Ստարտափ

Ստարտափ. սկզբում ստեղծեք նվազագույն պրոդուկտ

Երբ նոր էինք սկսում իրականացնել մեր նախագիծը, ընկերոջս հետ խոսում էինք, թե ինչ ֆունկցիոնալություն պետք է ունենա կայքը, որքան ժամանակում այն պետք է հասցնենք, ինչպես պետք է շուկա մտցնենք, և այլն: Այդ ժամանակ ընկերոջս խոսքերը լավ եմ հիշում, քանի որ հետո նույն բանը կարդացի նաև Սթիվ Բլանկի գրքում և աստիճանաբար իմ մտածելակերպը նույնպես փոխվեց: Իսկ նա ասում էր, որ սկզբում պետք է ստեղծենք նվազագույն աշխատող պրոդուկտ՝ առանց ավելորդ ծանրաբեռնելու, առանց չստուգված ֆունկցիոնալություն ավելացնելու, քանի որ կարևորը հիմնական միտքը իրականացնելն է և հնարավորինս կարճ ժամանակում հասկանալը, թե ինչպես են մարդիկ դրան վերաբերվում: Եվ երբ արդյունքը լինի դրական, երբ մարդիկ սկսեն օգտագործել պրոդուկտը, այդ ժամանակ միայն կարելի է այն ընդլայնել:

MVP (minimum viable product)` նվազագույն կենսունակ պրոդուկտ: Այս տերմինը կարող եք հանդիպել ստարտափների մասին տարբեր պատմություններում և գրքերում: Նվազագույն կենսունակ պրոդուկտի իմաստը հետևյալն է. երբ դուք ստարտափ եք սկսում, այսինքն ունեք որևէ միտք և սկսում եք այն իրականացնել, դուք ունեք հիպոթեզներ, ենթադրություններ, որ դուք հիանալի ինչ-որ բան եք ստեղծում և դա մարդկանց պետք է: Սակայն դա ընդամենը ձեր և միգուցե ևս մի քանի մարդկանց ենթադրությունն է: Այսինքն, դուք չունեք փաստեր: Միգուցե դուք մինչև նախագիծը սկսելը հարցում եք անցկացրել մարդկանց որոշակի շրջանակներում, բայց միևնույն է՝ դուք չունեք իրական փաստեր, քանի որ դեռ չեք ստեղծել պրոդուկտ և մարդիկ չեն օգտագործել այն: Ուստի առաջնային խնդիրը, որ ստարտափերի առջև կանգնած է՝ հնարավորինս արագ ստեղծել նվազագույն, աշխատող պրոդուկտ, մտցնել այն շուկա և տեսնել, թե ինչպես են մարդիկ դրան վերաբերվում: Եվ միայն մարդկանց արձագանքներից կախված որոշել հետագա քայլերը՝ ընդհանրապես նախագիծը կանգնեցնել, դրանում որոշ փոփոխություններ մտցնել, որոշ բաներից ընդհանրապես հրաժարվել, թե աստիճանաբար նոր ֆունկցիոնալություն ավելացնել՝ կրկին ստուգելով այն մարդկանց վրա:

Ինչպես Սթիվ Բլանկն է ասում, ստարտափների ձախողման հիմնական պատճառներից մեկն այն է, որ ստարտափը ստեղծում է ենթադրությունների վրա հիմնված, լիարժեք, «ծայրից ծայր հաշվարկված» պրոդուկտ, ծախսում է դրա վրա տարիներ, հսկայական միջոցներ, բայց երբ մտցնում է այն շուկա, պարզվում է, որ դա մարդկանց ընդհանրապես պետք չէ, քանի որ մարդիկ այլ բան են ուզում: Փաստորեն, բոլոր ջանքերն իզուր են եղել: Իսկ մարդկանց կարծիքը հաշվի չառնել հնարավոր չէ, քանի որ նրանք են պրոդուկտի վերջնական օգտագործողները: Դու չես կարող ասել մարդկանց. «Մարդի՛կ, դուք պետք է օգտագործեք սա, քանի որ սա ԻՆՁ դուր է գալիս»: Անիմաստ է… Մարդիկ իրենք պետք է ընտրեն ձեր պրոդուկտը: Ուստի պետք չէ ստեղծել «ուռճած» պրոդուկտներ՝ առանց ստուգելու դրանք մարդկանց վրա: Չէ՞ որ այդ ամենը ժամանակ ու ֆինանսական միջոցներ է տանում: Իսկ երկուսի անբավարարությունն էլ կարող են բերել ստարտափի տապալման: Պետք է ստեղծել նվազագույն պրոդուկտ, որը հիմնված է գլխավոր մտքի վրա, անել դա հնարավորինս արագ, մտցնել շուկա, ապա նոր կողմնորոշվել հետագա քայլերի հարցում:

Վերջում ուզում եմ բերել ֆեյսբուքի օրինակը: Չ՞է որ դրանում սկզբում չկային տարբեր event-ներ, group-ներ, timeline-ներ և նման բաներ: Պատկերացնում եք ի՞նչ կլիներ, եթե ֆեյսբուքը այդ ամենը որոշեր մտցներ ամենասկզբում, այսինքն որոշեր ստեղծել ԼԻԱՐԺԵՔ պրոդուկտ և միայն նոր մտներ շուկա: Միգուցե նրա ծրագրավորողները մինչև այսօր կոդ գրեին կամ երբ նա հայտնվեր շուկայում, պարզվեր, որ ժամանակն արագ է անցնում և այն, ինչ պետք էր մարդկանց երեկ, այսօր արդեն պետք չէ: Բայց ֆեյսբուքը չարեց դա: Նա ստեղծեց նվազագույն պրոդուկտ, մտցրեց այն շուկա և աստիճանաբար սկսեց զարգացնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»