Մտորումներ

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Սովորաբար մենք տեսնում ենք մեզ առանձին. կանք ԵՍ և շրջակա աշխարհը: Շրջակա աշխարհում կա մեր ընտանիքը, բարեկամությունը, պետությունը, հետո գալիս է մեր մոլորակը՝ Երկիրը, այնուհետև այլ մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ… Գալակտիկաներից հետո գալիս են էլի ինչ-որ բաներ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրում ենք, մի մասն անհայտ է, մի մասն էլ երբեք չենք բացահայտի: Շատ կարևոր է գիտակցումը, որ այս ամենը մի Մեծ Օրգանիզմ է, իսկ մենք այդ Օրգանիզմի մի մասը: Միգուցե դա այն օրգանիզմներից է, որոնց մենք պայմանական անվանում ենք կենդանի, բույս, ջուր կամ միգուցե առայժմ անհայտ ինչ-որ օրգանիզմ է: Ինչևէ, ինչպես ցանկացած օրգանիզմ, այս Օրգանիզմը նույնպես բաղկացած է փոքր մասնիկներից, որոնցից մեկն էլ մենք ենք: Այսինքն, մենք առանձին չենք, մենք ընդհանուր Օրգանիզմից ենք և մեզ բոլորիս ինչ-որ բան է կապում: Երբ հասկանում ես սա, սկսում ես հասկանալ մի շարք բաներ:

Հասկանում ես, թե ինչու պետք է սիրել բոլոր մարդկանց, կենդանիներին, բույսերը, ջուրն ու հողը, որովհետև դրանք մի մասն են Մեծ Օրգանիզմի: Որպեսզի Օրգանիզմն իրեն լավ զգա, պետք է յուրաքանչյուր մասնիկ իրեն լավ զգա:

Հասկանում ես, որ Օրգանիզմին պետք չէ վնասել, դրա մասնիկներին պետք չէ վնասել, քանի որ այդպես մենք մեզ ենք վնասում:

Հասկանում ես, որ չնայած մենք շատ փոքր ենք Մեծ Օրգանիզմում, բայց ինչ-որ չափով այդ Օրգանիզմի վրա կարող ենք ազդել՝ լավացնել, առողջացնել: Մենք դրա մասնիկների վրա կարող ենք ազդել:

Հասկանում ես, որ նյութականը ոչինչ է, եթե դա չի օգնում լավացնել Օրգանիզմը:

Հասկանում ես, որ ինչի էլ որ կյանքում հասնենք, ինչ էլ անենք, ինչ էլ ստեղծենք, մեծամտանալ պետք չէ, քանի որ դա լինելու է աննշան մի կետ Հսկայական Օրգանիզմում:

Պետք է ձգտել լինել Օրգանիզմի լավագույն մասնիկը և լավացնել այն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»