«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Միջավայրը ձևավորում է մարդուն

Այն, որ միջավայրը ձևավորում է մարդուն, ես զգացել եմ սեփական մաշկի վրա, նաև այն զրույցների հիման, որոնք ունեցել եմ տարբեր մարդկանց հետ: Միջավայրը միայն մարդիկ չեն, չնայած շրջապատի մարդկանց ազդեցությունը մեր ձևավորման հարցում ահռելի է: Միջավայրը նաև կենցաղն է, մեր ապրելակերպը, մեզ շրջապատող իրերը: Միջավայրի ազդեցությունը հսկայական է, քանի որ այն ազդում է մեր ենթագիտակցության, մտածելակերպի, հետևաբար նաև սովորությունների և քայլերի վրա:

Երբեմն անհրաժեշտ է լինում փոխել միջավայրը, որպեսզի փոխվենք մենք ինքներս: Երբ ես որոշեցի, որ ուզում եմ հայտնվել ինչ-որ կետում, ես փոխեցի միջավայրս, որն ամեն կերպ ինձ պետք է օգներ, որ ես հայտնվեի այդ կետում: Միջավայրի փոփոխությունը բերում է ինֆորմացիայի փոփոխության, որն ամեն օր մուտք է գործում մեր ուղեղ: Դա այն ինֆորմացիան է, որը ձևավորում է մեր մտքերը և անում է դա մեզանից անկախ, հետևաբար ձևավորում է նաև մեր հետագա կյանքը:

Իսկ ինչպե՞ս ձևավորել միջավայրը, ինչից ելնելով, ինչպե՞ս հասկանալ, որ դա այն միջավայրն է, որը մեզ պետք է:

Սկզբում պատկերացրեք այն կետը, որում ուզում եք հայտնվել: Ապա սկսեք շփվել մարդկանց հետ, որոնք կամ գտնվում են այդ կետում, կամ նույնպես շարժվում են այդ ուղղությամբ՝ նույն եռանդով և խանդավառությամբ: Դա ամենագլխավորներից մեկն է. մարդիկ, ում հետ դուք շփվում եք ամեն օր:

Երկրորդն այն վայրը կամ վայրերն են, որտեղ դուք անցկացնում եք ձեր օրը: Այդտեղ դուք ձեզ պետք է հրաշալի զգաք, զգաք, որ ունեք թևեր և կարող եք թռչել: Իսկ նման զգացումը ձևավորում են ոչ միայն մարդիկ, այլ նաև շրջապատող իրերը, կահավորանքը, տեսարանը: Շրջապատեք ձեզ իրերով, որոնք ձեզ հիշեցնում են, թե դեպի ուր եք դուք շարժվում: Վերացրեք այն իրերը, որոնք ձեզ շեղում են և չեն նպաստում նրան, ինչին դուք ձգտում եք:

Փոխեք ձեր ապրելակերպը, եթե դրա շնորհիվ դուք կարող եք ավելի արագ հասնել ձեր նպատակակետին: Փոխեք ձեր սնվելու կարգը, բարելավեք ֆիզիկական վիճակը, հրաժարվեք վատ սովորություններից, ֆիլտրեք այն ինֆորմացիան, որն ամեն օր ստանում եք, և արեք դա միայն նրա համար, որ հնարավորինս շուտ հայտնվեք այն կետում, որին դուք ձգտում եք:

Եվ վերջում, այս ամենին վերաբերվեք որպես ձեռքբերում, որպես հերթական քայլ դեպի նպատակը, քանի որ իրականում այդպես էլ կա: Միջավայրը փոխելը հաճախ հեշտ չէ՝ տարբեր պատճառներից ելնելով, սակայն շատ բան կախված է նրանից, թե որքան մեծ է ձեր ձգտումը, որքան շատ եք դուք ուզում հայտնվել այն կետում, որն այս պահին պտտվում է ձեր գլխում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»