիսկերը

Գիտե՞ք երբ է մարդը վախենում ինչ-որ բան անել: Երբ լիովին չի պատկերացնում, թե ինչի մեջ է մտնում, ինչ հնարավոր ռիսկեր կան, ինչ կարող է լինել վատագույն դեպքում և ինչ` լավագույն: Իսկ երբ ամեն ինչ հստակ է, վախը երկրորդ պլան է մղվում և մարդը սկսում է պարզապես անել դա` կամ լավ կամ վատ:

Բաժնետոմսերի հետ կապված բազմաթիվ կարծիքներ եմ լսել: Ոմանց կարծիքով դա «վիճակախաղ» է, որտեղ քեզանից ոչինչ կախված չէ, մյուսների կարծիքով` «խաղատուն», որտեղ կարող ես մտնել և այլևս դուրս չգալ, մի մասի կարծիքով էլ դա մի տեղ է, որտեղ պարտադիր պետք է փողերդ կորցնես: Այս հոդվածում ուզում եմ խոսել այն հնարավոր ռիսկերի և կորուստների մասին, որոնք դուք կարող եք ունենալ բաժնետոմսերով զբաղվելու դեպքում: Իրականում, միգուցե լինեն ինչ-որ «թաքնված» վտանգներ, որոնց ես դեռ չեմ հանդիպել, բայց այստեղ կխոսեմ միայն նրանց մասին, որոնց հանդիպել եմ:

Ընկերությունը, որի բաժնետոմսերը դուք գնում եք, փակվում է

Սա, կարելի է ասել, առաջին վտանգն էր, որի մասին չէի մտածել, մինչև չհանդիպեցի: Այսինքն, հնարավոր է լինեն դեպքեր, երբ դուք գնում եք ինչ-որ ընկերության բաժնետոմսեր, բայց մինչ այդ չեք ուսումնասիրել, որ ընկերությունը գտնվում է ծանր վիճակում, շուկայում նրա ապրանքներն այլևս պահանջարկ չեն վայելում, նա մեծ պարտքեր ունի, իսկ ծախսերը մի քանի անգամ գերազանցում են եկամուտը: Եվ եթե այդպես շարունակվում է վերջին մի քանի տարիների ընթացքում, ապա պետք է մտածեք` այդ դեպքում ինչպե՞ս նա պետք է վճարի աշխատողների աշխատավարձը կամ հոգա այլ ծախսերը, չէ՞ որ բանկերը չեն կարող նրան անվերջ վարկ տալ: Այսինքն, հնարավոր է, որ ընկերությունը լուծարվի: Իսկ այդ դեպքում, ավելի հավանական է, որ ձեր բաժնետոմսերից ձեզ ոչինչ չի մնա:

Նման փորձ ինձ համար եղավ Kodak-ը, որի վրա մինչև հիմա էլ կախված է փակման վտանգը: Բայց պետք չէ մտածել, որ եթե ընկերության վիճակը շատ ծանր է, ուրեմն այն անպայման պետք է փակվի: Դուք պետք է գնահատեք դա, ինչ-որ տեղ նաև զգաք, քանի որ կանխազգացումն այստեղ մեծ դեր է խաղում: Օրինակ, շատ ծանր վիճակում էր նաև Nokia-ն, սակայն դրա բաժնետոմսերի վրա ես աշխատեցի, քանի որ պարզապես չէի հավատում, որ Nokia-ն կարող է փակվել:

Դուք գնում եք բաժնետոմսերը «գագաթում» և դրանց գինը տարիներով մնում է ներքևում

Օրինակ, երբ Facebook-ը դուրս եկավ IPO-ի, դրա բաժնետոմսերը վաճառվում էին 40$-ով: Դրանից հետո դրանց գինը սկսեց նվազել և տատանվել արդեն ներքևում` երբեք չհասնելով 40$ ցուցանիշին: Չնայած կոնկրետ Facebook-ի դեպքում համոզված եմ, որ տարիների ընթացքում դրա բաժնետոմսերի գինը մի քանի անգամ կաճի, բայց պատկերացրեք, որ դա նրա առավելագույն սահմանն էր և մոտակա 10 տարիների ընթացքում այն երբեք չի հասնի 40-ի: Այսինքն, եթե օրինակ դուք ծախսել էիք 400$ 10 բաժնետոմս ձեռք բերելու համար, ապա ցանկացած պահի, եթե ուզենաք վաճառել դրանք, դուք չեք կարող ետ բերել ձեր 400$-ը ամբողջությամբ, այլ կունենաք օրինակ 200 կամ 350$: Այսինքն, ձեր կորուստը կկազմի այդ տարբերությունը:

Նման դեպքերում դուք իհարկե կարող եք չվաճառել բաժնետոմսերը և պահել դրանք այն հույսով, որ 10 տարի անց Facebook-ը թռիչք կապահովի: Եվ նման բան իրոք հնարավոր է: Բայց շատ քչերը կարող են այդքան երկար սպասել, քանի որ սովորաբար մարդիկ կվաճառեն իրենց բաժնետոմսերն առաջին իսկ առիթի դեպքում, երբ նրանց փող անհրաժեշտ լինի: Այդ գումարը նրանք միգուցե ներդնեն ավելի լավ պայմաններով ու ստանան ավելի բարձր տոկոսներ, կամ միգուցե ծախսեն առօրյա նպատակներով, բայց անկախ դրանից, փաստն այն է, որ Facebook-ի վրա նրանք կորցրել են:

Ոչ թե կորուստ, այլ ձեռք չբերված եկամուտ

Եվ վերջապես, երրորդ դեպքը, որը հանդիպել եմ, այն է, որ դուք չեք կորցնում ձեր փողերը, այլ հակառակը` աշխատում եք, բայց կարող էիք աշխատել ավելի շատ: Այսինքն, դուք վաճառում եք ձեր բաժնետոմսերն այն ժամանակ, երբ դրանց գինը սկսում է աճել, բայց պարզվում է, որ ձեր վաճառելուց հետո դրանց գինը շարունակում է աճել և փաստորեն` դուք շտապեցիք: Այստեղ ագահության խնդիրը չէ` աշխատել որքան հնարավոր է շատ, պարզապես դուք ափսոսում եք, որ չկարողացաք «շռնդյունով հաղթել» այդ խաղում, չկարողացաք վերլուծել փաստերը, կանխատեսել մինչև վերջ և փողն այդտեղ ոչ միշտ է դեր խաղում: Այդպես եղավ ինձ մոտ Facebook-ի և Nokia-ի բաժնետոմսերի դեպքում: Օրինակ, Facebook-ի բաժնետոմսերը ես գնեցի 20,73$-ով և վաճառեցի 27,8$-ով, սակայն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում դրանց գինն աճեց մինչև 31$: Այնպես չէ, որ դժգոհ եմ այդ գործարքից, պարզապես ուզում եմ ձեզ հնարավորինս ներկայացնել բաժնետոմսերի առք ու վաճառքի բոլոր հնարավոր կողմերը:

Եվ վերջում, մեկ խորհուրդ, որին հետևելու դեպքում բաժնետոմսերի առք ու վաճառքով զբաղվելը ձեզ համար «խաղ» կլինի, եթե իհարկե` դա ձեր գլխավոր մասնագիտությունը կամ փող աշխատելու հիմնական միջոցը չէ:

Եթե սկսնակ եք, երբեք առևտրի մեջ մի մտեք այն գումարներով, որոնք ձեր առօրյա կյանքում ձեզ անհրաժեշտ են լինելու:

Մի փորձեք ներդնել այն գումարները, որոնցով դուք սնունդ կամ հագուստ եք գնելու, կոմունալ վճարումներ եք անելու կամ ուսման վարձ եք տալու: Ավելի լավ է բաժնետոմսերի համար առանձին գումար հատկացրեք, որի կորուստը (վատագույն դեպքում) ոչ մի ձև չի ազդի ձեր կյանքի վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Շնորհակալություն շատ հետաքրքիր էր: Իրոք որ այս գործով զբաղվելու համար պետք են ամուր նյարդեր: Բոդո Շեֆերի գրքերից մեկում նա պնդում է որ արժեթղթերի շուկայում մարդկանց 90% առաջնորդվում են էմոցիաներով: Հենց այդ է պատճառը որ խաղից շատերը դուրս են գալիս պարտված:

    • Համաձայն եմ 🙂 Բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է պետք, չէ որ ամեն դեպքում պետք է հաղթի լավագույնը, ուժեղը 🙂

      • Իհարկե, բիզնեսը հենց պայքարի այն ձևերից է որտեղ ստուգվում է մադու կայունությունը: Բայց պետ է նաև չմոռանալ որ լավագույն դառնում են ոչ թե այդպիսին ծնվում: Իմ կարծիքով անտաղանդ մարդիկ գոյություն չունեն և լավագույնների տարբերությունը հենց նրանում է որ նրանք բացահատել են իրենց տաղանդները և կենտրոնացել դրանց վրա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»