Բիզնես և ֆինանսներ

Ճանապարհ դեպի միլիոններ. բիզնեսի զարգացում

Հեղինակ՝ Davit

Ցանկացած նոր հիմնադրված բիզնես արդեն իսկ ամենակարևոր քայլն է հաջողակ լինելու համար: Սակայն, եթե դուք բիզնես եք սկսել, դա դեռ չի նշանակում, որ դուք կհամալրեք միլիոնատերերի շարքերը, քանի որ որոշ բիզնեսներ կենսունակ են միայն իրենց փոքր լինելու պատճառով: Բացի այդ, բիզնեսի սկզբնական փուլում դժվարությունները հաղթահարելուց հետո սկսվում է եկամտաբերության շրջանը և գործարարի համար ստեղծվում է «հարմարավետ վիճակ»: Հենց այս շրջանն է շատերին հետ պահում բիզնեսի հետագա զարգացումից, քանի որ գործարարը ստանում է իր աշխատանքի առաջին պտուղները՝ կայուն եկամուտ, որոշումների անկախություն և ժամանակի ազատ տնօրինում: Բայց սկզբնական կայուն եկամուտը իր հետ բերում է բիզնեսի հետագա զարգացմանը խոչընդոտող որոշ գործոններ: Սովորաբար դա դրսևորվում է այսպես. գործարարը սկսում է հազվադեպ ռիսկի դիմել, ավելի շատ գումար ծախսել, քիչ ժամանակ հատկացնել ինքնազարգացմանը և նվազեցնում է զգոնությունը սեփական բիզնեսի հանդեպ:

Սկսնակ գործարարը նման է առաջին քննությունը հանձնող ուսանողի. որոշ ուսանողներ քննությունը հաջողությամբ հանձնում են բարձր գնահատականի համար, իսկ մյուսներն ավելի շատ ձգտում են դառնալ լավ մասնագետ և կենտրոնանում են այդ մտքի վրա: Ինչպես ցանկացած մասնագիտության դեպքում, այնպես էլ բիզնեսում, կարևոր է լինել լավ մասնագետ, այլ ոչ թե բիզնես սկսել միայն գումար աշխատելու համար:

Բիզնեսում առաջին հաջողությունից հետո շատ կարևոր է դրա պահպանումը և առաջխաղացումը: Իսկ դա անելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին.

1. Մի շտապեք բիզնեսից ստացված եկամուտները ծախսել անձնական կարիքների համար (շքեղ մեքենա, թանկարժեք բնակարան կամ ճանապարհորդություններ):

2. Մի համեմատեք ձեր եկամուտը նախկինում ստացած եկամտի հետ: Դրանով դուք կդադարեք ռիսկի դիմել և կավելացնեք ծախսերը:

3. Բիզնեսը դարձրեք բազմաճյուղ. սկսեք հետաքրքրվել բիզնեսի այլ ոլորտներով:

4. Դարձեք բիզնեսի միանձնյա լիդերը: Եթե սկզբնական շրջանում բիզնեսի ղեկավարմանը մասնակցում են այլ մարդիկ, օրինակ ընտանիքի անդամները, ապա բիզնեսի զարգացման փուլում պետք է վերջնական որոշում ընդունողը դուք լինեք:

5. Կուտակեք ձեր սեփական և կայուն կապիտալը: Դրանով կնվազի բանկերից կախվածությունը և կբարձրանա եկամտաբերությունը:

6. Փնտրեք ավելի ազդեցիկ գործընկերներ:

7. Սահմանեք խիստ կանոններ ենթակաների շրջանում: Սահմանափակեք նրանց հետ նախկինում ունեցած մտերմությունը (փոքր բիզնեսի պարագայում աշխատակիցների ընտրության հնարավորությունը քիչ է, այդ պատճառով հաճախ ձեռներեցը մտերմանում է իր աշխատակիցների հետ):

8. Ընդլայնեք ծանոթությունները բիզնես ոլորտից դուրս: Ամենակարճ ճանապարհը հասարակական գործունեությունն է: Զբաղվեք բարեգործությամբ, մասնակցեք ձեր միջավայրում կարևոր որոշումների ընդունմանը:

9. Սկսեք աշխատել մեծ գումարների հետ` առանց վախենալու դրանց մեծությունից:

10. Եվ ամենակարևորը` ինքնակատարելագործվեք, նվիրվեք բիզնեսին` բաց չթողնելով ոչ մի մանրուք:

Բիզնեսը միայն գումար աշխատել չէ: Դա մտածելակերպ է կամ հոգեվիճակ, որին տիրապետում են միայն համառներն ու խելացիները:

Հեղինակի մասին

Davit

7 մեկնաբանություն

  • Շատ հետաքրքիր և միանգամայն ճիշտ հոդված էր: Իրոք որ ես էլ իմ շրջապատում տեսնում եմ շատ մարդկանց ովքր կարող են զարգացնել իրենց բիզնեսը մտնել այլ ոլորտներ բայց նրանք բավարարվում են իրենց կայունությամբ և հրաժարվում են շարունակել աճը: Կարծում եմ հիմնական պատճառը վախն է նոր փոփոխությունների նկատմամբ: Առավել ցավալի է այն որ հայ իրականության մեջ ձևավորվել է բիզնեսմենների մասին սխալ կարծիք: Շատերի կարծիքով բիզնեսմենները դրանք “ափռ-ցփռ” փող ծախսող, հաստավիզ և անուղեղ մարդիկ են: Հիշեցի միլլիարդատեր Միշել Դոմիտի խոսքերը “ես համոզված եմ որ ցանկացած հաջողության և բիզնեսի ետևում թաքնված է հսկայական ինտուիցիա և ուղեղ”:
    Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար:

    • Մերսի Կարեն ջան, մեր սերնդի գործարարների զգալի մասը այսպես կսկսի մտածել .ես հավատում եմ որ կգա այդ օրը

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»