« »

5 դասեր, որոնք ստարտափները պետք է քաղեն ggTaxi-ից

ggTaxi

ggTaxi-ին հայկական այն ստարտափներից է, որոնց կարելի է անվանել հաջողակ: Սկսելով 1,5 տարի առաջ ընդամենը գաղափարից՝ ստարտափն այս կարճ ժամանակահատվածում կարողացավ վստահ մուտք գործել տաքսիների շուկա, ձեռք բերել հազարավոր գոհ հաճախորդներ, ներգրավել $200 000-ից ավելի ներդրումներ, հաղթել տարբեր հեղինակավոր մրցույթներում և շուտով պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Որպես մարդ, ով ծանոթ է ստարտափին բավական մոտ, ուզում եմ կիսվել այն 5 գործոններով, որոնք, իմ կարծիքով, դարձան ստարտափի հաջողության պատճառը:

Ճիշտ ընտրված շուկա

Հայաստանում, մասնավորապես Երևանում, տաքսիների շուկան բավական զարգացած և եկամտաբեր է: Դուք ինքներդ էլ տեսած կլինեք, թե որքան տաքսի է հանդիպում մեր փողոցներում: ggTaxi-ն մտավ տաքսիների արդեն գոյություն ունեցող շուկա, որտեղ տաքսի պատվիրելու հին մեթոդներն էին դեռ գործում, դարձրեց այն նորարար և շարունակում է փոխել: Դա նրան հաջողվում է: Սմարթֆոնով տաքսի պատվիրելու առավելությունները ես զգում եմ շաբաթը մի քանի օր, հուսով եմ՝ դուք նույնպես:

Արագ մուտք

Ստարտափներին վերաբերվող արտասահմանյան տարբեր հոդվածներում կամ գրքերում, կարծում եմ, հանդիպած կլինեք lean startup-ի սկզբունքը, ըստ որի գաղափարից իրագործում անցումը պետք է լինի շատ արագ՝ առանց անվերջ մտածելու և պրոդուկտը կատարելագործելու: Պետք է սկսել ինչ-որ բան անել, ապա ստանալ հաճախորդների հետադարձ կապը և հետագա քայլերն ու փոփոխություններն անել դրանից ելնելով: Ակնհայտ է թվում, այնպես չէ՞: Հավատացեք՝ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, երբ տեսականից անցնում ես գործնականին:

ggTaxi-ի դեպքում գաղափարից մինչև առաջին հավելվածի ստեղծումը և շուկա մուտք գործելը տևեց 3 ամիս: Այսինքն, ընդամենը 3 ամիս անց ստարտափն արդեն ուներ առաջին հաճախորդները և թեկուզ քիչ, բայց գումար էր աշխատում: Շատ լավ եմ հիշում այդ օրերը, թե ինչպես էին առաջին հաճախորդները բողոքում, որ մեքենաներն ուշ են մոտենում կամ հավելվածում թերություններ կան: Բայց դա սկիզբն էր: ggTaxi-ն շարունակում էր կատարելագործվել ու կատարելագործվել, և ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ դժգոհ հաճախորդներն են ետ վերադառնում, երբ իրենց առաջարկվում է հարմարավետություն:

Հաճախորդների հանդեպ հոգատարություն

Հաճախորդները սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում. դրա համար նրանք պատրաստ են նույնիսկ ավել վճարել: ggTaxi-ի հաճախորդներն ավել չեն վճարում, բայց իրենց նկատմամբ հոգատարությունը, կարծում եմ, զգում են գրեթե բոլորը: Արագ մոտեցող մեքենաներ, հոգատար վարորդներ, խնդիրներն արագ լուծող օպերատորներ, անվճար երթեր կամ նույնիսկ ամռան տապին՝ սառը սուրճի հյուրասիրություն. սա մի մասն է այն ամենի, թե ինչպես է ggTaxi-ն վերաբերվում իր հաճախորդներին: Եվ դա նրա հաջողության գրավականներից է: Տաքսի պատվիրած հաճախորդը զգում է, որ իրեն առանձնահատուկ ծառայություն է մատուցվում:

Համառություն և հավատ

Պատկերացրեք, որ ունենալով խիստ սահմանափակ ֆինանսական հնարավորություններ, դուք պետք է ստեղծեք երկու բջջային հավելված և կայք, ապա պետք է դուրս գաք փողոց, գտնեք տաքսու վարորդներ, ովքեր ունեն սմարթֆոն, պատմեք նրանց ձեր պրոդուկտի մասին, փորձեք ներկայացնել առավելությունները, այդ ընթացքում ընկերության աշխատակիցների մեծ մասը կլքեն ընկերությունը՝ չհավատալով հաջողությանը, դրան գումարած հաճախորդների դժգոհ զանգերը, ընկերների հորդորները, որ Հայաստանում դա չի աշխատի, կարծում ե՞ք հեշտ է նման պայմաններում սկսել և առաջ գնալ: ggTaxi-ի հիմնադիրների և թիմի առանցքային անդամների հավատն ու համառությունը ստիպեց միայն այդ դժվար ամիսներին չհուսահատվել և կանգ չառնել, ինչ շնորհիվ նրանք այսօր ունեն այն, ինչ ունեն:

Մասշտաբային մտածելակերպ

Ինչպես նշեցի սկզբում, ggTaxi-ն շուտով դուրս կգա Հայաստանի սահմաններից և առաջին երկիրը, որում այն կհանգրվանի, Վրաստանն է: Դա արեց, օրինակ, menu.am-ը, և դա շուտով կանի ggTaxi-ն, և Վրաստանը միայն սկիզբն է: Այժմ դա անհավատալի չի թվում, այնպես չէ՞: Սակայն միշտ չէ այդպես եղել: Հիշում եմ, թե ինչպես տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ստարտափի հիմնադիրները, ներկայացնելով իրենց շուկան, պատմում էին, որ Հայաստանը միայն սկիզբն է, որում ամուր հաստատվելով՝ իրենք հնարավորություն կունենան մտնել տարածաշրջանի այլ երկրներ, որտեղ մրցակցությունը թույլ է, այդ խոսքերը շատերի մոտ վստահություն չէին ներշնչում: Իսկ հիմա դա ավելի քան իրական է հնչում:

Եվ չնայած միջազգային շուկա մտնելու դեռ սկիզբն է միայն, բայց երբ խոսում ենք տեսլականի մասին, շատ կարևոր է հենց սկզբից ունենալ մասշտաբային մտածելակերպ, այսինքն սկսել փոքրից, բայց մտքում պահել մեծը: Դա մոտիվացնում է և չի թողնում հանձնվել դժվար պահերին: Դուք կարող եք սկսել մեկ կրպակից, բայց մտքում պահել, որ 4 տարի անց ունենալու եք սուպերմարկետների ցանց, ինչը կստիպի ձեզ ավելի եռանդով աշխատել և մանր խնդիրներից չհուսահատվել:

ggTaxi-ի ճանապարհը դեռ նոր է սկսում, բայց սկիզբը շատ խոստումնալից է: Հուսով եմ՝ ներկայացված կետերը կօգնեն ձեզ հաջողությամբ կառուցել ձեր ստարտափը և դառնալ հաջողվածներից մեկը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Ամեն կերպ պիտի անենք, որ Հայկական ընկերությունները դուրս գան այլ շուկաներ, ապրեն տղեքը հալալա, ես էլ ոչ մի տաքսուց չեմ օգտվում….

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով: