Անձնային աճ

Մտքերով մարդը կարող է բժշկել իրեն

Մենք դեռ այդքան զարգացած չենք. զարգացած չենք, որպեսզի հասկանանք այն, ինչը հասկանալու ենք հարյուրավոր տարիներ անց: Մտքի ուժը/ազդեցությունը մնում է առայժմ չբացահայտված: Այն, որ մտքերով մարդը կարող է ղեկավարել իր օրգանիզմը, մասնավորապես՝ բժշկել իրեն, մենք չենք կարողանում բացատրել: Սակայն բացատրել չկարողանալ չի նշանակում, որ դա այդպես չէ. պարզապես մենք դեռ չենք հասկանում մեխանիզմը: Պլացեբոյի օրինակը հայտնի է բոլորին: Մարդուն տալիս են հաբեր, որն իրականում անպիտան, օրինակ, շաքարի կտոր է և հավատալով, որ իրեն տվել են ուժեղ դեղամիջոց՝ մարդու օրգանիզմում տեղի են ունենում դրական փոփոխություններ. «դեղը» կարծես ազդում է: Իրականում ազդում է ոչ թե «դեղը», այլ մարդու մտքերը. մարդն իրեն ծրագրում է, որ բուժվելու է:

Կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդը բժշկվում է անբուժելի համարվող հիվանդությունից մտքերի, հիվանդության հանդեպ իր վերաբերմունքի շնորհիվ: Ժամանակակից բժշկությունը չի կարողանում բացատրել դա: Սակայն բացատրությունը, ինչպես ասեցի, գալու է հետագայում, իսկ առայժմ՝ պարզապես պետք է հավատալ և փորձել: Չէ՞ որ եթե աշխարհում կա գոնե մեկ մարդ, ում վրա դա ազդել է, ուրեմն մյուսների վրա էլ կարող է ազդել: Իսկ նման օրինակները շատ են:

Վերջերս կարդում էի մի հոդված ամերիկացի գիտնական, գենաբան Բրյուս Լիպտոնի հետազոտությունների մասին: Մարդը, ով տասնյակ տարիներ շարունակ իր կոլեգա գիտնականների պես հավատացել է, որ մարդու կյանքը ծրագրված է իր գեներում, այսինքն դրանք են որոշում քո ունակությունները, բնավորությունը, հակումը այս կամ այն հիվանդության հանդեպ, հետագայում հետազոտությունների արդյունքում եկել է եզրակացության, որ մարդու մտքերը կարող են փոխել իր գենետիկական կոդը: Այսինքն, մենք պարտավոր չենք ունենալ այն կյանքը, որը գրված է մեր գեներում և որը մեզ համար նախատեսել է բնությունը. մենք դա կարող ենք փոխել: Մեջբերեմ հատված հոդվածից.

Մարդու և երկրագնդի վրա բնակվող մյուս բոլոր կենդանի օրգանիզմների հսկայական տարբերությունը կայանում է նրանում, որ մարդը կարող է փոխել իր օրգանիզմը, բժշկվել մահացու հիվանդություններից և նույնիսկ ձերբազատվել ժառանգական հիվանդություններից՝ օրգանիզմին տալով համապատասխան հրահանգ: Մենք պարտավոր չենք լինելու մեր գենետիկական կոդի և արտաքին հանգամանքների զոհը: Հավատացեք, որ դուք կարող եք բժշկվել և դուք կբժշկվե՛ք ցանկացած հիվանդությունից:

Հիանալի հոդված է, որն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Դիտեք նաև գիտնականի փոքրիկ հարցազրույցը:

Ավելի խորանալով Բրյուս Լիպտոնի հետազոտությունների մեջ՝ փորձեցի հասկանալ, թե որն է, ըստ գիտնականի, այս ամենի բացատրությունը: Այստեղ էլ ծանոթացա ցողունային բջիջների (стволовые клетки) հասկացությանը: Դրանց մասին առայժմ երկար չեմ խոսի, քանի որ դեռ ուսումնասիրությունների փուլում եմ, ուղղակի կարճ ասեմ, որ ցողունային բջիջները մարդու օրգանիզմում «չեզոք» բջիջներ են, որոնք կարող են վերափոխվել օրգանիզմի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների և հենց դրանց վրա է մարդը ունակ ազդել իր մտքերով: Եթե ձեզ նույնպես հետաքրքրեց սա, կարող եք դիտել ներքևում գտնվող տեսանյութը:

Եվ վերջապես, որպեսզի հասկանալ ցողունային բջիջների առանձնահատկությունը և դրանց տարբերությունը մյուս բջիջներից, որոշեցի կարճ ժամանակ ծախսելով՝ փորձել հասկանալ մարդու օրգանիզմի բջջային կառուցվածքը: Դա մեկ այլ աշխարհ է, որում հայտնվել գոնե մեկ ժամով՝ խորհուրդ կտամ նաև ձեզ:

Ամփոփելով հոդվածը՝ ուզում եմ ասել հետևյալը. մենք դեռ գտնվում ենք գիտակցության սահմանափակ մակարդակներում, որպեսզի հասկանանք այն, թե ինչ է կատարվում իրականում: Բայց բախվելով կոնկրետ խնդիրների, մենք փորձում ենք դուրս գալ գիտակցության այդ մակարդակներից, քանի որ ինչպես ասել է Էնշտեյնը. «խնդիրը հնարավոր չէ լուծել գիտակցության այն մակարդակում, որում այն ծագել է»: Որպեսզի այդ դուրս գալու պրոցեսը ստացվի, պետք է հավատալ և փորձել: Ես միշտ հավատացել եմ, որ մտքերով է մարդը գծագրում իր կյանքը, ամեն ինչ որոշվում է մարդու ներսում, այլ ոչ թե արտաքին աշխարհում: Արտաքինը ներքինի արտացոլանքն է միայն: Այնպես որ, հարգելի ընթերցող, եթե բախվել եք կոնկրետ խնդրի, փորձեք լուծել այն ձեր ներսում, ձեր մտքերում: Փորձեք լուծել այն ոչ թե գիտակցության 5%-ում, այլ ավելի լայն՝ ենթագիտակցության 95%-ում: Եվ խնդիրը կլուծվի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»