«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Արդյունավետության 5 խորհուրդ ավտոմրցավազքի չեմպիոնից

Հեղինակ՝ Arakelyan

Մոտ մեկ տարի առաջ ես որոշեցի ավտոմեքենա վարել սովորել. թերևս այդ քայլին ինձ դրդեց մեծ անհրաժեշտությունը: Լինելով երկու` մինչև 3 տարեկան բալիկների մայրիկ և տեղափոխվելով քաղաքի ծայրամասերից մեկը` իմ ազատ տեղափոխվելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին: Այսօր ես երջանիկ եմ, որ հարկադրված դիմեցի այդ մարտահրավերին, քանի որ ոչ միայն ձեռք բերեցի նոր և շատ օգտակար հմտություն, այլ նաև հանդիպեցի նրան` իմ իմաստուն չեմպիոն-ուսուցչին:

Ես շատ բծախնդիր մոտեցա ուսուցչի ընտրության հարցին: Ինձ համար կարևոր էր իսկապես ստանալ գիտելիք, և ես ընդամենը մեկ հարց էի տալիս տարբեր ուսումնական կենտրոններ զանգահարելիս. «Ես կարո՞ղ եմ ինքնուրույն, իմ ուժերով հանձնել պետավտոտեսչության քննությունը»: Թվում է պարզ մի հարց, կանխատեսելի պատասխանով, բայց ես միայն լսում էի. «Դե, աղջիկ ջան, գիտես մեզ մոտ ինչպես է, ես ոչ ոքի չեմ ճանաչում, ով ինքնուրույն է հանձնել»: Եվ ահա հերթական զանգերիցս մեկին պատասխանեց նա, հասուն, սակայն առույգ ու դրական մի ձայն: Ես կրկնեցի իմ «թեստային» հարցը և նա պատասխանեց. «Այո, իհարկե կարող ես, եթե ցանկանաս, ապա կարող ես, իսկ քո ձայնից ես հասկացա, որ ցանկանում ես»: Եվ հենց այստեղ սկսեց մեր ծանոթության` բառիս նաև բուն իմաստով ճանապարհը:

Ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, ես հասնում էի քաղաքի մեկ ծայրից մյուսը: Նա կոկիկ հագուկապով, մոտ հիսուն տարեկան տղամարդ էր, շատ հավասարակշռված և զուսպ: Նրա մեթոդը շատ հստակ հրահանգներից էր բաղկացած: Առաջին օրերի լարվածությունը շուտ անցավ: Տեսնելով իմ անվստահությունը` նա նորանոր փորձություններ էր ինձ առաջարկում, ցույց էր տալիս, որ ամեն ինչ կարելի է սովորել, հարկավոր է միայն փորձել, կրկնել, անգամ սխալվել և նորից փորձել:

Ինձ հետաքրքիր էր նրա անձը և փորձելով բացահայտել նրան՝ ես սկսեցի հարցեր տալ: Պարզվեց, որ նա տարիներ շարունակ բնակվել և դասավանդել է ԱՄՆ-ում, ինչպես նաև մշտապես մասնակցել ավտոմրցավազքերի: Այստեղից էլ նրա հետաքրքիր մեթոդը, որով հեշտությամբ սովորել էին վարել շատ ու շատ սկսնակ վարորդներ: Հայրենիքի նկատմամբ կարոտը ստիպել էր նրան փակել ԱՄՆ-ում գտնվող իր ավտոդպրոցը, վաճառել տունը, մեքենաները և վերադառնալ Հայաստան` զրոյից ամեն ինչ սկսելու: Անխոս նա սիրում էր իր գործը և կատարում էր այն առանց վերապահումների, բայց ամենից շատ նա սիրում էր արագ մեքենաներ և արագ վարել:

Մեկ դաս մենք անցկացրեցինք նրա արհեստանոցում և արհեստանոցին կից ավտոկայանում, որտեղ ես կայանել էի սովորում: Կարծում եմ, այդ ժամանակ արդեն արժանացել էի նրա վստահությանը և նա առաջարկեց ինձ տեսնել իր մրցավազքային մեքենան, որը մաս առ մաս հավաքել էր իր ձեռքերով: Հոյակապ մի մեքենա, համալրված ամենաժամանակակից մասերով: Ճիշտ է, ես ոչինչ չեմ հասկանում մեքենաներից, բայց հավաստիացնում եմ. տեսքը տպավորիչ էր: Մեքենայի մեջ չկային անգամ ուղևորային նստատեղեր, որպեսզի այն ավելի թեթև լինի, հետևաբար` ավելի արագ: Ուսուցիչս ասաց, որ նա նույնիսկ մրցավազքի վայր չի հասնում այս մեքենայով, այլ տեղափոխում է միայն մեքենատարով: Համաձայնեք՝ շատ ոգեշնչող է տեսնել որևե մեկի կիրքը, նվիրվածությունը իր գործին, զգալ, որ մարդը գտել է իր կոչումը: Ինչ հիանալի կլիներ, եթե յուրաքանչյուրս աշխատեինք և ներդնեինք մեր մեծ նպատակներին հասնելու ուղղությամբ, փոքր քայլեր կատարելով, սակայն հետևողական:

Իմ ավտովարման 20 գործնական ժամերը շատ արագ անցան, չգիտեմ քանի կիլոմետր եմ վարել, բայց երևի շատ-շատ: Ավելորդ է անգամ նշել, որ առաջին իսկ փորձից հանձնեցի քննությունը:

Բայց բանն այսքանով չավարտվեց: Այժմ՝ մոտ մեկ տարի անց, ես շատ հաճախ հիշում եմ իմ ուսուցչի հրահանգները և խորհուրդները, որոնք ոչ միայն օգնում են մեքենա վարելիս, այլև շատ ուրիշ իրավիճակներում : Ահա դրանցից մի քանիսը.

1. Եղի՛ր ճկուն և սպորտային

Նա` լինելով հայրիկիս տարիքի, ինձ դրդում էր լինել ավելի համարձակ: Նա իմ չափազանց պահպանողական և զգուշավոր վարքը «տատիկական» էր համարում և «սպառնում», որ եթե այդպես վարես, քեզ այլ վարորդները մշտապես դուրս կմղեն ճանապարհի քեզ հասանելի հատվածից:
Ցանկացած գործում արհեստավարժությունը զարգացնելու հետ մեկտեղ օգտակար է նաև աշխատել արագ կողմնորոշվելու վրա: Այստեղ ես չեմ բացառում նաև ռիսկի գործոնը, սակայն միևնույն ժամանակ իմ ներսի «տատիկը» ինձ հուշում է, որ ռիսկը պետք է հիմնված լինի միայն գործնական ինտուիցիայի վրա: Ի՞նչ եմ հասկանում գործնական ինտուիցիա ասելով: Մեր ենթագիտակցությունը ոչինչ չի մոռանում և եթե մենք ժամանակին ստացել ենք գիտելիք կամ զարգացրել ենք հմտություն (ինչպես վարելը), այն ի հայտ է գալիս ինտուիտիվ ազդակների տեսքով այն պահերին, երբ հարկավոր է արագ որոշում կայացնել և ժամանակ չկա մտածելու:

2. Դիտի՛ր

Հարկավոր է անընդհատ և արագորեն դիտել` թողնելով, որ հայացքն ընդգրկի ողջ հասանելի տեսադաշտը: Տեսնել հեռուն, մոտը, աջը, ձախը, ետին հատվածը` հայելիներով: Նա ասում էր, որ վարելը ոչ թե ղեկը պտտելու և սեղմակները սեղմելու գործընթացն է, այլ աչքերի աշխատանքը:
Ունենալով ամբողջական պատկեր՝ ուղեղը ճիշտ հրահանգներ է ուղարկում ձեռքերին և ոտքերին: Երբ որևէ խնդրի կամ առաջադրանքի առջև եմ կանգնած, հավաքում եմ հնարավորինս շատ ինֆորմացիա, կարդում, զրուցում մարդկանց հետ այդ թեմայով և թույլ եմ տալիս ուղեղիս, որ այն ինքնուրույն գա որոշման և գործելու հրահանգ տա:

3. Մի՛ քնիր

Ո՛չ, իհարկե նա նկատի չուներ բառի բուն իմաստով քնելը (բայց դա էլ), այլ այն անթարթ և բացակայող վիճակը, որը թույլ չի տալիս լինել ներկա պահում: Վարելիս լիարժեք գիտակցությունը և ներկայությունը պարտադիր է: Դա նման է մեդիտացիայի. դու ամեն վայրկյան գտնվում ես տվյալ իրավիճակում: Սա երաշխիք է անվտանգ երթևեկության, իսկ առօրյայում կամ ցանկացած գործում՝ ապահովում է բարձր արդյունավետություն:

4. Հաղորդակցվի՛ր

Մեքենան վարելիս վարորդները ևս շփվում են: Հետաքրքիր է, որ կա նույնիսկ ոչ վերբալ «ճանապարհային» լեզու: Վարելիս դու հաղորդում ես մյուս վարորդներին, թե ինչ գործողություն ես պատրաստվում անել, խնդրում կամ զիջում ես ճանապարհը:
Հաղորդակցման դերը հնարավոր չէ գերագնահատել կյանքի ոչ մի բնագավառում: Պետք է հիշել, որ մարդը հիմնականում չի կարող կարդալ մյուսի մտքերը: Հարկավոր է միշտ միջոց գտնել փոխանցելու ինֆորմացիան:

5. Տե՛ս ճանապարհը և ոչ թե անդունդը

Գիտակցության ահռելի փոփոխություն էր ինձ հարկավոր այս մեկը կատարելու համար: Չկար մի իրավիճակ, որում ես չէի կենտրոնանա անդունդի (դժվարության, խնդրի, ձախողման) վրա: Իսկ երբ գիտակցությունս զբաղված էր վախով, ես չէի տեսնում ուղին: Նրա փիլիսոփայությունը պարզ էր. տե՛ս ճանապարհը, գնահատիր նրա պարամետրերը, եթե կանցնես, անցիր, արդեն էական չէ, թե ինչ կա դրա սահմաններից դուրս:

Հուսով եմ` այսուհետ այս խորհուրդները ոչ միայն ինձ համար օգտակար կլինեն: Կյանքում հաճախ հանդիպում ես «ուսուցիչ» մի տեղ, ուր ամենաքիչն ես սպասում: Ինչպես վկայում է բուդդայական ասացվածքը. «երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը հայտվում է»:

Հ.Գ.
Կցանկանայի, որ դուք ևս կիսվեիք ձեր ոչ պաշտոնական ուսուցիչների հետ շփման փորձով: Ինչպես նաև, եթե ունեք ձեր գործունեության արդյունավետությանը խթանող միջոցներ, ինձ հետաքրքիր կլիներ կարդալ մեկնաբանություններում:

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

16 մեկնաբանություն

  • Կարգին խորհուրդներ էին. ափսոս արդեն վարել գիտեմ, թե չէ հաստատ կուզենայի ձեր ուսուցչի մոտ սովորել 🙂

    Հ.Գ. ամեն դեպքում, եթե կարելի է խնդրում եմ նշեք նրա կոնտակտները, անհրաժեշտության դեպքում հենց նրան դիմելու համար, նախապես շնորհակալութուն:

    • Ուրախ եմ, որ Ձեղ դուր եկան խորհուրդները: Ահա կոնտակտները. Վարո Ակոպյան, ավտոմեքենայի վարման հրահանգիչ
      Հասցե, հեռախոս
      Հայաստան, 0087, Երևան, Խաղաղ Դոնի փող., 1/7 շենք
      (Էրեբունի վարչ. շրջան Երևանում)
      • ավտոմեքենայի վարման հրահանգիչ` +374-98-425701 (բջջ.) , +374-91-425701 (բջջ.)

  • Es verchers masnakcel ei trainingi ev ereq hetaqrqir mitq ei arandznacrel indz hamar vor kuzem kisvel, grum em angleren vorovhetev hajeren tarer chunem:

    -Stop starting, start finishing
    -Your work is most part of your life, so love your work….
    -Read, Read and read, That person was about 50 years old and was reading even on training breaks!!!

    Tenc shat kapakcvats chen bajc uzeci grel:).

  • “Ունենալով ամբողջական պատկեր՝ ուղեղը ճիշտ հրահանգներ է ուղարկում ձեռքերին և ոտքերին: ”
    Հրաշալի էր 😉 (y)

  • bolor 5 khorhurdnern el ughghaki uzum es kardal u kardal vor mtni entagitakcutyand medz!!! tes chanaparhy ev voch te andundy, ajspisi khorhurdy petq e pakcnel patin vor anyndhat kardas.

  • ինչ հրաշալի գրություն, հաճույք ստացա կարդալուց: Success կայքի այցելուները ակումբ չունեն, որտեղ հավաքվումն են և կենդանի շփվում?

    • ՈՒրախ եմ որ վայելեցիք, հուսով եմ իմ նոր գրառումը ձեզ ըս դուր կգա: Ակումբ դեռ չունենք, սակայն եթե ցանկացողներ լինեն, կարելի է դիմել Հրաչյային այդ հարցով:)

    • Հարգելի advocate of capitalism,
      Նման ակումբի միտք կա, սակայն պահը ցավոք դեռ չի հասունացել: Իրականում օնլայն «ակումբ» ինքնըստինքյան արդեն ձևավորվել է՝ դրանք success.am-ի հեղինակներն են, ակտիվ ընթերցողներն ու հետևողները: Միացեք և կզգաք այդ շունչը 🙂

  • advocate of capitalism -Չկա, Բայց լավ միտք ասեցիր …. 😉 Հրաչյա Մանուկյանին մտածելու միտում տվեցիր…Չէ Հրաչ ջան =D …Ուղակի ափսոս ոչ բոլորն են մայրաքաղաքից,ու ֆիզիկապես ոչ բոլոր մշտական այցելուները կարող են ակումբում հավաքվեն.Իմիջայլոց էտ միտքը իրականացնելով շատ լավ էֆեկտ կտա ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԼՈԳԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՌԵԱԼ ՇՓՄԱՆ-ը….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»