«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ինչպես վարել ճիշտ գնային քաղաքականություն

Հեղինակ՝ Davit

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, տարեցտարի նկատվում է առաջնային անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի գների աճ: Գնաճն անխուսափելի է, քանի որ մարդկանց թվաքանակի ավելացմանը զուգահեռ նվազում են բնական ռեսուրսները և ավելի է մեծանում պահանջարկը սննդամթերքի նկատմամբ: Գործարար մտածելակերպ ունեցող մարդիկ շատ լավ են հասկանում գնաճի անխուսափելիությունը, քանի որ գնաճի հիմքում ընկած է շատ պարզ կանոն. եթե մեծանում է արտադրվող ապրանքի ինքնարժեքը՝ բնականաբար ավելանում է նաև ապրանքի գինը: Ցավոք հայկական գործարար միջավայրում դեռ չի ձևավորվել ճիշտ գնային քաղաքականություն վարելու մշակույթը: Դրան խանգարում է արագ հարստանալու անհեռատես ցանկությունը, որը կա հայերիս մոտ: Սակայն ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գինը բարձրացնելուց առաջ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել իրավիճակը և հաշվարկել ռիսկերը: Բարձրացված գները կարող են բերել մի շարք ծանր հետևանքների՝ ընդհուպ մինչև բիզնեսի սննկացման: Իսկ որպեսզի  գործարարը կարողանա վարել ճիշտ գնային քաղաքականություն, անհրաժեշտ է հետևել ստորև նշված կանոններին.

1. Եթե գործարարի կողմից առաջարկվող արտադրանքը վաճառվում է ինքնարժեքից 20% կամ ավելի բարձր գնով, ապա բնավ պարտադիր չէ հումքի առաջին իսկ թանկացման դեպքում բարձրացնել արտադրանքի գինը. բիզնեսը կարող է գոյատևել անգամ 5% եկամտաբերության դեպքում:

2. Եթե խոշոր արտադրողները բարձրացնում են ապրանքի գինը, ապա դա դեռ չի նշանակում, որ փոքր արտադրողները պետք է հետևեն նրանց, քանի որ խոշոր ձեռնարկությունների ծախսերն ավելի շատ են:

3. Պետք չէ տրվել գների բարձրացման «գայթակղությանը»: Երբեմն խոշոր արտադրողները արհեստականորեն բարձրացնում են գները՝ դրանով ստիպելով մանր արտադրողներին ևս բարձրացնել իրենց արտադրանքի գինը, իսկ երբ մանրներն արդեն կատարում են իրենց ծախսերը՝ նոր եկամուտներին համապատասխան, գների նոր իջեցումը կարող է կործանման հասցնել նրանց:

4. Գների բարձրացումից առաջ պետք է անպայման ուսումնասիրել՝ արդյո՞ք ձեր սպառողները կկարողանան այդքան վճարել: Հակառակ դեպքում՝ կնվազի պահանջարկը արտադրանքի կամ ծառայության նկատմամբ կամ էլ շուկայում կհայտնվի նոր արտադրող, ով կառաջարկի կամ նույն արտադրանքն ավելի էժան կամ որևէ այլ փոխարինող արտադրություն կամ ծառայություն:

5. Եթե թանկացնում եք ապրանքի կամ ծառայության գինը, ապա դրա համար պետք է բերել հիմնավոր պատճառներ՝ հակառակ դեպքում կկորցնեք հաճախորդների զգալի մասին:

6. Եթե այնուամենայնիվ անխուսափելի է գների բարձրացումը, ապա կարելի է ավելացնել արտադրանքի որակը կամ տրամադրել լրացուցիչ անվճար ծառայություն:

Գների բարձրացման մեջ մարդիկ ցավոք առաջին հերթին մեղադրում են պետական կառույցներին, սակայն հարցին պետք է նայել նաև գործարարի տեսանկյունից՝ արդյո՞ք մենք միշտ ենք դիմանում գների բարձրացման գայթակղությանը: Ցավոք՝ ոչ միշտ: Բերեմ մի օրինակ:

Իրական պատմություն

Ծանոթներիցս մեկն իրենց գյուղում հիմնել էր տաքսի ծառայություն: Սկզբում ամեն ինչ լավ էր՝ նա չուներ մրցակիցներ, տրամադրում էր որակյալ ծառայություններ և հաճախորդների մեծ մասը գոհ էին: Սակայն ավտոպահեստամասերի առաջին իսկ թանկացման ժամանակ տաքսի ծառայության սեփականատերը բարձրացրեց գները, քանի որ չէր ցանկանում նվազեցնել իր եկամուտները: Արդյունքում՝ սկսեց քիչ վարձատրել վարորդներին, նրանք էլ դուրս եկան աշխատանքից և նրանց փոխարինեցին ավելի քիչ փորձով վարորդներ: Դրանից պակասեց հաճախորդների քանակը: Դրան զուգահեռ տաքսի ծառայության սեփականատերն ավելի բարձրացրեց ծառայության գները՝ փորձելով ոտքի կանգնեցնել արդեն կիսով չափ կործանված տաքսի ծառայությունը, բայց արդեն ուշ էր: Ամբողջովին սննկացած ծառայությունը չէր կարողանում անգամ վճարել մեքենաների վերանորոգման ծախսերը: Արդյունքում՝ սեփականատերը վաճառեց մեքենաները և լուծարեց տաքսի ծառայությունը: Բայց նույն գործարարը կարող էր մի քանի անգամ ընդլայնել իր բիզնեսը, եթե ժամանակին վարեր ճիշտ գնային քաղաքականություն:

Հիշեք՝ գործարարը նման է բռնցքամարտիկի. մի պահ զգոնությունը թուլացնելու դեպքում հնարավոր է ենթարկվի նոկաուտի:

Հեղինակի մասին

Davit

13 մեկնաբանություն

  • Դավիթ ջան ինձ շատ է դուր գալիս գործարարի քո տեսակը, այսպես կոչված “ինտելեկտուալ գործարարները”: Չնայած արտադրության մեջ երբեք չեմ եղել, բայց մտքերը դուրս իրոք եկան:

    • Հրաչ ջան թույլ տուր ավելացնել ևս մի քանի հատկանիշ, որ նկատել և գնահատում եմ Դավիթի մեջ, դա նրա փորձառու լինելն է, ուրիշների սխալներից դասեր քաղելը, աշխատասիրությունը, հավատը սեփական ուժերի հանդեպ, ցանկացած իրավիճակից ճիշտ ելքեր գտնելն ու բիզնեսմենի հոտառությունը :)Հատկանիշներ, որ գործարարին դարձնում են հաջողակ (հուսամ հեղինակը կների ինձ իր գաղտնիքները հրապարակելու համար)

    • Շատ շնորհակալ եմ Հրաչ ջան: Զարգացած երկրներում բիզնեսմենները առաջին հերթին ինտելեկտոիալ մարդիկ են հույս ունեմ մի օր մեզ մոտ էլ այդպես կլինի

  • Ձեր թույլտվությամբ Դավիթ, կարող եմ նշել, որ իրականում խոշոր ձեռնարկությունները կարողանում են օգտվել մաշտաբի էֆֆեկտից ի տարբերություն փոքր ձեռնարկությունների. տնտեսական փոփոխության արդյունքում, օրինակ` հումքի գների թանկացում, խոշոր ձեռնարկությունները լրացուցիչ միավոր աարտադրանք թողարկելու կամ ծառայություն մատուցելու համար կատարում են ավելի քիչ ծախսեր, քան փոքր ձեռնարկությունները(ելնելով մաշտաբի էֆֆեկտից, արտադրական հզորություններից), հետևաբար նմանատիպ փոփոխությունների արդյունքում ավելի շուտ փոքր ընկերությունները գները կբարձրացնեն, քան խոշորները: (2-րդ կետի վերաբերյալ)

    • Անի ջան համամիտ եմ խոշոր արտադրողները ավելի քիչ խոցելի են սակայն նրանց ծախսերն ավելի շատ են օրինակ ադմինիստրատիվ ծախսեր կամ գովազդ իսկ դրանք բարձրացնում են ապրանքի ինքնարժեքը

      • Ինչքան գիտեմ Դավիթ, վարչական և վաճառքի ծախսերը չեն ներառվում արտադրանքի ինքնարժեքի մեջ (կամ շատ փոքր մասնաբաժինը…
        Հոդվածը իրոք լավն էր, շնորհակալություն:

        • Անի ջան բոլոր այն ծախսերը որոնք ուղղված են ապրանքի արտադրմանը և վաճառքին մտնում են ինքնարժեքի մեջ և կոչվում է լրիվ ինքնարժեք: Եվ մի բան էլ, երբեէ մի պնդեք մի բան, որը հաստատ չգիտեք: Շնորհալալոոթյուն գնահատելու համար

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»