Անձնային աճ Օգտակար խորհուրդներ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Շարունակում եմ գրել երկրորդ գիրքս` «Կամքի ուժը»` սովորությունները ղեկավարելու մասին: Գրում եմ ու նկատում մի քանի օրինաչափություններ, որոնք, կարծում եմ, նպաստում են հասկանալի և հեշտ ընթեռնելի գիրք գրելուն: Ուզում եմ այդ փորձով կիսվել նաև ձեզ հետ:

Մինչև հրապարակելը` կարդացեք գիրքը մի քանի տասնյակ անգամ

Նոր գրված գիրքը նման է չմշակված ադամանդի, որը պետք է անընդհատ հղկել: Երբ գիրք ես գրում, այդքան ժամանակ ես ծախսում (ի տարբերություն էներգիայի, որը ոչ թե ծախսում ես, այլ ձեռք բերում և դա է նշանը, որ Քո գիրքն ես գրում) և ամբողջ ծավալը պատրաստ է, ուզում ես հնարավորինս շուտ այն տպագրել: Բայց այստեղ համբերություն է պետք: Ես ամեն օր կարդում եմ գիրքը սկզբից: Պատկերացնո՞ւմ եք. ամեն օր կարդալ նույն բանը, որն արդեն վերջացրել ես: Բայց ամեն անգամ կարդալուց ինչ-որ բառեր եմ գտնում, որոնք կոտրում են ընթերցանության սահունությունը: Գտնում եմ ինչ-որ արտահայտություններ, որոնք պետք է այլ կերպ ձևակերպել: Գտնում եմ մտքեր, որոնք կրկնվում են, «ծեծված են», պետք է հեռացնել: Դա կարող է լինել մեկ կամ երկու բառ մի քանի էջ ծավալում, բայց հենց այդ մի քանի` սխալ տեղում գտնվող բառերն են մտքի ընթացքը կոտրում, «ծեծված», կրկնվող մտքերն են գիրքը ձանձրալի դարձնում, սխալ ձևակերպված արտահայտություններն են պարզ ասելիքները բարդացնում: Ուստի, ամեն անգամ կարդալուց, մի քանի բառ փոխելուց, գիրքը դառնում է ավելի հղկված, սահուն է կարդացվում և դա է գաղտնիքը հեշտ կարդացվող գիրք գրելու:

Պետք չէ շտապել, պետք է համբերությամբ զինվել և նույնիսկ երբ թվում է, թե գիրքը պատրաստ է, տասնյակ անգամներ այն ընթերցել և ամեն ընթերցումից հետո` մի փոքր ավելի լավը դարձնել: Գիրքը պատրաստ է, երբ վերջին ընթերցումից հետո դուք հասկանում եք, որ միտքը սահուն է գնում և ոչ մի տեղ չի ընդհատվում:

Կարդացեք գիրքը օրվա տարբեր ժամերին

Տասնյակ անգամներ գիրքը կարդալը կարևոր է, բայց երբ ես կարդում եմ գիրքն առավոտյան, ընկալումս այլ է, քան երբ այն կարդում եմ, օրինակ, ժամը 4-ին և բոլորովին այլ, երբ այն կարդում եմ կեսգիշերին: Ինչ-որ մտքեր, որոնք ինձ դուր են գալիս առավոտյան, շատ դժվար են կարդացվում կեսգիշերին: Դուք չգիտեք, թե որ ժամին է կարդալու գիրքը ընթերցողը, ինչպիսի տրամադրությամբ, ինչպիսի պայմաններում, ուստի պետք է գիրքն անընդհատ կարդալ և հղկել տարբեր ժամերին, մինչև բառերը կդասավորվեն այնպես, որ դրանք դուր կգան ձեզ և՛ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ կեսգիշերին:

Մի փորձեք ծավալ ապահովել: Ասեք միայն այն, ինչը կարևոր եք համարում

Ես կուզեի, որ այս հոդվածը կոչվեր «10 կանոններ լավ գիրք գրելու»: Բայց այդ 10 կանոնները ես չունեմ, ենթագիտակցությունս ինձ միայն նախորդ երկու կետն է թելադրում: Դրանք են ինձ համար կարևոր և դա եմ ես ուզում փոխանցել ձեզ: Իհարկե, եթե երկար մտածեմ, կգտնեմ ևս 8 կետ, թե ինչպես են լավ գիրք գրում, բայց դա կդառնա արհեստական, կլինի ինքնախաբեություն, լրացուցիչ այդ 8 կետի մեջ չի լինի կարևորություն և ընթերցողը դա կզգա: Ուստի մի փորձեք ծավալ ապահովել, գրեք միայն այն, ինչ այդ պահին թելադրվում է ներսից, ինչը ստացվում է ինքնըստինքյան, իսկ մնացած մասերը, երբ ուղեղի վրա ուժ եք գործադրում, փորձում եք հարկադրաբար ինչ-որ բան գրել, ընթերցողին պետք չեն: Առայժմ այսքանը, այս հոդվածը գրվեց 5 րոպեում, իսկ հղկվեց` 50-ում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»