«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ինչու է պետք պատենտավորել գաղափարը. Tetris-ի օրինակը

1984թ-ին ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը աշխատում էր ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հաշվողական կենտրոնում: Այնտեղ նա զբաղվում էր արհեստական ինտելեկտի հետ կապված խնդիրներով և իր ուսումնասիրությունների ընթացքում կիրառում էր նաև տարբեր գլուխկոտրուկ-խաղեր: Հենց այդ ժամանակ է նրա մոտ ծնվում փոքրիկ քառակուսիներից կազմված, տարբեր կառուցվածք ունեցող մարմինների իրար վրա տեղադրումը, որը հետագայում վերածվում է հանրահայտ Tetris խաղին: 1984թ-ին իր «Էլեկտրոնիկա-60» համակարգչի վրա նա գրում է Tetris-ի առաջին տարբերակը:

Խաղը միանգամից ճանաչում է ձեռք բերում Մոսկվայում, ապա սկսում տարածվել նաև ողջ աշխարհում: Երբ այն հասնում է Հունգարիա, դրա վրա ուշադրություն է դարձնում ազգությամբ հունգարացի, բրիտանական ծրագրային ապահովման ընկերության ղեկավար Ռոբերտ Սթեյնը: Սթեյնը թռչում է Ռուսաստան, հանդիպում է Պաժիտնովի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերում խաղի թողարկման լիցենզիայի հետ կապված: Կարծելով, որ նա արդեն իրավունք ունի ազատ վաճառել Tetris-ի թողարկման իրավունքը, նա վաճառում է Tetris-ի իրավունքները բրիտանական մեդիա-մագնատ Ռոբերտ Մաքսվելին պատկանող ընկերությանը:

1988թ-ին խաղեր ստեղծող և թողարկող Bullet-Proof Software ընկերության նախագահ Հենք Ռոջերսը զբաղվում էր դեպի Ճապոնիա խաղերի արտահանմամբ: Նա ծանոթանում է Tetris-ին 1988թ-ին Լաս Վեգասում անցկացված կենցաղային էլեկտրոտեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ: Խաղը նրան դուր է գալիս: 1989թ-ին հանրահայտ ճապոնական Nintendo ընկերության ամերիկյան ներկայացուցչությունը համոզում է Ռոջերսին բանակցել Սթեյնի հետ` Tetris-ը Nintendo-ի կողմից թողարկվող Game Boy ձեռքի խաղային համակարգիչներում տեղադրելու իրավունքը ձեռք բերելու համար: Սակայն Ռոջերսին չի հաջողվում կապ հաստատել Սթեյնի հետ և նա թռչում է Մոսկվա` հանդիպելու խաղի հիմնադրի հետ: Ռոջերսը և «Էլեկտրոնօրգտեխնիկա» ընկերության ղեկավարները (որն այդ ժամանակ զբաղվում էր ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի առևտրային գործերով) պայմանավորվածություն են ձեռք բերում, ըստ որի Ռոջերսի ընկերությունը ստանում է Tetris-ը ձեռքի խաղային սարքավորումներում տեղադրելու իրավունքը: Արդյունքում, այդ իրավունքը նրանից գնում է Nintendo-ն, ապա իրավունքի համար դատական գործեր են սկսվում նշված և տարբեր այլ ընկերությունների միջև, որն իրականում այդքան էլ կարևոր չէ, իսկ կարևորն այն է, որ այդ ողջ խառնաշփոթը սկսվում է այն պատճառով, որ Պաժիտնովը չէր պատենտավորել իր գաղափարը ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Արդյունքում, Tetris խաղը հարստացնում է բոլորին, բացի իր հիմնադրից: Սթեյնը աշխատում է Tetris-ի վրա մոտավորապես 200 հազ դոլար, ռուսների և Nintendo-ի միջև միջնորդները` 30-40 մլն դոլար, Nintendo-ն` ավելի քան 2 մլրդ դոլար, ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիան` մոտ 10 մլն դոլար, իսկ ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ստանում է միայն որոշ համեստ նվերներ, ծառայողական միջին վարձատրություն, անձնական համակարգիչ և այլն: Եվ միայն 1991թ-ին է նա տեղափոխվում ԱՄՆ, որտեղ 1996թ-ին Ռոջերսի հետ համատեղ բացում է The Tetris Company LLC ընկերությունը, որը փորձում է աշխատել Tetris ապրանքանիշի օգտագործման իրավունքը վաճառելով: Այնուհետև, 1996թ-ից 2005թ-ը Պաժիտնովն աշխատում է Microsoft ընկերության համակարգչային խաղերի ստեղծման բաժնում, ապա սկսում աշխատել խաղեր արտադրող այլ ընկերությունում: 2007 և 2009թթ-ին արժանանում է խաղերի հետ կապված պատվավոր մրցանակների, իսկ այժմ էլ խոսակցություններ կան, որ նա աշխատում է Tetris-ի multiuser տարբերակի (երբ խաղը կարող են խաղալ միաժամանակ մի քանի մարդիկ) վրա:

Հ.Գ.
Եվ վերջում, մի փոքրիկ հարցազրույց տարիներ անց Tetris-ի հիմնադրի և դրա տարածողի` Հենք Ռոջերսի հետ (տեսանյութի 2-րդ մասն այստեղ)

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»