Ստարտափ

Մի քանի բիզնես-աքսելերատորներ, որոնց դուք կարող եք դիմել

Նորաստեղծ ստարտափ ընկերությունների համար ամենադժվար բանը սկսելն է: Անհրաժեշտ է մտնել միջավայր, կապեր հաստատել, առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը ներկայացնել սովորել, ընդունել մարդկանց հետադարձ կարծիքները, դրանց հիման վրա ճկուն փոխվել, և այլն: Իհարկե, ստարտափները ժամանակի ընթացքում այդ ամենին հաճախ հասնում են, բայց որքա՞ն ժամանակ է դա տևում: Այստեղ էլ օգնության են գալիս բիզնես-աքսելերատորները: Դրանք կառույցներ են, որոնք օգնում են ստարտափներին հաշված ամիսների ընթացքում հասնել այն ամենին, ինչին ստարտափներն ինքնուրույն միգուցե շատ ավելի երկար ժամանակում հասնեին: Դա նույն կապերն են, պրոֆեսիոնալ մարդկանց խորհուրդները (կամ ստարտափների լեզվով ասած՝ մենթորինգը), սկզբնական անհրաժեշտ ռեսուրսները (օրինակ, աշխատելու տարածք, ինտերնետ, հոսթինգ), և այլն: Այդ պատճառով շատ ստարտափներ ձգտում են իրենց գոյության սկզբնական փուլում որևէ աքսելերատորի ծրագիր անցնել: Նման աքսելերատորներից մի քանիսի մասին մենք արդեն գրել ենք. Y Combinator, Techstars, Blackbox և 500 startups:

Հարյուրավոր տարբեր այլ աքսելերատորներ կան ողջ աշխարհում: Այս պահին, օրինակ, ավարտին է մոտենում Y Combinator-ի 2014թ-ի ձմեռային փուլի դիմումների ընդունման ժամկետը, որը հոկտեմբերի 21-ն է: 2014թ-ի իր ամառային ծրագրի դիմումների ընդունելությունը բացել է նաև ավստրիալական ANZ Innovyz START աքսելերատորը: Այս պահին բաց աքսելերատորների տասնյակ ծրագրերի կարող եք ծանոթանալ f6s.com կայքում: Ընդ որում, Հայաստանում ստարտափների համար եզակի աքսելերացիոն ծրագրի նոր փուլն է սկսել նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է, տևողությունը՝ 6-9 ամիս, որի ավարտին կենտրոնի աջակցությամբ կարող եք ստանալ մինչև 50 000$ ներդրում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բիզնես-աքսելերատորներից դուրս եկող ընկերությունները հաճախ հասնում են հսկայական հաջողությունների: Դրանցից են, օրինակ, Dropbox-ը կամ հայազգի Ալեքսիս Օհանյանի հիմնադրած Reddit-ը: Այնպես որ, եթե դուք ունեք ստարտափ, դիմեք մի քանի ծրագրերի: Միգուցե դրանց օգնությամբ դուք թափ հաղորդեք ձեր նախաձեռնությանը և հասնեք ձեր հաջողությանը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»