Հաջողության գաղտնիքներ

«Հետադարձ կապի» ուժը

Հետադարձ կապի մասին խոսելիս մենք ավելի հաճախ պատկերացնում ենք բիզնես ոլորտը: Եթե ավելի կոնկրետ և ավելի պարզ, տարբեր ընկերությունների կայքերի վրա, կարծում եմ, հանդիպած կլինեք «Հետադարձ կապ» հղումը: Կամ հանդիպած կլինեք հարցումներ, որտեղ ընկերությունները փորձում են հետադարձ կապ ստանալ իրենց նոր պրոդուկտի մասին: Բիզնեսները շատ լավ հասկանում են «հետադարձ կապի» ուժը, քանի որ դա թույլ է տալիս ավելի կատարյալ դարձնել իրենց ծառայությունը կամ պրոդուկտը: Հետադարձ կապը թույլ է տալիս «տեսնել քեզ կողքից»: Իսկ դա շատ կարևոր է, քանի դեռ մենք չենք սովորել կարդալ մարդկանց մտքերը: Իսկ որքանո՞վ ենք օգտագործում հետադարձ կապը մենք՝ հասարակ մահկանացուներս:

Միջին վիճակագրական մարդը սովորաբար «կույր է»: Կույր ոչ թե տեսողության իմաստով, այլ այն, որ իր հետ կապված մարդը հաճախ չի տեսնում այն, ինչն իրականում կա: Օրինակ, գործին շատ նվիրված մարդը կարող է օրնիբուն աշխատել և չնկատել, թե ինչպես է քայքայում առողջությունը: Կամ կյանքը վայելող երիտասարդը կարող է օրերով ակումբներից և բարերից տուն չվերադառնալ՝ չնկատելով, թե ինչպես է անցնում կյանքը՝ առանց հիմնավոր ինչ-որ արդյունքների: Երկու դեպքում էլ շրջապատի հորդորներն ապարդյուն են անցնում, քանի որ մարդը «փակ» է հետադարձ կապ ստանալու համար: Նա չի զգում դրա անհրաժեշտությունը:

Յուրաքանչյուր օր մենք ստանում ենք «հետադարձ կապ»՝ անվճար: Մի բան, որի համար բիզնեսները պատրաստ են վճարել հսկայական գումարներ: Այդ «հետադարձ կապը» մենք ստանում ենք մեր ամենօրյա շփման արդյունքում՝ մեր հարազատներից, ընկերներից, նոր ծանոթներից: Մենք պետք է բաց լինենք այդ ինֆորմացիան վերցնելու համար: Մենք պետք է շնորհակալ լինենք նման հնարավորության համար: Եթե մենք ուզում ենք դառնալ ավելի լավը, դառնալ ավելի կատարյալ և օգտակար մարդ, հասնել ավելի մեծ արդյունքների, մենք չպետք է փակվենք մի վանդակի մեջ, որը կոչվում է «ԵՍ» և կուրորեն շարունակենք անել այն, ինչը սովորաբար արել ենք: Մենք պետք է հետադարձ կապ ստանանք, մենք պետք է ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՆՔ:

Հ.Գ.
Հիշեք, հետադարձ կապը մի բան չէ, որը պետք է անվերապահորեն ընդունել: Հաճախ դու կարող ես տեսնել այն, ինչը չի տեսնում շրջապատը: Հետադարձ կապը մի բան է, որի համար պետք է «բաց» լինել և որը պետք է ստանալ և վերլուծել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»