Ստարտափ

Ի՞նչ է վենչուրային կապիտալը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում վենչուրային հիմնադրամները

Վերջին ժամանակներս, երբ սկսել ենք բավական շատ գրել ստարտափների մասին, կարող եք հանդիպել «վենչուրային հիմնադրամ», «վենչուրային կապիտալ» և «վենչուրի» հետ կապված նման այլ արտահայտություններ: Սակայն շատերի համար այդ հասկացությունները կարող են այդքան էլ պարզ չլինել, այդ պատճառով էլ այս հոդվածն ամբողջովին նվիրում ենք դրան:

Եթե թարգմանենք անգլերենից, venture նշանակում է «ռիսկ», «ռիսկային ձեռնարկում» (рискованное начинание): Վենչուրային հիմնադրամները դրանք կազմակերպություններ են, որոնք «ռիսկ են անում» և ներդնում են իրենց գումարները սկսնակ ընկերություններում կամ ստարտափներում: Այսինքն, շատ դեպքերում, ստարտափները նույնիսկ դեռ 1$ չեն աշխատել, իսկ նրանց մեջ ներդնում են միլիոններ: Այդ պատճառով էլ ներդրումն իրոք ռիսկային է: Եվ դա միայն խոսքեր չեն: Ստարտափների 70-80%-ը, որոնցում ներդնում են վենչուրային հիմնադրամները, ձախողվում են, իսկ ներդրված գումարները՝ կորում: Սակայն դա շատ լավ հասկանում են հիմնադրամները: Եվ նրանք աշխատում են այն 20-30% ստարտափների վրա, որոնք հաջողության են հասնում և որոնց շնորհիվ աշխատած գումարները ծածկում են բոլոր «անհաջող» ներդրումները:

Վենչուրային հիմնադրամները սովորաբար ներդնում են նորարարական նախագծերում, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հիմնական ոլորտներից են նաև ինտերնետը, հեռահաղորդակցությունն ու մեդիան, բժշկական ոլորտն ու էներգոարդյունաբերությունը և այլն: Վենչուրային հիմնադրամները իրենց ներդրումները վերադարձնում են 2 եղանակով: Կամ նրանք դառնում են այն ընկերության բաժնետերերից մեկը, որում ներդնում են (այսինքն նրանց սկսում է պատկանալ այդ ընկերության մի մասը) կամ էլ պարտքով գումար են տալիս այդ ընկերություններին՝ որոշակի պայմաններով: Սակայն ավելի հաճախ հանդիպում է առաջին տարբերակը: Թե ընկերության քանի տոկոսին են հավակնում վենչուրային ներդրողները՝ երկրից, միջավայրից և այլ գործոններից կախված տարբեր է: Թվում է, թե ներդրողները պետք է ձգտեն ձեռք բերել ընկերության 50 և ավելի տոկոսը: Իրականում որոշ դեպքերում այդպես էլ կա, հատկապես, երբ ներդրումն իրոք շատ ռիսկային է, սակայն ավելի հաճախ այդ տոկոսն ավելի փոքր է, օրինակ, 10-20: Եվ դա ունի իր բացատրությունը: Ներդրողները հասկանում են, որ «վերցնելով» հիմնադիրներից իրենց ընկերության մեծ մասը, նրանք այդ մարդկանց մեջ որոշ չափով կոտրում են «սեփականատիրոջ զգացումը», հետևաբար նաև ձգտումն ու մոտիվացիան: Իսկ ընկերությունը վերջիվերջո ստեղծում ու զարգացնում են հենց հիմնադիրները՝ նույնիսկ ներդրողների գումարներով, և նրանց «վատ տրամադրությունը» ոչ մեկին ձեռնտու չէ: Ուստի ընկերության բաժանելու հարցում ներդրողները պետք է զգույշ և խելացի լինեն:

Այսքանը վենչուրային հիմնադրամների մասին: Իսկ վենչուրային կապիտալը, ինչպես հասկացաք, այն կապիտալն է (գումարները և ոչ միայն), որոնք տրամադրում են վենչուրային հիմնադրամները: Այդ գումարները միշտ չէ, որ պատկանում են մեկ ընկերության կամ մարդու: Ավելի հաճախ վենչուրային հիմնադրամները դրանք առանձին ներդրողների և ընկերությունների խմբեր են, որոնք միավորում են իրենց միջոցները ընդհանուր նպատակի և ավելի մեծ մասշտաբներով հանդես գալու համար:

Վենչուրային հիմնադրամների և կապիտալի մասին այսքանը 🙂 Եթե լինեն հարցեր, անպայման գրեք մեկնաբանություններում և հաճույքով դրանց կպատասխանենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»