Հաջողության գաղտնիքներ

18-ամյա աղջկա հայտնագործությունը թույլ կտա լիցքավորել հեռախոսի մարտկոցը մինչև 1 րոպեում

Յուրաքանչյուր տարի մայիսին ԱՄՆ-ում անց է կացվում Intel-ի միջազգային գիտատեխնիկական տոնավաճառը, որտեղ տարեկան մոտ 7 միլիոն դպրոցականներ են մասնակցում աշխարհի տարբեր ծայրերից՝ ներկայացնելով իրենց նախագծերը, հետազոտություններն ու հայտնագործությունները գիտության ոլորտում: Նրանցից ընդամենը մոտ 1500-ն են անցնում եզրափակիչ փուլ, որտեղ մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 3-4 միլիոն դոլար: Սա աշխարհի խոշորագույն մրցույթն է դպրոցականների շրջանում, գիտության ոլորտում: 2013թ-ին մրցույթի երեք հաղթողներից մեկն է ճանաչվում 18-ամյա ամերիկուհի Իշա Խարեն (Eesha Khare): Նրա հնարած «սուպերկոնդեսատորը» հնարավորություն է տալիս լիցքավորել ցանկացած տեսակի մարտկոց հաշված վայրկյանների ընթացքում: Տեխնոլոգիան, որը նա հայտնագործել է, հետագայում կարող է օգտագործվել նույնիսկ էլեկտրական մեքենաներ ստեղծելու համար:

Իշայի հնարած արագ լիցքավորվող կոնդեսատորը կարող է հաշված վայրկյանների ընթացքում կուտակել էներգիայի մեծ պաշար և պահպանել այն երկար ժամանակ: Ընդ որում, սարքավորումը ոչ թե հսկայական չափսերի է, այլ ընդամենը մի քանի սանտիմետր: Եվ եթե սովորական մարտկոցների դեպքում մարտկոցի կյանքի ցիկլը մոտ 1000 վերալիցքավորում է, ապա Իշայի կոնդեսատորը հնարավորություն է տալիս այդ թիվը մեծացնել մոտ 10 անգամ:

Հայտնագործության համար ոգեշնչում է հանդիսացել առօրյայում ծառացած խնդիրը: «Իմ հեռախոսի մարտկոցը միշտ լիցքաթափվում էր (ժողովրդի լեզվով ասած «նստում» 🙂 ) ամենաանհարմար պահին», – NBC-ին տված հարցազրույցում ասել է Իշան, – «դա էր պատճառը, որ ես սկսեցի մտածել այդ ուղղությամբ»: Եվ չնայած այս պահին հայտնագործությունը դեռ չի օգտագործվում կոմերցիոն նպատակներով և Իշայի շահած 50 հազար դոլար մրցանակը մեղմ ասած «համեստ» մրցանակ է նման հայտնագործության համար, բայց հայտնագործությամբ արդեն հետաքրքրվել է Google ընկերությունը և առաջարկել Իշային ուսուցում Հարվարդի համալսարանում:

Հ.Գ.
Գիտական հայտնագործությունները, որոնք կարող են հեշտացնել մարդու կյանքն առօրյայում, իմ կարծիքով միշտ էլ եղել են, բայց ապագայում առավել հանրահայտ կդառնան նոր ստարտափներ ստեղծելու հիմքում: Տեխնոլոգիաները, որոնք կարող են հեշտացնել մարդկանց կյանքը, միշտ էլ պահանջարկ կունենան հասարակության կողմից, հետևաբար՝ կարող են վերածվել բիզնեսի, իսկ շատերը նաև՝ փոխել աշխարհը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»