Հաջողակ ընկերություններ

MacCoffee-ի պատմությունը

Այսօր առավոտյան, երբ հերթական բաժակ MacCoffee-ն էի խմում, որոշեցի հենց դրա մասին էլ գրել: Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ MacCoffee-ն պատկանում է Nestlé-ին, բայց պարզվեց, որ ոչ: Maccoffee բրենդը պատկանում է սինգապուրյան Food Empire Holdings ընկերությանը: Այս ընկերությանն են պատկանում նաև մեզ հայտնի մի շարք այլ բրենդեր, ինչպիսիք են օրինակ Kracks-ը, MacTea-ն կամ MacChocolate-ը: Զարմանալին այն է, որ չնայած, որ MacCoffee-ն ծնվել է Սինգապուրում, շատ սինգապուրցիներ այդ մասին նույնիսկ չգիտեն, իսկ Սինգապուրի լուծվող սուրճերի շուկայում գերիշխում է Nestlé-ի Nescafé-ն: Պատճառն այն է, որ ընկերությունը Սինգապուրում իր ապրանքների մանրածախ վաճառք չի իրականացնում (ըստ Forbes-ի), չնայած նրա արտադրանքը բավական հայտնի է եվրոպական և ասիական մի շարք երկրներում, ինչպիսիք են օրինակ Ռուսաստանը (MacCoffee-ի ամենամեծ շուկան), Ուկրաինան, Չինաստանը, Մոնղոլիան և ինչու ոչ՝ Հայաստանը:


Թան Վոնգ Չոու

Ընկերության հիմնադիրն է Թան Վոնգ Չոուն, ով 2000թ-ի ապրիլից մինչև 2012թ-ի հոկտեմբերը նաև ընկերության գործադիր տնօրենն էր: Նա ավարտել է Սինգապուրի պետական համալսարանի հաշվապահական բաժինը (1981թ-ին): Հենց այդ տարիներին էլ՝ 80-ականներին, Չոուն սկսում է արտահանել համակարգիչներ և աքսեսուարներ ասիական և եվրոպական որոշ երկրներ: Նման գործուղումներից մեկի ժամանակ էլ՝ դեպի Ղազախստան, նա իր հետ վերցնում է 3-ը 1-ում լուծվող սուրճի մի քանի փաթեթ: Նա թողում է դրանք որպես օրինակ, իսկ արդեն 1992թ-ին սուրճի առաջին 20 կոնտեյներները մտնում են Ղազախստան: 1994թ-ին Չոուն որոշում է թողնել համակարգիչների բիզնեսը և հիմնել MacCoffee բրենդը Ռուսաստանում: Ժամանակը շատ ճիշտ էր ընտրված: Եթե հիշում եք, հենց այդ տարիներին էր, որ արտասահմանյան արագ պատրաստման ապրանքներն ու ըմպելիքները նոր էին մտնում նախկին սովետական երկրներ և մեծ ոգևորությամբ ընդունվում տեղացիների կողմից: Արդյունքում՝ 90-ականների վերջին, MacCoffee-ն Ռուսաստանում վաճառվում էր ամենուր: Եվ երբ իր 3-ը 1-ում լուծվող սուրճով Ռուսաստան որոշեց մտնել Nestlé-ն, MacCoffee-ն արդեն ամուր հաստատված էր այդ երկրում: 2000թ-ին Food Empire-ը դուրս եկավ սինգապուրյան ֆոնդային բորսա: Այդ օրվանից սկսած ընկերությունն ու իր բրենդերն արժանացել են մի շարք պատվավոր մրցանակների: MacCoffee-ն, օրինակ, 2003-2006թ-ը ճանաչվել է որպես «Սինգապուրյան ամենաուժեղ բրենդերից մեկը»:

Այսքանը հանրահայտ լուծվող սուրճի մասին, որը սիրված է նաև Հայաստանում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»