«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Դու բավական ես

Հեղինակ՝ Arakelyan

Երկու շաբաթ առաջ պատիվ ունեցա անձամբ հանդիպելու մի աշխարհահռչակ բժիշկ-բիոէներգետիկի: Նրա մոտ ընդունելության էի գնացել ընդհանուր ախտորոշման նպատակով, նաև պարզապես զրուցելու: Բացի արտասովոր շնորհից, նա իր գործունեության ընթացքում հանդիպել էր շատ մարդկանց, այդ թվում՝ ծանր կամ անբուժելի հիվանդների: Հետաքրքիր էր, թե ի՞նչ կասեր նա ինձ` միջին վիճակագրական, երեսունին մոտ մարդուս, ի՞նչ խորհուրդներ կտար:

Անգամ մինչև իր գրասենյակ հասնելը, առանց նույնիսկ վրաս նայելու, ասաց. «Քիչ ես քնում, քիչ ես ուտում, արյանդ մեջ շաքարի մակարդակն ընկնում է» և շատ այլ դիպուկ ախտորոշումներ արեց: Սակայն առողջությանս հետ կապված հարցերն ինձ ամենաքիչն էին հետաքրքրում և մի փոքր զրուցելուց հետո նա ասաց մի բան, ինչը մտքովս չէր էլ անցել: Նա ասաց. «Դու շատ լարված ես և շատ խստապահանջ քո նկատմամբ, մինչդեռ դու բավական ես, դու կաս այն, ինչ հարկավոր է քեզ հիմա»: Իմ առաջին արձագանքը միանշանակ առարկումն էր. «Ախր ինչպե՞ս, ես իմ հասուն կյանք մտնելու պահից ի վեր ամբողջ էությամբ ձգտում եմ անձնային աճի, կյանքիս ողջ ընթացքում քարոզում եմ ուսուցումը, ինքնակատարելագործումը, ուշադիր եմ երեխաներիս վաղ զարգացմանը և ընդունել, որ բավական եմ, նշանակում է՝ ժխտել դա»: Բայց հանդիպումից հեռացա լիովին բավարարված և զգում էի, որ դեռ պետք է յուրացնեմ ասածները:

Որոշ ժամանակ պահանջվեց այդ բառերի իրական իմաստը և հատկապես կիրառությունն ընկալելու համար: Այո, պետք է խոստովանեմ, որ շատ հաճախ է ինձ հետ պատահում, որ ես մտածում եմ. «Ես բավական գեղեցիկ չեմ», «Ես բավական խելացի չեմ», «Ես բավական ստեղծագործ չեմ». կարիք կա՞ շարունակելու ցանկը: Սակայն ի՞նչ եք կարծում՝ այս դատողությունները երբևէ օգնե՞լ են ինձ կատարել որևէ քայլ: Երբեք: Երբ ես ինչ-որ անհասկանալի սանդղակով սկսում եմ ինձ չափել և որակներ վերագրել, ես բացառում եմ իմ «թերությունները» փորձության մեջ ստուգելու հնարավորությունը: Ես ընտրում եմ ապահով գոտին. տգե՞ղ եմ` չեմ գնա հանդիպման, խելացի՞ չեմ` չեմ խոսա, ստեղծագո՞րծ չեմ` չեմ գրի, չէ՞ որ հնարավոր է գոյատևել առանց այդ ամենի: Գոյատևել` այո, իսկ ապրել` ոչ:

Երբ ես լիովին ընդունեցի «բավական լինելու» համոզմունքը, սկսեցի հետազոտել և գտա ինձ համար օգտակար մի քանի դրույթներ, որոնք ստիպում են փոխել կարծրացած մտածելակերպը:

1. Իմաստ չունի համեմատել ինձ այլ մարդկանց հետ: Դա ինձ ոչինչ չի տալիս: Ես երբեք չեմ դառնա «նա»: Ես ունեմ իմ պատմությունը, իմ անհատականությունը, իմ կիրքն ու իմ տաղանդները, որոնց ամբողջությունը հատուկ է միայն ինձ: Ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ և այն մարդիկ, ովքեր կարևոր են իմ կյանքում, ևս կանեն դա:

2. Ես պետք է միշտ հիշեմ իմ բոլոր դրական հատկանիշները, ինչպես նաև իմ հաղթանակները: Երբ ես կենտրոնանում եմ այն բանի վրա, թե ինչ կարող եմ անել, իմ առջև բացվում են անսահման հնարավորություններ:

3. Ինձ հաճախ խանգարում է անցյալիս անհաջող փորձը և վախենալով նույն իրավիճակում հայտնվելուց՝ ես այլևս չեմ փորձում կրկին: Տաք ջեռուցչից վառված կատուն այլևս չի մոտենում տաք ջեռուցչին, սակայն նա չի մոտենում նաև սառը ջեռուցչին: Որոշ իրավիճակներում հաջողության հասնելու համար հարկավոր է կրկին փորձել: Հանրահայտ հեղինակ Ջոան Ռոուլինգին մինչ իր առաջին «Հարրի Փոթթերի» լույս տեսնելը մերժել են տասներկու անգամ: Պատկերացնու՞մ եք, եթե նա որոշեր, որ լավ չի գրում, դադարեր դիմել հրատարակչություններ և դադարեր գրել:

4. Ես պետք եմ աշխարհին և դա փաստ է, քանի որ ես ծնվել եմ: Վերհիշելով հանճարեղ մարդկանց անցած ճանապարհը՝ հասկանում եմ, որ նրանք նույնպես պարզապես մարդ են, ինչպես ես: Չկա որևէ ապացույց, որ ես ունակ չեմ գյուտ անել, շեդեվր ստեղծել, դառնալ հոգևոր առաջնորդ: Պարզապես ես չեմ ունեցել նման նպատակ և չեմ աշխատել այդ ուղղությամբ: Եվ նույնիսկ, եթե ես չունեմ նպատակ շրջել աշխարհը, ես կարող եմ շրջել իմ կյանքը, իմ հարազատների, ընկերների կյանքը, քանի որ ես պետք եմ:

Հուսով եմ այս նոր բացահայտումներս ձեզ հետաքրքիր էին, սիրով կկարդամ, եթե կիսվեք ձեր մտքերով:

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

5 մեկնաբանություն

  • Այս նյութը կարծես իմ մասին լինի:Ես անկեղծորեն ուզում եմ փոխել կյանքս :Ինձ շարունակ թվում է,թե ես միջակ մարդ :ԵՎ այդ զգացողությունից սիրտս խառնում է:Կուզեի փոխել կյանքս 180 աստիճանով,լինել ինքնավստահ ,ոչ մեկից կախում չունենալ,լինել ֆինանսապես անկախ….,սակայն անկեղծ ես չգիտեմ ,թե ուրիշ ինչ կարող եմ անել,բացի այն գործից ,որ այժմ անում եմ…

  • Ես բոլորին խորհուրդ կտամ հիշել, որ մենք մահկանացուներ ենք:
    Ու պետք չէ կյանքին շատ լուրջ վերաբերվել:
    Մենք անհատականություններ լինելով հանդերձ շատ նման ենք միմյանց: Բոլորս ունենք մեր հաջողություններն ու անհաջողությունները, ուժեղ և թույլ կողմերը…
    Ընդամենը պետք է ապրել՝ սիրել, շփվել հաճույք ստանալով, զբաղվել սիրած աշխատանքով, շրջապատին նայել հավասար աչքով(չթերագնահատել ու չգերագնահատել): Ընկերներիդ, կնոջդ, ամուսնուդ, ծնողներիդ, երեխաներիդ, հայրենիքիդ ու մարդկությանը տվեք ձեր ունեցած ամենալավը, և այդ ամենը կվերադառնա ձեզ:
    Նորից եմ հիշեցնում մեր երկրային կյանքը հավերժ չէ, գեղեցիկ ապրենք մեզ շնորհված օրերը:

  • Shat stapecnogh er!!! Hogeharazat boloris hamar, henc esor indz zangecin asecin vor interviewn ches ancel u nenc tkhrel ei, bajc ajs hodvatsy kardaluc heto mi tesak vogevorveci u mtateci kpokhem vorosh baner CV um,aveli shat kpatrastvem, kashkhatem im vra u noric kdimem urish tegher!!!!

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»