Ստարտափ

Երբ է ժամանակը դադարել վերլուծելու և սկսել ստեղծելու

Իր «The Lean Startup» գրքում Էրիկ Ռիսը գրում է. «Երբ գործարարները մարքեթինգային հետազոտություններ են անում և շփվում են հաճախորդների հետ, միշտ երկու վտանգ կա: «Պարզապես արա՛ դա» մոտեցման կողմնակիցները չեն համբերում միանգամից ինչ-որ բան սկսելու և նրանք չեն ուզում ժամանակ ծախսել իրենց ռազմավարությունը վերլուծելու վրա: Նրանք անմիջապես սկսում են գործել՝ հաճախ սպառողների հետ մի քանի մակերեսային զրույցներից հետո: Ցավոք, հաճախորդներն իրականում չգիտեն, թե ինչ են իրենք ուզում: Դա է պատճառը, որ գործարարները հեշտությամբ տրվում են գայթակղությանը և սկսում են կարծել, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են: Սակայն իրականում դա այդպես չէ:

Գործարարների մյուս տեսակը դառնում է «վերլուծական կաթվածի» զոհ: Նրանք անվերջ ու անդադար բարելավում, լրացնում են իրենց պլանը: Այս դեպքում հաճախորդների հետ շփվելը, հետազոտություններ անելն ու տեսական պլաններ մշակելը միանգամայն անօգուտ է: Անթերի պլան կազմելու խնդիրը շատ դեպքերում կայանում է ոչ թե նրանում, որ բաց են թողվում որոշ ռազմավարական քայլեր, այլ նրանում, որ փաստերը, որոնց վրա հիմնվում են այդ պլանները, հաճախ իրականությանը չեն համապատասխանում: Ցավոք դա հնարավոր չէ հայտնաբերել առանց սկսելու՝ տեսականորեն: Այդպիսի «շեղումները» բացահայտվում են միայն հաճախորդի և պրոդուկտի շփման արդյունքում:

Այսպիսով, չափից ավելի վերլուծությունը վտանգավոր է, բայց ոչ պակաս վտանգավոր է դրա բացակայությունը: Իսկ ե՞րբ է ժամանակը դադարել վերլուծելու և սկսել ստեղծելու:»

Իրականում սա շատ կարևոր հարց է: Մեր Հայաստանում նույնպես ես հանդիպել եմ երկու տեսակի մարդկանց էլ՝ «շատ վերլուծողներին» և «արագ սկսողներին»: Չնայած որ լավագույն տարբերակը մինչև սկսելը ինչ-որ վերլուծություններ անելն է ու փաստեր հավաքելը (բայց այդ ամենը շատ «չձգձգելը»), բայց եթե չդիտարկենք այդ լավագույն տարբերակը, ես միանգամայն կողմակից եմ արագ սկսելուն և ոչ թե անվերջ վերլուծելուն: Հավատացեք, այն ինչ տեսական է և այն ինչ ստացվում է իրականում, կարող են 180 աստիճանով իրարից տարբերվել: Երբ խոսքը գնում է սկսնակ գործարարների մասին, «այդ հոտառությունը» նրանք դեռ չունեն, որպեսզի հստակորեն հասկանան և պլանավորեն (գլխում կամ թղթի վրա), թե ինչ է իրենց սպասվում: Պետք է սկսել, շփվել իրականության հետ, շփվել իրական հաճախորդների և նրանց պահանջների հետ և միայն դրանից հետո կողմնորոշվել՝ ինչը թողնել, ինչն ավելացնել, որ ուղղությամբ շրջադարձ կատարել:

Այդ պատճառով էլ Էրիկ Ռիսն իր գրքում տալիս է «նվազագույն աշխատող պրոդուկտի» գաղափարը: Դա մի բան չէ, որը կատարյալ է: Հակառակը՝ պրոդուկտն ունի բազմաթիվ թերություններ, բազմաթիվ չլրացված անցքեր, բայց ընդհանուր առմամբ այն արտահայտում է վերջնական պրոդուկտի գաղափարը: Տվեք այդ «նվազագույն աշխատող պրոդուկտը» հաճախորդներին՝ իրական մարդկանց, թող նրանք որոշեն, թե ինչն է իրենց պակասում, ինչը դուր չի գալիս, իսկ դուք հետևեք և փաստեր հավաքեք: Եվ այդ դեպքում միայն դուք կարող եք պրոդուկտը բարելավել: Բարելավել, և ոչ թե կատարյալ դարձնել: Դա անվերջ գործընթաց է..

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

  • Հա այսինքն սկսնակ գործարարները սկսում են նոր պրոդուկտ ստեղծել,և երբ ստեղծում են ըստ իրենց "կատարյալ կամ վերջնական" պրոդուկտ,պետք է ներկայացնեն սպառողներին,այսինքն իրական մարդկանց,ովքեր պռոդուկտի "բաց ու թերի" կողմերը կլրացնեն,կարտահայտեն լավ ու վատ կողմերը,ինչը կուզենայն,որ տեսնեյն պռոդուկտի մեջ:Իսկ գործարարները պետք է հետևեն այդ ամենին,հետևություններ անելով:Որպիսզի և էլ ավելի կատարյալ դարձնեն,և "հոտառություն" և փորձ ձեռք բերեն:
    Լավն էր իրականում 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»