Ստարտափ

Պատենտավորումը ԱՄՆ-ում

Պարզվում է, որ ԱՄՆ-ում, բացի համակարգչային ծրագրերից և ալգորիթմներից, հնարավոր է պատենտավորել նաև բիզնեսի վարման մեթոդները: Վերջերս հայտնվեցի ամերիկյան մի կայքում, որի տակ գրված էր` Patented: Նշված էր նաև պատենտի համարը: Փնտրեցի համարը համացանցում և հայտնվեցի uspto.gov (United States Patent and Trademark Office) կայքում, որը պարզվեց ԱՄՆ-ում պատենտներ տրամադրող պաշտոնական կառույցն է: Երբ կարդում էի գտածս պատենտի նկարագրությունը, մտածում էի, որ եթե այդպես լինի, ապա բոլորը կարող են պատենտավորել ցանկացած միտք` սկսած սոցիալական ցանցից մինչև նորությունների կայք: Իրականում, մի քիչ ուսումնասիրելով պատենտները, հասկացա, որ նման պատենտներ իրոք կան: Օրինակ, Facebook-ը պատենտավորել է այսպես կոչված News Feed-ը: Պատենտին կարող եք ծանոթանալ այստեղ: Կամ, օրինակ կա պատենտ` ոչ-պիկային ժամերին ռեստորաններում և այլ ոլորտներում ծանրաբեռնվածությունը կրճատելու մասին: Մի խոսքով` պատենտային ազատությունն է պատճառը, որ ԱՄՆ-ում տարեկան գրանցվում են հարյուր հազարավոր պատենտներ:

Սակայն, չնայած նման ազատությանը, ԱՄՆ-ում պատենտներ գրանցելն այդքան էլ հեշտ չէ: Սովորաբար դա տևում է 1,5-3 տարի, որի ընթացքում կատարվում են լուրջ ուսումնասիրություններ, ներկայացվում են տարբեր փաստաթղթեր, սխեմաներ և այլն: Նույնիսկ կան ընկերություններ, այսպես կոչված «պատենտային տրոլներ», որոնք գրանցում են պատենտներ միայն այլ ընկերություններից փող ստանալու համար: Ամեն դեպքում, ԱՄՆ-ում գրանցված պատենտը չի գործում օրինակ Հայաստանում, Ռուսաստանում կամ Չինաստանում: Այնպես որ, ԱՄՆ-ում պատենտներ գրանցում են միայն նրանք, ովքեր պատրաստվում են բիզնես վարել ԱՄՆ-ում: Իսկ եթե կա ինչ-որ գաղափար, ալգորիթմ կամ մեթոդ, որը գրանցված է ԱՄՆ-ում, այն հանգիստ կարող է գրանցված չլինել օրինակ Ռուսաստանում:

Սա պատենտների մասին ընդհանուր տեղեկություն էր, առաջին տպավորությունս: Ավելի խորացված այս մասին կգրեմ հետագա հոդվածներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»