«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Ինչպես աշխատել շատ և հանգստանալ շատ

Մարդու քունը զարմանալի բան է: Մինչև հիմա էլ գիտնականները «գլուխ են ջարդում» հասկանալու համար, թե ինչու են մարդիկ քնում: Վերջերս մի տեսանյութ էի դիտում, որտեղ գիտնականների կողմից վարկած էր առաջ քաշվում, որ քնի ամենակարևոր նշանակություններից մեկը երազներ տեսնելն է: Նրանք նույնիսկ փորձեր էին կատարել, որ երբ մարդը երազ չի տեսնում քնած ժամանակ, նա սկսում է դրանք տեսնել արթուն ժամանակ: Այսինքն, չքնելու դեպքում մարդու իրականությունն ընկալելու զգացումը խախտվում է և նա սկսում է խառը պատկերներ տեսնել: Ամեն դեպքում, այս հոդվածի նպատակը քնի բացահայտումը չէ, պարզապես անհրաժեշտ էր հասկանալ քնի կարևորությունը առաջ անցնելու համար:

Միանգամից պատասխանեմ գլխավոր հարցին՝ ինչպե՞ս անել, որպեսզի աշխատել շատ և հանգստանալ շատ: Անհրաժեշտ է քնել շուտ և արթնանալ շուտ: Հիշեք՝ շատ չի նշանակում արդյունավետ: Շատ աշխատել չի նշանակում արդյունավետ աշխատել և շատ հանգստանալ չի նշանակում արդյունավետ հանգստանալ: Պետք է հասկանալ երբ աշխատել և երբ հանգստանալ: Այստեղ ես չեմ պատրաստվում հարցին մոտենալ գիտականորեն կամ փաստերով (դա միգուցե անեմ մեկ այլ անգամ), այլ պարզապես ուզում եմ կիսվել իմ փորձով: Արդեն երկար ժամանակ է, ինչ ես երբեք չեմ աշխատում երեկոյան ժամը 21:00-ից հետո, քնած եմ լինում ժամը 23:00-ին և արթնանում եմ առավոտյան ժամը 5:00-6:00: Դա թույլ է տալիս անել ավելի շատ:

Առավոտյան արթնանալիս մարդու ուղեղը թարմ է, գիտակցությունը հստակ, ուժերը լի: Այդ ժամերին կարելի է այնքան գործ անել, որքան միգուցե չկարողանաս անել երեկոյան՝ եռապատիկ ժամանակում: Պարտադիր չէ, որ առավոտը սկսվի ժամը 8-ից: Պետք է սկսել այն ավելի շուտ, օրինակ, ժամը 6-ին: Այդ երկու ժամը կարող են լինել ձեր կյանքի ամենաարդյունավետ ժամերը՝ հատկապես, եթե դուք մտավոր աշխատանք ունեք անելու: Նույնիսկ եթե ոչ, ապա այդ ժամերին դուք կարող եք մարզվել, գիրք կարդալ կամ անել ցանկացած կիսատ գործ: Առավոտյան ժամերը հանգիստ են, ոչ ոք չի խանգարում, ձայները լռած են, հաճախ մութ է և ողջ ուշադրությունը կարելի է կենտրոնացնել գործի վրա: Դուք արթնանում եք շուտ, հասցնում եք անել շատ և նույնիսկ զգացողություն է առաջանում, որ ձեր օրը երկար է, հետևաբար «ապրում եք ավելի երկար»: Արդյունքը հետևյալն է. այն ժամին, երբ բոլորը դեռ նոր են արթնանում, դուք արդեն հասցրել եք շատ բան անել, դուք ունեք առավելություն:

Անցնենք երեկոյան ժամերին: Կարծում եմ ես չպետք է Ձեզ ասեմ, թե որքան հոգնած ենք մենք հաճախ լինում երեկոյան ժամերին: Ի՞նչ իմաստ ունի աշխատել այդ ժամերին, եթե աշխատած 2 ժամը իրականում 2 ժամ չէ. առավոտյան դուք կարող էիք այդ գործն ավելի արագ անել: Ավելի լավ չէ՞ այդ ժամանակը ծախսել հարազատների հետ շփվելու, զրուցելու, զբոսնելու կամ ֆիլմ դիտելու վրա: Լիցքաթափվեք օրվա վերջում, մոռացեք գործերի մասին: «Կարևոր գործեր» միշտ էլ լինելու են, փորձեք հավասարակաշռություն մտցնել գործերի և հանգստի միջև: Ես իմ համար ընտրել եմ ժամը 21:00-ն, որից հետո գործ չեմ անում, դուք միգուցե ընտրեք 20:00-ն կամ 21:30-ը, դա էական չէ: Կարևորը՝ քնել ոչ շատ ուշ: Երբ ես քնում եմ 23:00-ից հետո, շատ դժվար է լինում արթնանալ առավոտյան շուտ, օրգանիզմը դիմադրում է: Մի տեղ կարդացել եմ, որ մարդու ուղեղում ամենակարևոր գործողությունները տեղի են ունենում 23:00-ին և այդ ժամանակ մարդը պետք է քնած լինի (սա մի ընդունեք որպես փաստ) և հենց դրանից հետո որոշեցի այդ ժամին միշտ քնած լինել: 23:00-ին քնած լինելու դեպքում առավոտյան զարթուցչի կարիք նույնիսկ չի լինում. օրգանիզմը արթնացնում է քեզ ինքնուրույն (պարզապես պետք է դա սովորություն դարձնել, չհանձնվեք մեկ շաբաթ): Այնպես որ, կարգավորեք ձեր քունը, մի թողեք այն ինքնահոս: Դա ոչ թե սահմանափակում է, այլ հնարավորություն. հնարավորություն աշխատելու ավելի շատ և հանգստանալու ավելի շատ:

Հ.Գ.
Օրվա միջին հատվածը ղեկավարեք Ձեր հայեցողությամբ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Հրաչյա ջան, շատ արդիական է ինձ համար: Այնպիսի տպավորություն էր, որ իմ մտքերն եմ կարդում` միայն մեկ տարբերությամբ, դեռ չեմ արթնանում այդքան շուտ, բայց դա իմ to do ցուցակում է:`)

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»