Ստարտափ

Ստարտափ, որը երջանկացնում է. Happier.com

Նատալի Կոգանը Սովետական Միությունից ծնողների հետ գաղթում է ԱՄՆ 1989թ-ին: Ճանապարհին ընտանիքը հայտնվում է Վիեննայում: Ապագան անորոշ էր և ոչ մի լավ բան չէր խոստանում: Սակայն հուսահատության գիրկն ընկնելու փոխարեն աղջկա հայրն առաջարկում է ժամանակն իզուր չկորցնել և այցելել անվճար կենդանաբանական այգի, իսկ հետո Վիեննայի օպերան դիտել, «չէ՞ որ հետո դժվար նման բախտ վիճակվի»: Այս դրական վերաբերմունքը ոգեշնչում է Նատալիին: 2000-ականներին նա սկսում է զբաղվել ինտերնետ-բիզնեսով, ստեղծում է մի քանի հաջողակ նախագծեր, որոնցից է, օրինակ, աշխատող մայրերի համար նախատեսված Work it, Mom! համայնքը կամ Where գովազդային ստարտափը, որը հետագայում ձեռք է բերվում Paypal-ի կողմից:

2012թ-ին Նատալին հիմնում է Happier.com-ը: Նախագծի իմաստը հետևյալն է. մարդիկ օրվա վերջում ավելացնում են 3 լավ բան, որ օրվա ընթացքում իրենց հետ եղել է: Նատալին կարծում է, որ շատերս չենք նկատում այն փոքրիկ երջանիկ պահերը, որոնք օրվա ընթացքում մեզ հետ լինում են: Իսկ այդ փոքրիկ պահերի գիտակցումը կարող է ավելի շատ երջանկացնել մարդուն, քան հազվադեպ պատահող մեծ հաջողությունները: Ստարտափին նախորդող մի քանի տարիների ընթացքում Նատալին ուսումնասիրում է երջանկության թեման: Իր որոնումների արդյունքում նա «հանդիպում է» պոզիտիվ հոգեբանության հիմնադիրներից մեկին, հոգեբան Մարտին Սելիգմանին: Սելիգմանի ուսմունքի համաձայն, եթե մարդը պարբերաբար քնելուց առաջ հիշի գոնե 3 լավ իրադարձություն, որ օրվա ընթացքում իր հետ եղել է, ապա շուտով նրա ներքին անհանգստությունը կկորի, իսկ քունը կլավանա: Եվ նույնիսկ, եթե այդ վարժությունները թողնել ինչ-որ պահի, դրանց ազդեցությունը կպահպանվի ևս կես տարի: Այս գաղափարն էլ Նատալին օգտագործում է իր ստարտափի հիմքում: 8-հոգանոց թիմից կազմված ստարտափը գտնվում է Բոսթոնում և այն արդեն հասցրել է ներգրավել $1,2 միլիոն ներդրում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»