Հեղինակային առակներ

Մտածեք լայնամասշտաբ. առակ

Հեռավոր գյուղերից մեկում մարդիկ երկար ժամանակ մեկուսացված էին ապրում: Գյուղը հեռու էր քաղաքակրթությունից, չկային երթևեկելի ճանապարհներ, քաղաք գնալու համար մարդիկ ոտքով կիլոմետրեր էին անցնում: Այդ գյուղում էին ապրում երկու հարևաններ՝ Գլենն ու Բենը: Երկուսն էլ աշխատասեր էին՝ աշխատում էին ամառ, աշուն և գարուն, երկուսն էլ համառ էին՝ կարող էին ոտքով հսկայական տարածություն կտրել, եթե պետք էր քաղաք հասնել, երկուսն էլ ապրում էին նույն պայմաններում՝ մեծ հողադաշտ ու հեկտարներով ցորեն: Գլենին ու Բենին ճանաչում էին գյուղում, նրանց եռանդը բոլորին էր զարմացնում, անընդհատ դաշտում էին, անընդհատ ինչ-որ բան անում, և իրենց աշխատասիրությամբ՝ մյուսներին էլ վարակում: Երկուսն էլ առողջ, ամրակազմ տղամարդիկ էին, նրանց երեխաները միասին էին խաղում, երեկոյան էլ՝ միասին հավաքվում, ժամանակ էին անցկացնում:

Թվում էր՝ այս երկուսը միևնույն գետի երկու տարբեր վտակներ են, որոնք նույն ուղղությամբ են հոսում: Թվում էր՝ նրանց երկուսին էլ նույն վերջնակետն է սպասվում, եթե… Եթե մի օր չորոշեին, որ «հերիք է առանձին, մեկուսացված ապրենք, սկսենք ճանապարհ կառուցել, գյուղը երթևեկելի դարձնենք, այսքան բերքն ու բարիքը սկսենք վաճառել»: Երկուսն էլ ցնծում էին, մարդիկ՝ նրանց հավատում և նրանց շուրջը հավաքվում: Բայց կար մի տարբերություն: Բենին թվում էր, որ ճանապարհը պետք է դեպի քաղաք կառուցել, որն ընդամենը 7 կիլոմետր էր հեռու: Կկառուցեին այն հինգ ամսում և ցորենի կեսը քաղաք կտանեին: Գլենն այլ կարծիքի էր: Երկրի սահմանը 20 կիլոմետր հեռավորության վրա էր անցնում: Մտածում էր. «ճանապարհը պետք է այնտեղ կառուցել»: Կկառուցեին այն երկու տարում և գյուղի ողջ ցորենը հարևան երկիր կտանեին:

Մտածելակերպի տարբերությունը վերածվեց տարաձայնության: Ամեն մեկը որոշեց իր ճանապարհը կառուցել: Մեկի ճանապարհն արագ էր և տանում էր այնտեղ, որտեղ իրեն ծանոթ է, մյուսինը՝ դանդաղ և դեպի անհայտություն: Մեկին պետք էր սպառել ցորենի մի մասը միայն, մյուսին՝ ցորենն ամբողջությամբ: Մեկը մտածում էր փոքր մասշտաբներով, մյուսը՝ լայնամասշտաբ: Եվ սկսեցին կառուցել ճանապարհները: Հենց այդ պահից սկսեցին կառուցվել նաև նրանց «կյանքի ճանապարհները»: Այդ ճանապարհները նրանց տարբեր տեղեր տարան: Տարան այնտեղ, որտեղ նրանք պլանավորել էին: Թե ում ուր, կարելի է գուշակել: Դա կարելի է տեսնել նաև այս առակից դուրս: Նմանատիպ մարդիկ, միևնույն ապրելակերպի, նմանատիպ խելացի և աշխատասեր, հաճախ կարող են տարբեր արդյունքների հասնել՝ մեծ և փոքր:

Եթե ուզում եք հասնել մեծ արդյունքների, մտածեք լայնամասշտաբ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»