«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Ես կարող եմ

Հեղինակ՝ Ալլա Լույս

Ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը՝ անցողիկ ակնթարթ: Նրա արագավազ ջրերով հոսում են մեր օրերն ու տարիները: Բնության կողմից մեզ տրված է որոշակի ժամանակ և բազմաթիվ անելիքներ, որոնցով իմաստավորվում է մեր կյանքը: Զարմանալի է, որ այսպիսի պայմաններում մարդկանցից շատերը հաճախ ձանձրույթ են զգում: Գուցե միապաղաղությունն անգործության արդյու՞նք է: Ավելի լավ է բողոքել ժամանակի սղությունից, քան՝ ձանձրույթից: Ես կարող եմ այնքան բազմազբաղ լինել, որ ձանձրույթ կոչվող «մտավոր հիվանդությունը» չանհանգստացնի ինձ:

Բախտավոր են ոչ թե այն մարդիկ, որոնց կյանքում ամեն ինչ կատարյալ է, այլ նրանք, ովքեր նրանում տեսնում են լուսավորն ու բարին: Աշխարհում ամեն ինչ գեղեցիկ է դառնում, երբ բնության հանդեպ հիացմունքն ամենուր ուղեկցում է մեզ: Որքան հաճելի է արթնանալ ժպիտով և վայելել ապրելու ազատությունը. այն մարդու կենսական իրավունքներից բարձրագույնն է: Հարկավոր է սիրել գեղեցիկն ու նրա լուսեղեն փայլերով սքողել մոխրագույն գորշությունները:

Նա, ով շարունակ մտածում ու խոսում է իր խնդիրների մասին, երբեք չի իմանա, թե որքան հաճելի է անհոգությունը: Երբեմն մտածում եմ այն մասին, թե ինչպես կարելի է թեթևացնել երկրային կյանքը: Չէ՞ որ ապրելու սքանչությունը հավասարազոր է նրա բարդությանը: Կյանքը թեթևացնելու լավագույն եղանակն այն չծանրացնելու մեջ է: Ես կարող եմ թեթև ապրել և չխոնարհվել դժվարությունների առաջ:

Նախանձել՝ նշանակում է դիմացինի մեջ փնտրել սեփական ձախողումների պատճառները: Մինչդեռ ձգտելով՝ մարդն իր հնարավորությունների մեջ է տեսնում ուրիշի հաջողությունները: Ես կարող եմ ձգտող լինել և հասնել իմ բաղձալի նպատակների իրագործմանը:

Լեռը բարձր է իր ստորոտի համեմատ, այլ ոչ թե՝ ամպերի: Նրա բարձունքին կանգնած մարդկանցից ոմանք մտածում են ամպերի վեհությամբ առաջնորդվելու մասին, իսկ մյուսները վախենում են վայր ընկնել: Ես կարող եմ բարձրանալ և զգալ վերելքի երկնային անվերջությունը:

Մարդու հաջողությունները պայմանավորված են առաջնային գործերը երկրորդականից տարբերելու ունակությամբ, որն ապահովում է նրա կարգապահությունը: Միայն կարևորի վրա կենտրոնանալով կարելի է թողնել երկրորդական անելիքները: Մարդկանցից շատերը պայքարում են հաջողության հասնելու համար, իսկ մյուսները հանձնվում են ձախողումների դառնությունից: Հանձնվել՝ նշանակում է անձնատուր լինել հուսահատությանն ու կասկածանքին: Կյանքում շատ դժվար է պատրաստի ինչ-որ բան գտնել, քանի որ մարդը ծնված է ստեղծելու համար: Նա, ով շարունակ սպասում է երջանիկ պատահականությունների հայտնությանը, երբեք չի օգտագործի հնարավորություններն ինքնուրույն ստեղծելու ունակությունը: Ես կարող եմ վստահել իմ ուժերին նույնիսկ այն ժամանակ, երբ հավատը փորձում է լքել ինձ:

Մարդը երբեմն հարկադրված է լինում ապրել այնպիսի պայմաններում, որից սնվում է նրա հարմարվողականության աղբյուրը: Հարկավոր է դիմակայող ու ճկուն լինել, քանի որ ապրել՝ նշանակում է հարմարվել: Շատուշատ փոթորիկներ են հարվածում մարդուն: Ուժգին քամիներից չպետք է տապալվել, այլ՝ ավելի ամրանալ: Ես կարող եմ հառնել այն փյունիկի նման, որ մոխիրներից անշեջ կրակներ է վառում:

Անհնար է վերադարձնել անցյալը, սակայն միշտ կարելի է մտածել լուսավոր ապագայի մասին: Եթե երեկվա օրը սխալմունք է եղել, ապա վաղն այն ուղղելու հնարավորությունն է: Այս երկու բևեռները կամրջվում են միմյանց այսօրով, որն ապագայի այցեքարտն է: Ես կարող եմ գործել ներկայում, որից բխում է վաղվա հաջողությունը:

Կյանքի ուղին երբեմն տանում է մեզ փակուղի: Երբ ճանապարհները տարբեր են ու մշուշապատ, դժվար է որոշում կայացնելը: Դա միգապատ անորոշությունն է, որն աղճատում է կյանքի պարզությունը: Մենք վախենում ենք ոչ միայն սխալ քայլերից, այլ նրանից, որ մարդիկ կարող են մեղադրել մեզ կայացրած որոշումների համար: Կարևորն այն է, որ ինքներս չմեղադրենք մեզ ու չզգանք խղճմտանքի տառապանքը: Եթե ելքը տանում է դեպի նոր փակուղի, ուրեմն՝ հարկավոր չէ դրանից օգտվել: Ես կարող եմ տարբերել ելքը փակուղուց և առաջ անցնել:

Մարդուն մշտապես երկու հարց է հուզում՝ հասկանալ ուրիշների ցանկությունները և լինել հասկանալի: Այս գաղափարները փոխկապակցվում են միմյանց հանդուրժողականության ներդաշնակ թելերով: Վիճաբանությունների պատճառը ոչ թե մարդկանց տարակարծությունն է, այլ՝ միմյանց տեսակետները չհանդուրժելու թուլությունը: Ես կարող եմ հարգել դիմացինի տեսակետը, միաժամանակ չփոխելով սեփական կարծիքս:

Ոմանք հաճախ քննադատում են մարդկանց և փորձում գտնել նրանց արարքների վերլուծությունը: Թափանցելով այլոց գործերի մեջ, նրանք մոռանում են իրենց սեփական կյանքը կառուցելու մասին: Մարդը դիմացինին ճանաչում է այնքանով, որքանով անտեղյակ է նրա մութ կողմերին: Ես կարող եմ ինքնավերլուծությամբ զբաղվել և բոլոր պատասխանները գտնել իմ ներաշխարհի խորքերում:

Խոսելով ուրիշների դաժանությունից, մարդը փորձում է ընդգծել իր գթասրտությունը, որը բարության արևն է: Այն երբեմն սառույցով է պատվում, սակայն սերն ու կարեկցանքը նորից ջերմացնում են նրան: Ես կարող եմ սովորել այս դասն ու հաղթել անտարբերությանը:

Մենք արդարություն ենք ուզում, թեպետ հաճախ չենք պայքարում դրա համար: Իսկ ի՞նչ է այն. ի վերուստ տրված մի նվե՞ր, թե՞ ուժեղների հաղթանակ: Մարդն արժանանում է իր երազած ու ստեղծած իրականությանը: Ես կարող եմ գործել և ինքս կերտել երանելի արդարությունը:

Ես կարող եմ … Այս արտահայտությունը հաջողության ուղենիշն ու գրավականն է: Մարդու մեջ ոչ մի նշանաբան այնքան հավատ ու վստահություն չի ներշնչում, որքան այս խոսքերը: Ձախողակներն ասում են ուզում եմ, իսկ հաջողակները՝ կարող եմ: Մարդն իր բնույթով շատ բարձր էակ է: Նա ունակ է ձգտելու, պայքարելու ու իրականացնելու իր սքանչելի երազները: Գիտության բոլոր նվաճումները, արվեստի ու մշակույթի հոգեթով ստեղծագործություններն արարվում են ի շնորհիվ այն ներքին համոզման, որ մարդը կարող է դա անել:

Մարդու հնարավորություններին վերաբերող հարցը տասնամյակներ շարունակ առարկությունների տեղիք է տալիս: Այն դարձել է հոգեբանների ու փիլիսոփաների, մտավորական հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Արդյո՞ք անսահմանափակ են մարդու հնարավորությունները և որտե՞ղ է այն կիզակետը, որին հասնելիս նրա ուժերը սպառվում են: Այսօր էլ դեռ հարցը մնում է ստվերում: Դա նույնպիսի գաղտնիք է, ինչպիսին՝ տիեզերքի անվերջության խնդիրը:

Կարողանալ ոչ միայն նշանակում է ուժեղ լինել, այլ նաև՝ զարգացնել սեփական ունակությունները: Բնությունն օժտում է մեզ մի շարք շնորհներով, սակայն դրանք բացահայտողը մենք ինքներս ենք: Այդ ունակություններն ասես քնած վիճակում են: Միայն աշխատասիրության ու համառության միջոցով կարելի է զարթնեցնել նրանց: Հարկավոր է անընդհատ փորձել, մինչև որ ցանկալի արդյունքն ակնհայտ կդառնա:

Ինձ համար կարողանալ, նշանակում է՝ ունենալ վեհ ու գեղեցիկ երազներ, որոնք կվերածվեն հստակ նպատակների: Կատարել գործնական այնպիսի քայլեր, որոնք մեծ համարձակություն ու ուժ են պահանջում: Պայքարի մեջ մտնել սեփական անձի հետ ու հաղթել ինքդ քեզ: Հնարավորության դեպքում օգնել թույլերին, իսկ հաջողակներից սովորել երազանքի դասը: Իրականում մեր հնարավորության սահմաններում են գտնվում այն բոլոր ուժերը, որոնք կառաջնորդեն մեզ դեպի հաջողության անվեհեր բարձունքները: Եվ որ ամենակարևորն է, կարողանալ՝ նշանակում է հավատալ, որ դու կարող ես:

Հեղինակի մասին

Ալլա Լույս

17 մեկնաբանություն

  • Մտքեր կային, որ դուրս շատ-շատ եկան, պիտի թվարկեմ մի քանիսը 🙂

    Նա, ով շարունակ մտածում ու խոսում է իր խնդիրների մասին, երբեք չի իմանա, թե որքան հաճելի է անհոգությունը:

    Լեռը բարձր է իր ստորոտի համեմատ, այլ ոչ թե՝ ամպերի:

    Եթե երեկվա օրը սխալմունք է եղել, ապա վաղն այն ուղղելու հնարավորությունն է: Այս երկու բևեռները կամրջվում են միմյանց այսօրով, որն ապագայի այցեքարտն է:

    Մարդը դիմացինին ճանաչում է այնքանով, որքանով անտեղյակ է նրա մութ կողմերին:

    Իրական աֆորիզմներ են սրանք, խորը մտածող մարդու աֆորիզմներ:

  • Alla djan nax asem, vor Hajoxutyan Blogum amenic shaty Dzer hodvacnern en sirum. Ays meky nuynpes hiasqanch er, uxaki shat erkar er :(( arajin mi qani parberutyunic heto djvar e minchev verj kardal:

    • Սիրելի Մարիամ և Հասմիկ, շնորհակալ եմ, որ ուշադրության եք արժանացրել հոդվածը:
      Քանի որ դուք նյութի ծավալի մասին եք գրել, երկուսիդ կպատասխանեմ միանգամից:
      Երբ գաղափարը մեծ է, իսկ ասելիքը շատ, դժվար է սեղմ գրել: Հավատացեք, մի այսքան էլ կրճատել եմ:
      Բացի այդ, գուցե դժվար է ընթերցվել, քանի որ յուրաքանչյուր պարբերություն խորհելու տեղիք է տալիս, որը խանգարում է նյութը սլացիկ կարդալուն:

  • Հարգելի ու սիրելի Ալլա,
    Հոդվածդ հավանեցի, որովհետև գրածդ ամեն պարբերության մեջ գտնում եմ կամ ինձ, կամ իմ հարազատներին, մտերիմներին: Հիշում իմ և ուրիշների հաջող ու անհաջող օրերի մասին:
    Իսկ ընթերցողներին խորհուրդ կտայի մի շնչում չկարդալ, որովհետև դա անհնար է: Ամեն պարբերությունից քաղեք օգտակարը և անցեք հաջորդին 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»