Անձնային աճ

Ինչ ենք մենք կորցնում, երբ հետադարձ կապ չենք ստանում

Մենք բոլորս հնարավորություն ունենք աճելու ավելի արագ, սխալվելու ավելի քիչ, լինելու ավելի կայացած, խելացի, ավելի լավ անձնավորություն: Խոսքը կախարդական հաբերի մասին չէ: Ես խոսում եմ հետադարձ կապի մասին:

Հետադարձ կապը եղել է և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք հասարակության մեջ: Մենք ստանում ենք մարդկանց կարծիքները, գնահատականը, վերաբերմունքը մեր, մեր արարքների, աշխատանքի, կարճ ասած՝ մեր փոքրիկ մոլորակի վերաբերյալ, եթե փոքրիկ մոլորակ ասելով հասկանանք այն ամենը, ինչը կապված է մեզ հետ:

Իրականում հետադարձ կապ մենք ստանում ենք ամեն օր, տարբեր վայրերում, տարբեր մարդկանցից, նույնիսկ եթե դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Ուսուցչի գնահատականը աշակերտի համար հետադարձ կապ է, ծափահարությունները դերասանի համար հետադարձ կապ է, դատարկ մարզադաշտը ֆուտբոլային ակումբի համար հետադարձ կապ է, մարդկանց հայացքները մեզ վրա փողոցում հետադարձ կապ է, հաճոյախոսությունը կնոջ համար հետադարձ կապ է, նույնիսկ ֆեյսբուքյան լայքերի քանակը, ընդունենք, թե ոչ, բոլորիս համար հետադարձ կապ է: Առանց հետադարձ կապի մենք չենք կարող ապրել: Մեզ համար կարևոր են այլ մարդկանց կարծիքները և դա մեր ապրելակերպն է, իրերի ներկայիս դասավորվածությունն աշխարհում:

Հետադարձ կապն ունի արժեք և որպեսզի հասկանանք այդ արժեքը, պետք է գիտակցենք, որ մեզ շրջապատող մարդիկ խելացի են: Հաճախ նրանք կարող են տեսնել և իմանալ այն, ինչն այդ պահին մենք չենք տեսնում կամ չգիտենք: Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են նրանք: Շրջապատի յուրաքանչյուր մարդ մեզ կարող է տալ ինչ-որ բան, որը կօգնի մեզ խուսափել սխալներից կամ աճել ավելի արագ:

Շրջապատի մարդկանց փորձն ու գիտելիքը մենք հաճախ անտեսում ենք: Պատճառն այն է, որ սովորաբար յուրաքանչյուր մարդը տեսնում է շրջապատը իր շուրջ պտտվելիս, որտեղ նա ավելի խելացի է, «ամեն ինչ գիտի» և հասկանում է ավելի շատ, քան ուրիշները: Մենք չենք տեսնում պատկերն ավելի լայն: Մենք գիտենք, թե ինչ գիտենք մենք, բայց չգիտենք, թե ինչ գիտեն ուրիշները, չնայած ենթադրում ենք, որ մենք գիտենք ավելի շատ, քան ուրիշները: Այդպես մենք ենթադրում ենք, քանի որ դա բավարարում է մեր հիմնական կարիքներից մեկը՝ ինքնագնահատված և ուրիշների կողմից գնահատված լինելու: Իսկ դա մեզ համար նույնքան կարևոր է, որքան սոված չլինելու կամ սիրված լինելու կարիքը:

Վերադառնալով հոդվածի վերնագրին՝ եկեք հասկանանք, թե ինչ ենք մենք կորցնում, երբ հետադարձ կապ չենք ստանում: Մենք կորցնում ենք հնարավորություն ճանաչելու ինքներս մեզ: Իրականում մեզ կարող է թվալ, թե մենք ճանաչում ենք մեզ, բայց քանի դեռ չունենք ապացույց, դա միայն ենթադրություն է: Որպեսզի ենթադրությունը հաստատենք կամ դրժենք, մենք պետք է իմանանք, թե ինչպես են մեզ տեսնում շրջապատի մարդիկ: Եթե մարդն իրեն տեսնում է բարի և հոգատար, դա ոչինչ չի նշանակում, եթե շրջապատը տեսնում է նրան որպես դաժան մարդ: Եթե մարդն իրեն տեսնում է հավասարակշռված, հավանական է դա այդպես չէ, եթե շրջապատը նրան տեսնում է ագրեսիվ, քանի որ շրջապատի մարդիկ հիմնվում են փաստերի և սառը դատողության վրա, իսկ մարդը՝ զգացմունքների:

Հրաժարվելով հետադարձ կապից՝ մենք նաև կորցնում ենք հնարավորություն ավելի արդյունավետ աշխատելու: Երբ դու կատարում ես որոշակի աշխատանք կամ ստեղծում ես ինչ-որ բան, սովորաբար դու դա անում ես ուրիշների համար: Երբ դու երգում ես, երգում ես ուրիշների համար, իսկ երբ գիրք ես գրում, կրկին գրում ես ուրիշների համար: Չստանալով հետադարձ կապ՝ դու չես կարող հասկանալ, թե որքան արդյունավետ ես աշխատում, արդյո՞ք ճիշտ ճանապարհով ես գնում, արդյոք այն, ինչ դու տեսնում ես և ինչ տեսնում են ուրիշները, իրար համապատասխանո՞ւմ են: Եթե այո, ապա դու ունես ապացույց, եթե ոչ՝ պետք է ինչ-որ բան փոխես: Երբ հետադարձ կապ չենք ստանում, այդ ինչ-որ բանը փոխելը հաճախ ուշ է լինում կամ ընդհանրապես չի լինում: Իսկ դա անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի արդյունավետության վրա:

Հ.Գ.
Հասկանում եմ՝ անսովոր և տարօրինակ կարող է թվալ, եթե դու մարդկանցից հետադարձ կապ խնդրես: Մեր առօրյայում ընդունված չէ կանգնել և ասել. «Ի՞նչ ես դու մտածում իմ բնավորության մասին», «Ի՞նչ ես մտածում արտաքինիս մասին», «Ինչպե՞ս ես գնահատում աշխատանքս»: Այդ խնդրի լուծումն այսօր իմ և ընկերներիս համար կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա մարդկանց ավելի արագ ինքնակատարելագործվել: Սակայն այստեղ դրա մասին չեմ ուզում խոսել, դուք ամեն ինչ կհասկանաք՝ անցնելով հղումով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

8 մեկնաբանություն

  • Հետադարձ կապ ստանալու համար փոքր ինչ համարձակություն է հարկավոր: Ոչ բոլոր արձագանքները դրական երանգավորում կունենան: Պարզապես պետք է մի պահ ՛անջատել՛զգացմունքները և հասկանալ թե ինչով տվյալ կարծիքը մեր զարգացմանը: Շնորհակալություն հիշեցման համար 🙂

    • Համաձայն եմ, համարձակություն պետք է 🙂

      Բանը նրանումն է, որ մեզ հենց բացասականը պետք է ավելի շատ հետաքրքրի, դրականը իմանալով՝ այդ պահին մեզ լավ ենք զգում, միգուցե սեփական անձի հանդեպ վստահությունն աճում է, բայց բացասականը ստանալով, վերուծելով և անհրաժեշտության դեպքում ուղղելով՝ մենք աճում ենք:

  • Առանց հետադարձ կապի կամ ընկերներիս կարծիքի, թեկուզ շատ անծանոթ մարդու կարծիքը ինձ շատ հետաքրքիր է և անհրաժեշտ, ցանկացած աշխատանք, ցանկացած աշխատանքի նկար տեսնում և գնահատում են գրեթե իմ բոլոր ընկերները, ոչ թե ես ինքնուրույն չեմ կարողանում որոշում ընդունել, այլ իմ կարծիքը սահմանափակվում է իմ ճաշակով, որպեսզի շատերին հետաքրքիր լինի, պետք են շատ կարծիքներ…

  • “Եթե մարդն իրեն տեսնում է բարի և հոգատար, դա ոչինչ չի նշանակում, եթե շրջապատը տեսնում է նրան որպես դաժան մարդ”
    Ընդհանուր առման համաձայն եմ.ԲԱՅՑ մի լավ խասք կա.
    “Ավելի լավ ա աչքս դուրս գա,քան ԱՆՈՒՆՍ” արտահայտութունը էն բանի համոզմունքն է,որ շատ ժամանակ սխալ ընկալման հետևանքով տվյալ անձնավորությունը կամ բրենդը վատ ձևով է ներկայացվել.ԲԱՅՑ իրականում թերկարծիք է ձևավորվել.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»